«Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ բան քննարկել Արցախի հետ, բացի Արցախի ինտեգրումից Ադրբեջանին». Քաղաքագետ
ՀՀ իշխանությունները, մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց հարցը, թե ինչի շուրջ են երկխոսում Ստեփանակերտն ու Բաքուն, ասելով, թե այդ հարցերն իրեն չեն վերաբերում, պետք է ուղղել Արցախի իշխանություններին։
Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նույն օրը կրկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի կողմից Արցախին Բաքվի հետ միայնակ թողնելը նշանակում է դեմ չլինել Արցախի ադրբեջանականացմանը։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովը Ստեփանակերտի և Բաքվի միջև մեկնարկած երկխոսության և ընդհանրապես Արցախին միայնակ թողնելու Բաքվի հետ երկխոսելու գաղափարի մասին նախ ասաց՝ եթե այս պահին երկխոսությունն ընթանում է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար, ապա տեսականորեն հնարավոր է, որ Արցախը հասնի դրան, սակայն Ադրբեջանի պահանջների մի մասը կատարելու պարագայում։
«Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը ճանապարհի ապաշրջափակման հարցն օգտագործելով՝ փորձելու է իր պայմանները թելադրել Արցախին ու հասնել նրան, որ դրանք կատարի։ Ըստ երևույթին այդպես էլ կլինի։
Միաժամանակ Ադրբեջանը ցուցադրաբար կարող է այդ ճանապարհը բացել՝ ի ցույց միջազգային հանրությանը, որպեսզի ցուցադրի իր «բարի կամքը»։ Սակայն չկա որևէ երաշխիք, որ մի քանի օր հետո կրկին այն չի փակի։ Այդուհանդերձ սա շատ վտանգավոր ճանապարհ է, քանի որ Ադրբեջանն ամեն անգամ ճանապարհի հարցը կօգտագործի որպես լծակ՝ իր պահանջներն այլ մակարդակի վրա բարձրացնելու համար»,- նշեց քաղաքագետը։
Նա հիշեցրեց Ադրբեջանի ներկայացրած պահանջներից մեկը՝ Բերձորի ճանապարհին անցակետեր տեղադրելու վերաբերյալ, ընդգծելով, որ այս հարցը լուրջ ու բարդ է։
«Եթե Ադրբեջանը անցակետեր տեղադրելու դիմաց պետք է բացի ճանապարհը, ապա դրա իմաստն այլևս չկա, քանի որ արդյունքում ստացվում է, որ նա շարունակում է անմիջապես վերահսկել ճանապարհը։ Կրկնում եմ՝ իրավիճակային հարցի լուծման տեսանկյունից ճանապարհի բացումը երկխոսությամբ հնարավոր է, բայց ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանն Արցախի հետ կարող է նստել ու երկխոսել ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դավիթ Հարությունովը նկատեց՝ այս ամենի համատեքստում ակնհայտորեն նկատելի է դառնում, որ Արցախի վրա ճնշումը մեծանում է, այդ ամենի ապացույցը հրադադարի հաճախակի խախտումներն են թշնամու կողմից։
«Ամբողջ հարցը նաև այն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ Արցախի հարցը քննարկել։ Իհարկե, իդեալական տարբերակն այն կլիներ, որ Հայաստանը մասնակցեր բանակցություններին, և այստեղ շատ ավելի վտանգավոր է այն, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի համար բանակցել։
Եթե ինչ-որ փուլում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը հումանիտար հարցերից վերածվի այլ մակարդակի երկխոսության, ապա, կրկնում եմ՝ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կհամաձայնի ինչ-որ բան քննարկել Արցախի հետ, բացի նրանից, ինչի համար փակել է ճանապարհը՝ Արցախի ինտեգրում Ադրբեջանի կազմ։ Հակառակին հավատալը պարզապես կլինի հեքիաթների ժանրից»,- եզրափակեց Դավիթ Հարությունովը։