Շատ անհասկանալի է ոչ միայն Երևանի այսօրվա դիսկուրսը խաղաղության շուրջ, այլև ընդհանրապես հետպատերազմյան դիսկուրսը, որ կա Երևանում. Վիգեն Չետերյան
Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանը համոզված է՝ Արցախի հայության ապագայի, լինել-չլինելու հարցի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի իշխող ղեկավարությունն է: Ըստ նրա՝ սա պատմական պատասխանատվություն է:
– Արցախը, 11 օր է՝ շրջափակված է, ու չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, շարունակում են խոսել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, իշխանամերձ շրջանակները չեն բացառում խաղաղ համակեցությունը։ Հակասություններ չկա՞ն Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի քայլերի միջև:
– Թե դիսկուրսի, թե քաղաքականության մակարդակով շատ անհասկանալի իրավիճակ է Հայաստանում: Անշուշտ, Ձեր շեշտադրումը շատ ճիշտ է. իշխանություններն իրենք չեն կարող բացատրել՝ քաղաքական ինչ հանգրվանի մեջ ենք, վտանգները որտեղ են: Ոչ միայն շրջափակումը, նաև սեպտեմբերին մենք տեսանք երկու օրվա մեջ ահավոր պատերազմ. հայկական կողմն ունի 230 զոհ, նման դրվագները կարող են շարունակվել՝ հասնելով մինչև 2021 թ. մայիս:
Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը պատերազմից հետո մի քանի ամիս վերանայեց իր քաղաքական հնարավորությունները, բայց 2021 թվականի մայիսի սահմանային դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանն արդեն որոշում էր կայացրել և այդ որոշման մեջ դարձյալ շարունակելու է ուժային միջոցներով Հայաստանին պարտադրել մաքսիմումը, որ կարող է:
Եվ սա միայն Արցախի հարցը չէ, այլ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարց է: Այս համատեքստում շատ անհասկանալի է ոչ միայն Երևանի ղեկավարության այսօրվա դիսկուրսը խաղաղության շուրջ, այլ ընդհանրապես, այսօր հետպատերազմյան դիսկուրսը, որ կա Երևանում։ Մենք բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղությունը միակողմանի չի կարող լինել:
– 11 օր շարունակ խոսվում է իրավիճակի պատասխանատուների մասին. իշխանություններն ուղիղ մեղադրում են ռուսական կողմին՝ պարտավորությունների չկատարման մեջ, Հայաստանը պատասխանատվություն չունի՞ այս իրավիճակում: Արդյո՞ք 2021-2026 թթ. գործող Կառավարության ծրագրում առկա՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի երաշխավորը, ձևակերպումը չի ենթադրում այդ պատասխանատվությունը:
– Միայն Ձեր նշած փաստաթուղթը չէ. Հայաստանի անկախացման շարժումը սկսվեց Ղարաբաղի հարցով: Եվ Երևանի մեջ իշխող վերնախավը 30 տարի ի վեր Արցախի հարցում պատասխանատվություն ունեն: Արցախն օգտագործվեց ՀՀ վերնախավի կողմից իրենց լեգիտիմության հարցերը լուծելու համար: Ուրեմն, այն մեկ փաստաթղթի վրա հիմնված չէ. Հայաստանի անկախացման պրոցեսի մեջ Ղարաբաղի հարցը՝ Արցախի հարցը, ունի հիմնական դեր: Եվ այսօր Ղարաբաղի հայության ապագայի, լինել-չլինելու հարցի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի իշխող ղեկավարությունն է: Սա պատմական պատասխանատվություն է. մեկ կամ երկու փաստաթղթի հարց չէ: Հայաստանի անկախությունը չէր լինելու, եթե չլիներ Ղարաբաղի շարժումը: Հայաստանի անկախացման շարժման անունը Ղարաբաղի շարժում էր:
– «Պատերազմ և խաղաղություն Կովկասում. էթնիկ հակամարտությունը և նոր աշխարհաքաղաքականությունը 2009 թ.» ձեր աշխատությունում Դուք անդրադարձել էիք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Այսօր այդ տարիների հեռվից խնդիրը հսկայական ձևափոխումներ է ունեցել, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում աժմ:
– Այդ համատեքստում մենք պետք է ասենք, որ հայկական կողմը շատ վատ քաղաքականություն վարեց Ղարաբաղի հարցի շուրջ: Ես 1990-ական թվականներից սկսած՝ շատ երկար աշխատել եմ Ղարաբաղի հարցի վերլուծությամբ, որպեսզի Հայաստան-Ադրբեջան երկխոսություն տեղի ունենա՝ նկատի ունենալով, որ այդ կոնֆլիկտը չէր ավարտվել, և այդ կոնֆլիկտի ձգձգումը բերելու էր երկրորդ պատերազմի:
Իմ վերլուծությունն այդ էր, և այդ ժամանակ ես չէի կարծում, որ Հայաստանում մարդիկ անպատրաստ են լսելու: Եվ ո՛չ դիվանագիտության ուղղությամբ, ո՛չ ռազմական, և ո՛չ ռազմավարական ուղղությամբ Հայաստանը գոհացուցիչ քաղաքականություն չվարեց:
2020 թվականի պատերազմը և պատերազմի արդյունքները՝ պարտությունը, մի շարք սխալների, բացթողումների, քաղաքականության զարգացումներին չհետևելու:
Այժմ՝ պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը՝ իշխանությունները, նաև ընդդիմությունը, մտավորական ղեկավարությունը, պետք է վերանայեն նախկին սխալները և դրա միջոցով հասկանային, թե ինչ հնարավորություններ ունենք այսօր՝ շատ ավելի դժվար, համեստ պայմաններում, և ինչ քաղաքականության հնարավորություններ կան:
Բայց երկու տարի անցավ, ես այն տպավորությունն ունեմ, որ մեր գործընկերները Երևանում պատրաստ չեն այս գործը կատարելու՝ ո՛չ ինքնաքննադատական աշխատանք, ո՛չ այդ հիմքի վրա՝ սրբագրելու աշխատանքը: Այժմ մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի վիճակը վատթարանում է, Հայաստանում կա անհասկանալի մթնոլորտ, և Սփյուռքում կա տրամադրություն, որ մարդիկ չեն հասկանում՝ Երևանի ղեկավարներն ի՞նչ են ուզում և Սփյուռքի դերն ի՞նչ է: Եթե այսպիսի ուղղությամբ շարունակվի, չենք կարող այս շատ մեծ ճնշումներին դիմակայել:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի կոնկրետ Լաչինի միջանցքի հարցի հանգուցալուծումը: Արդյո՞ք Ադրբեջանը խաղաղ ճանապարհով կբացի այն:
– Ադրբեջանը պատերազմից առաջ և պատերազմից հետո շարունակում է նույն քաղաքականությունը՝ ուժային քաղաքականությունը: Ադրբեջանը գնալու է այնքան հեռու, որքան կարող է: Զսպելու միակ ձևը հակակշիռ ստեղծելն է: Սա միայն Լաչինի հարցը չէ. այսինքն՝ եթե Լաչինի հարցը չլիներ, իրենք մեկ այլ հարց էին բարձրացնելու:
Ադրբեջանի նպատակը հստակ է՝ Արցախում մնա 20.000 հայ՝ անզեն, առանց քաղաքական իրավունքների և Բաքվի տիրապետության տակ: Այսինքն՝ այնտեղ լինելու է հայաթափում, եթե Ադրբեջանը կարողանա հասնել իր նպատակին: Միակ ձևը, որ այդ սցենարին չհասնենք, այն է, որ հայկական կողմը՝ Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները, կարողանան իրենց դաշնակիցների միջոցով ստեղծել հակակշիռ:
Առավել ևս՝ Բաքուն պատերազմից ի վեր մի շարք սխալներ է արել։ Հենվելով Թուրքիայի, Ռուսաստանի այսօրվա քաղաքական կոնտեքստի վրա, որ շատ մոտ հարաբերություններ ունի Անկարայի հետ՝ Բաքուն փորձում է իրականացնել որոշ քաղաքական քայլեր, բայց այդ կոնտեքստում ձեռք է բերել մի շարք նոր թշնամիներ (Պարսկաստանն այդ թշնամիներից մեկն է):
Բաքուն փորձում է Հարավային Կովկասից դուրս մղել մի շարք այլ խաղացողների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն: Հայաստանը պետք է ունենա դիվանագիտություն, որպեսզի այդ սխալների վրա անցնի հակահարձակման և կարողանա ստեղծել ուժ հակակշռելու Բաքվի քաղաքականությանը: