«Մինչև 2018 թվականը երևի թե չկար հայ, որը Ցեղասպանության խնդիրը, Արցախի անկախությունը դներ կասկածի տակ». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը  չի փոշմանել, որ  ընտրել է քաղաքացի մնալու ճանապարհը՝ հակառակ կոմֆորտում տեղավորվելու հնարավորությանը:

«Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ ի պատասխան մոդերատորի հարցի՝ այս մասին նշեց Արմինե Օհանյանը՝ նկատելով. «Առհասարակ, 30 տարվա ընթացքում գրածս ոչ մի տողից ու ոչ մի հոդվածից չեմ հրաժարվում»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նաև անդրադարձավ հանրային առկա տրամադրությունների մասին հարցադրմանը:

«Մեր հանրային դաշտը շատ խայտաբղետ է և շատ ավելի փոքր սեգմենտներից է կազմված, քան գուցե թե այլ երկրների հասարակությունները, որովհետև մանավանդ 2018 թվականից հետո շատ ավելի մեծացան մեր տարաձայնությունները հանրային դաշտի տարբեր սեգմենտների միջև: Դա գալիս է նրանից, որ գուցե առաջ ունեինք միասնական նպատակներ, գաղափարներ, երազանքներ, իսկ 2018 թվականից հետո այդ նպատակները, երազանքները, գաղափարներն այնքան փոշիացան, մանրացան, որ հասարակությունը խիստ պառակտվեց և դարձավ մի խայտաբղետ բազմություն,- արձանագրեց նա և հավելեց,- Այս խառնաշփոթը մի կողմից՝ արհեստականորեն ստեղծվեց հենց իշխանությունների կողմից, մյուս կողմից՝ նաև ինչ-որ բնական պրոցեսների հետևանք էր:

Կարդացեք նաև

Մինչև 2018 թվականը երևի թե չկար հայ, որը Ցեղասպանության խնդիրը կամ Արցախի անկախությունը դներ կասկածի տակ: Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որովհետև դա համընդհանուր պարսավանքի կարող էր արժանանալ: Բանակի հանդեպ կար համընդհանուր սեր, հարգանք, մեծարում»:

Արմինե Օհանյանն առկա իրավիճակը որակեց ողբերգություն:

Ըստ նրա՝ իշխանությունները մի կողմից՝ փորձում են հանել գաղափարական հենքը, արժեհամակարգը, մյուս կողմից՝ անվստահություն ներշնչում գրագետ խոսքի, մարդու, լրատվամիջոցների հանդեպ՝ դաշտ ստեղծելով «պերֆեկտթիվիների» համար:

«Ու մի պղտոր դաշտ է ստեղծվել, որտեղ կարող են կեղծ արժեքներ, անազնիվ, ՀՀ  երկրի շահին դեմ գնացող մարդիկ ունենալ մեծ հաջողություններ»,- ասաց բանախոսը՝ այս համատեքստում հիշելով «Դոգի ֆենոմենի» մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս