«Հայաստանը փաստացի հարաբերությունների նոր համակարգի մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի, Արևմուտքի հետ». Դավիթ Հարությունով
CNN Turk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել: Տարածքային հարցը հատկապես բարդ է։
«Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային որոշակի դժվար ընտրություն կատարել… մեծ կորուստները կանխելու համար, այսինքն՝ ավելի մեծ բարիքի համար։ Մենք պետք է կանխենք այստեղ աղետը, վերացնենք չարիքը… Հետևաբար՝ պետք է ընտրություն կատարվի: Գիտեմ, որ սա դժվար է նրանց համար: Հատկապես դժվար է տարածքների հարցը: Աստված մի արասցե, որ որևէ մեկը նման բան ապրի»,- ասել է Ֆիդանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Աշգաբադում ընթացող Խաղաղության և վստահության միջազգային համաժողովում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական նախաձեռնություններին։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը չի բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի կարող կանգնեցվել, սակայն այն խնդիրները, որոնք վերջին տարիներին եղել են կարգավորման հետ կապված՝ պահպանվում են, մոդիֆիկացված տեսքով՝ բայց այդ խնդիրները կան։
«Կան գործոններ, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը, առաջին հերթին դա Ուկրիանայում աճող ռազմական խնդիրներն են, իսկ Ռուսաստանն առաջ է գնում, քանի որ իր ունեցած ռեսուրսները մեծ են։ Երկրորդ գործոնը վերաբերում է ԱՄՆ-ի աջակցության հետ կապված իրավիճակի փոփոխությանը, այսինքն՝ այն անվերապահ աջակցությունը, որը նախագահ Բայդենի ժամանակ կար, հիմա չկա։ Կա ևս երրորդ գործոնը, որը կապված է Եվրամիության դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններին, ինչն էլ ազդում է պրոցեսի վրա։
Հիմա մտավախություն կա, որ իրավիճակը գնալով Ուկրաինայի համար ավելի կարող է բարդանալ և խաղաղության գնալու պայմաններն ավելի վատը լինեն, քան հիմա են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ խնդիրներ կան նաև կապված Ուկրաինայի հաշվարկների հետ, թեպետ ռազմական իրավիճակը գնալով ավելի է բարդանում, բայց դա շատ դանդաղ է տեղի ունենում։ Հետևաբար՝ Ուկրաինան մտածում է այս ճանապարհով պրոցեսը երկարացնել ու սպասել, թե երբ Ռուսաստանում վիճակը կապակայունանա։
«Խաղաղության գործընթացին այս պահին խանգարում են նաև ուկրաինական ներքաղաքական գործընթացները, որոնք ուղիղ ազդում են այդ երկրի նախագահի կայացրած որոշումների վրա։ Դրանցից մեկն, օրինակ, տարածքների զիջումն է Ռուսաստանին, այս պահին Զելենսկին չի ցանկանում նման որոշում կայացնել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը երկրում կարող է ստեղծվել դրանից հետո։ Բնականաբար, եթե իրավիճակը կտրուկ ուկրաինական կողմի համար վատանա, դա նրան կդրդի զիջումների»,- նշեց մեր զրուցակիցը։
Դավիթ Հարությունովի կարծիքով՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցվի, ապա դա այդքան մեծ ազդեցություն չի ունենա Հարավային Կովկասի վրա առաջիկա մի քանի տարիներին, այսինքն՝ կտրուկ փոփոխություն չի լինելու, բայց այն, որ Ռուսաստանն ավելի շատ ուշադրություն կդարձնի այս տարածաշրջանին, փաստ է։
«Այս ընթացքում մեր տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, այսինքն՝ Արցախը չկա, Հայաստանը փաստացի հարաբերությունների նոր համակարգի մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի ու Արևմուտքի հետ։ Իսկ Ադբեջանն էլ ամբողջովին փոխել է իր դիրքավորումը. այս պահին դիրքավորված է՝ որպես տարածաշրջանի տերություն։ Ադրբեջանը նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում է վերջին շրջանում այլ կերպ դիրքավորվել»,- հավելեց նա։
Շարունակելով՝ քաղաքագետը նաև ընդգծեց՝ Ռուսաստանի համար դժվար կլինի շատ արագ փոխել այն իրավիճակը, որն այս պահին ստեղծվել է տարածաշրջանում։ Վերջին 5 տարում տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններն ի վնաս ՌԴ դիրքերի է եղել, ինչը կարող է փոխվել երկար տարիների ընթացքում միայն։
