Միջազգային կառույցները իրավական հարթությունից անցել են քաղաքական հարթություն. Վարդան Այվազյանը՝ Արցախի ապաշրջափակման մասին

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում դեկտեմբերի լույս 21-ի գիշերը կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

168.am-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ մեկ այլ միջազգային կառույց՝ ՄԻԵԴ-ը, մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ էր տվել Ադրբեջանին Հայաստանի պահանջին պատասխանելու համար, որից հետո կկայացնի վերջնական որոշում:

Հիշեցնենք՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակել պարտադրելու պահանջով:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, լուրջ ակնկալիքներ չունի Արցախի շրջափակման հարցով միջազգային կառույցների որոշումներից:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման խնդրի իրավական լուծումներին՝ սահմանադրագետը նշեց.

«ՄԻԵԴ ում մեր երկրի ներկայացուցիչը դիմել է միջանկյալ որոշում կայացնելու նպատակով. եթե չեմ սխալվում, դատարանի՝ Ադրբեջանին տրված ժամկետը լրացել է: Դիցուք, Եվրոպական դատարանը մեր ուզած որոշումը կայացրեց, բայց շատ խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը Եվրոպական դատարանի որոշումը կկատարի, որովհետև, ըստ էության, միջազգային կառույցները՝ ինչպես ունիվերսալ՝ ի դեմս ՄԱԿ-ի, այնպես էլ տարածաշրջանային՝ ի դեմս Եվրոպական դատարանի և Եվրոպայի Խորհրդի, լրիվ իրավական հարթությունից անցել են քաղաքական հարթություն:

Եվրոպացիները, գտնելով էներգետիկ ճգնաժամի մեջ, իրենց ճգնաժամի լուծման ուղիները որոնում են Ադրբեջանից նավթ, գազ, էներգիա գնելով. չեմ կարծում, որ այս պարագայում նրանք Ադրբեջանի դեմ որևէ որոշում կայացնեն: Ավելին՝ եթե Ադրբեջանը չկատարի ԵԴ որոշումը, ապա ԵԽ նախարարների կոմիտեն կարող է հարց դնել այդ երկրին ԵԽ կազմից դուրս թողնելու համար, ինչը, կարծում եմ, ևս չի աշխատի:

Մյուս իրավական մեխանիզմը. քանի որ Լաչինի միջանցքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում, և քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել են 3 երկրների ղեկավարները, ՀՀ վարչապետը լիարժեք իրավունք ունի ինչպես ադրբեջանական, այնպես էլ՝ ռուսական կողմից պահանջելու, որպեսզի կատարեն նոյմեբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իրենց պարտականությունները: Սակայն, չգիտես՝ ինչու, մեր երկրի ղեկավարն Ադրբեջանից և Ռուսաստանից ուղղակիորեն չի պահանջում, որպեսզի վերջիններս կատարեն իրենց պարտականությունները»:

Անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստում սպասվող քննարկմանը՝ Վարդան Այվազյանը թեև նկատեց, որ Անվտանգության խորհուրդը միակ մարմինն է, որի որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն, այդուհանդերձ նաև հիշեցրեց՝ խորհրդի անդամ 5 պետություններից՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, յուրաքանչյուրն ունի բացարձակ վետոյի իրավունք:

«Այսինքն՝ եթե որևէ երկիր դեմ քվեարկեց, բանաձև կամ որոշում չի կարող ընդունվել: Այստեղ, կարծում եմ, գուցե Մեծ Բրիտանիան դեմ քվեարկի, որովհետև այս պահի դրությամբ նրանց և ադրբեջանցիների շահերը համընկնում են»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս