Ինչպես Լավրովը փոխեց խաղի կանոնները և փաստի առջև կանգնեցրեց Փաշինյանի իշխանությանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ըստ էության ուղիղ տեքստով բացահայտեց, թե ինչպիսին կարող է լինել ԼՂ կարգավիճակի շուրջ խոսակցությունը նաև հնարավոր ռուսական միջնորդությամբ սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում:
Նախ հիշեցնենք, թե ինչ ասաց Լավրովը. մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա, որն ընդունվել էր այդ բանակցությունների արդյունքում՝ մասնավորապես հիշեցնելով հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին:
«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև»,- ասաց Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, և դա, Լավրովի տեսանկյունից, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ այն որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին:
«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները պետք է ապահովվեն: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»,- հավելեց Լավրովը:
Նա նաև հստակցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սոչի եռակողմ գագաթնաժողովի եկել են Պրահայի փաստաթղթով, որում ասվում էր, որ ցանկանում են ստորագրել Խաղաղության համաձայնագիր, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմա Աթայի հռչակագրով:
«Իսկ ԱՊՀ ստեղծման Ալմա Աթայի հռչակագիրը հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են հետխորհրդային պետությունների միջև ադմինիստրատիվ սահմանների վրա, որտեղ ԼՂ ինքնավար շրջանը միանշանակ հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ-ի մասը, ուստի ստորագրելով այդ պայմանավորվածությունը՝ մեզ հայ գործընկերներն ասում են՝ թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում, ապա Դուք ինքներդ եք հասկանում, դա մի փոքր բանակցությունների վարման օպերայից չէ, այլ՝ այլ օպերայից է»,- հստակեցրեց Լավրովը:
Լավրովն ըստ էության իր այսօրվա ասուլիսի այս հատվածով բացահայտեց, որ ռուսական այն առաջարկները, որոնցից Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ՝ հոկտեմբերի 28-ին, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբում խոսեց ՌԴ նախագահ Պուտինը, այլևս չկան։ Ավելին՝ ստացվում է, որ եվրոպական փաթեթը, մասնավորապես՝ Պրահայի քառակողմ պայմանավորվածությունների փաթեթը, պարզապես տեղափոխվել է ռուսական հովանու ներքո: Սրա պատասխանատվությունը ՌԴ ԱԳ նախարարը դնում է հայկական կողմի վրա՝ բացահայտ ծաղրելով հայկական դիվանագիտությունը և անձամբ Փաշինյանին, ով թվիթերում հույս էր հայտնել, թե ռուսական կողմը կպաշտպանի իր առաջարկները:
Հիշեցնենք նաև՝ հոկտեմբերի 28-ին Վալդայ դիսկուսիոն ակումբում Պուտինն ասել էր, որ ռուսական կողմի տեսակետն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է։
«Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատմանը և սահմանային հարցերի ամբողջական կարգավորմանը։ Մենք դրան կողմ ենք։ Հարցը, թե ո՞ր տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է։ Եթե այդ տարբերակը կբերի խաղաղության, մենք միայն կողմ ենք։ Բայց մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ պետք է ընտրել այդ խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ «վաշինգտոնյանը», ինչքանով ես հասկանում եմ, այն ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական սուվերենության ճանաչում, ապա եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն»,- նշել էր Պուտինը:
Նա նաև ասել էր, թե եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, և պետք է այդ առանձնահատկությունները նկատի ունենալ, քննարկել, դա ևս հնարավոր է։
«Բայց, անպայմանորեն, պետք է նաև պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Պետք է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար։ Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանանք նրա վրա, ինչ կառաջարկի հենց Հայաստանը»,- ասել էր ՌԴ նախագահը:
Պուտինի այս աղմկահարույց ելույթին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումն այն մասին, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել էր աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։
«Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- նշել էր իր թվիթերում Փաշինյանը:
Վերջին շաբաթների ընթացքում ուշադրություն հրավիրեցինք նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ՌԴ ակտիվ աշխատանքի վրա, վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում ՌԴ նախագահն ունեցավ շուրջ 3 հեռախոսազրույց Իլհամ Ալիևի հետ, ապա Ադրբեջանում էր ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը: Հայաստանում նոյեմբերի 23-ին անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում ևս Ռուսաստանի և Բելառուսի նախագահների կողմից անդրադարձ եղավ հնարավոր Խաղաղության պայմանագրին, Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ոգևորված չէր:
Ստացվում է, որ ամիսներ շարունակ քննարկվող ռուսական առաջարկները, որոնցում ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր ապագա սերունդներին կամ գոնե այդպես էր հայտարարվում, առանձնահատուկ կարգավիճակի մասին ակնարկներ կային նաև Պուտինի Վալդայի ելույթում, փոխվել են: Հայկական կողմը, որը եվրոպական հարթակում համաձայնել էր խաղի լիովին այլ կանոնների և պայմանների, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի մասով, ռուսական կողմից ակնկալում էր կարգավիճակի հարցում հայամետ, բեկումնային քայլերի՝ անձամբ չխոսելով ԼՂ ինքնորոշման իրավունքի անհրաժեշտության և կարգավիճակի մասին:
ՀՀ իշխանությունների հղումները «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովմանը» ըստ էության խաչ քաշեցին նաև այն հնարավորությունների վրա, որոնք նշմարվում էին ռուսական առաջարկներում ԼՂ կարգավիճակի մասով:
ՀՀ ներկայիս դիվանագիտական գավառամիտ խորամանկությունը՝ ցատկերը բանակցային ռուսական հարթակից եվրոպական և հակառակը՝ անհասկանալի ուղերձներով և տարբերվող պահանջներով, ռուսական կողմին, այդ թվում՝ ծանրքաշային դիվանագետ Լավրովին, լայն հնարավորություն տվեցին մանրևել սեփական առաջարկներից՝ հմտորեն փոխելով խաղի կանոններն այս պահի դրությամբ:
Ռուսական կողմն այս փուլում կարողացավ ՀՀ իշխանությունների սնանկ թեզերը լավագույնս օգտագործել ՀՀ իշխանությունների դեմ՝ կարգավիճակի հարցում զբաղեցնելով ադրբեջանամետ դիրքորոշում: