2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած անձինք մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորություն կունենան
2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու կամ աշխատանքով ապահովելու հարցում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․ պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։
Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։
Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի անցնել՝ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։
168.am-ը նախարարության լրատվական բաժնից հետաքրքրվեց՝ եթե շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ, ապա կա՞ն առանձնացված մասնագիտություններն ու գործատուները, և արդյոք խոսքը անհատների մոտ սովորելո՞ւ մասին է, թե՞ որևէ ուսումնարանում։
Նախարարությունից ի պատասխան նշեցին, որ ուսումնական հաստատությունը ընտրվում է կամ գործատուի առաջարկով, կամ Միասնական սոցիալական ծառայությունն է առաջարկում, թե ո՞ր ուսումնական հաստատությունում արժե, որ տվյալ անձը սովորի: Իսկ առանձնացված կոնկրետ հաստատություններ չկան:
«Եթե, օրինակ, մարդը դիմում և ասում է, որ ուզում է ոսկերչություն սովորել, ապա կամ կգնա մասնագիտական ուսուցում ստանալու, կամ վճարովի պրակտիկայի, կամ գործատուի հետ միանգամից կկնքվի մեկ տարվա պայմանագիր ու տվյալ անձը կսկսի աշխատել»,- մանրամասնեցին նախարարությունից՝ հավելելով, որ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Հարցերի դեպքում կարող են քաղաքացիները դիմել զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։
Հավելենք, որ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով, բացի այդ, կտրամադրվի նաև կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով (ներկայումս՝ 34,000 դրամ)։ Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականը ստանալուց հետո շահառուի հետ մեկ տարի ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի շրջանակում գործատուին կտրամադրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում պատերազմին մասնակցած քաղաքացին հնարավորություն կունենա գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնել՝ 3 ամիս տևողությամբ։ Այդ նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար` նվազագույն աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս ժամկետով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25,000 դրամի չափով, և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով։
Երրորդ բաղադրիչի շրջանակում, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում, գործատուին կտրամադրվի 300,000 դրամի չափով միանվագ փոխհատուցում (գործատուի ցանկությամբ՝ կամ աշխատանքային հարաբերությունների սկզբից, կամ 12 ամիսը լրանալուց հետո), եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքի 2016 և 2020 թթ․պատերազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց հետ։