Լաչինի շրջափակումը պարտադրանք է, որ Թուրքիայի առաջադրած նախապայմանն ընդունենք. Հակոբ Չաքրյան
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ այս ընթացքում Թուրքիան հասցրել է մի քանի անգամ պաշտոնական մակարդակով իր համերաշխությունը հայտնել Ադրբեջանի գործողություններին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրեր առաջ մասնավորապես նշել էր. «Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է։ Այնտեղ ռուսները ևս խաղաղապահ առաքելություն ունեն, բայց մյուս կողմից՝ միջազգային իրավունքին էլ չի համապատասխանում, հակասությունն այն է, որ Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում։ Դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները: Այդ իսկ պատճառով էլ մենք այս իրավացի պայքարում աջակցում ենք Ադրբեջանին»:
Այսօր արդեն Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Լաչինի ճանապարհին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են: Չավուշօղլուն հավելել է՝ Թուրքիան համերաշխ է Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։
Արդյո՞ք նման հայտարարությունների համատեքստում Հայաստանը պետք է շարունակի հիշյալ կարգավորման գործընթացը՝ 168.am-ը հետաքրքրվեց թուրքագետ Հակոբ Չաքրյանից:
Թուրքագետն ի պատասխան՝ նկատեց՝ եթե հայկական կողմը հրաժարվի այդ գործընթացից, Թուրքիան ի լուր աշխարհի աղմուկ կբարձրացնի, թե՝ մենք ուզում էինք Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնել, մինչդեռ իրենք չցանկացան:
«Սակայն հենց Թուրքիան է 1991 թվականից հրաժարվել ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերութուններից՝ առաջադրելով երեք նախապայման և դրանք պայմանավորելով երրորդ երկրի հետ:
Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ անմիջական հարևանների հետ նախապայմաններ առաջադրելու միջոցով դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այն էլ՝ երրորդ պետության համար, համարվում է թշնամանքի ակնհայտ դրսևորում:
Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացն իրականում նորմալացման գործընթաց էլ չէ. Թուրքիան ընդամենը պետք է սահմանը բացի, ընդ որում, այդ սահմանը փակել է 1993 թվականին, իսկ մենք ի պատասխան՝ սահմանը չենք փակել: Եթե Թուրքիան նորմալացման հարցում անկեղծ լիներ, ոչ թե գործընթաց կսկսեր, այլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեր»,- հավելեց Հակոբ Չաքրյանը:
Նա նաև նշեց, որ այս գործընթացում կա ՌԴ գործոնը, ինչին, ըստ նրա, անդրադարձել էին նաև թուրքական պարբերականները՝ նշելով, որ նորմալիզացիայի գործընթացը Մոսկվայի նախաձեռնությունն է :
Իսկ առհասարակ, թուրքագետին չի զարմացնում թուրքական կողմի համերաշխությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական գործողություններին, քանի որ դա մշտապես փաստվել է:
Թուրքագետը նաև հիշեցրեց, որ թեև գործընթացի սկզբում հայտարարվել էր, որ հարաբերությունները պետք է զարգանան առանց որևէ նախապայմանի, այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով:
«Առաջ ասում էր՝ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանագիր կնքի, դրանով կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը: Իսկ Լաչինի շրջափակումը պարտադրանք է, որ նրա առաջադրած նախապայմանն ընդունենք, այսինքն՝ Արդբեջանի հետ հաշտության պայմանագիրը ստորագրենք»,- ամփոփեց Հակոբ Չաքրյանը: