Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է»:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին խաթարել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի Կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։

«Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունն, ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Տեսանյութեր

Լրահոս