«Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի մի խնդիր․ 6000 անցք առանձին-առանձին կվերականգնվի». Վահրամ Դումանյան
«Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եթե դրա կարիքը կա»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հնարապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան համարվող շենքերին ամանորյա միջոցառումների լուսավորության անցկացման նպատակով արված անցքերին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքները կատարվել է Երևանի քաղաքապետարանի պատվերով, և ինքը կասկած չունի, որ, ինչպես փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել, տոներից հետո անցքերը կփակվեն։
Հարցին՝ որպես ԿԳՄՍ նախարար՝ ի՞նչ գնահատական կտա պատմշակութային հուշարձան հանդիսացող շենքին բազմաթիվ անցքեր բացելուն, Դումանյանն ասաց, որ բազմաթիվ մասնագետների կարծիքներ է լսել․
«Կներեք, ես փորձագետ չեմ, ես լսել եմ տարբեր կարծիքներ, ճարտարապետներ կան, որ ասում են՝ դա ընդհանրապես խնդիր չէ։ Մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր»։
Դիտարկմանը, որ խոսքը 1-2 անցքի մասին չէ, այլ շուրջ 6000, նախարարն այսպես արձագանքեց․
«Հարգելի լրագրողներ, 6000, ուրեմն 6000 անցք առանձին-առանձին կվերականգնվի։ Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր»։
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը նախապես չէր դիմել ԿԳՄՍ նախարարություն և հանձնաժողով չէր կազմվել, Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ բանավոր քննարկումներ քաղաքապետարանի հետ եղել է, ինչ վերաբերում է հանձնաժողով ստեղծելուն՝ ասաց․
«Այդ ամենը որպես ժամանակավոր կառույց՝ չի դիտարկվել գիտամեթոդական նիստի օրակարգում։ Դա եղել է ընդամենը որպես ժամանակավոր կառույց, եթե լիներ մշտական նախագծային աշխատանք, ապա, բնականաբար, այն պետք է քննարկվեր գիտամեթոդական խորհրդում և նոր իրականացվեր․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում