Արցախում կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը. Արցախի ՏԿԵ նախարարություն

Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«44֊օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչնդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր՝ ցանկացած վթար կարող է անդրադառնալ էներգամատակարարման համակարգի վրա: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների:

Պայմանավորված գազամատակարարման դադարեցմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանից, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը:

Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան, ինչի համար անհրաժեշտ է. բոլորր շիկացման լամպերը փոխարինել ԼԵԴ լամպերով, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա, տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը»- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս