Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. այս մասին հայտնում են ԱՀ ԱՆ-ից։
Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը՝ պատշաճ կերպով հաղթահարելու համար։