«Հայաստանին տրված միջազգային վարկանիշները չեն իջել». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, 2023 թվականի պետական բյուջեն հիմնված է 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում։

«Ոլորտային գերատեսչություններն առանձին անդրադարձել են իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերին, իսկ ես կներկայացնեմ միայն միջազգային զարգացման գործըներների հետ հընթացս տարվող աշխատանքներին, մասնավորապես՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերի շրջանակներում։

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բարեփոխման օրակարգը զարգացնելու, 2019 թվականին մեկնարկած եռամյա պահուստային ծրագիր կոչվող համագործակցության շարունակությունն ապահովելու նպատակով ԱՄԷ-ի մեր գործընկերների հետ մշակել և առաջիկա օրերին կհաստատենք եռամյա նոր «Սթենդ բայ» ծրագիրը։ Այն ուղղված է լինելու բարելավելու մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը, հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ ռիսկերի կառավարումը, կապիտալի շուկայի կարգավորումները, բիզնես միջավայրը, զբաղվածության խթանման կարգավորումները»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց, որ նախորդ տարի ընդլայնել են համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ և համագործակցության այս փուլում հիմնականում կենտրոնացած են մարդկային կապիտալի զարգացման առանցքային ուղղություններից՝ կրթության և առողջապահության ոլորտների վրա։  Իսկ 2023 թվականին կշարունակվեն բարեփոխումները քաղաքացիական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղություններով։

Կարդացեք նաև

Փոխվարչապետի խոսքով՝ մշակել են հանրային ներդրումների վերաբերյալ մի շարք առանցքային փաստաթղթեր, որոնք հնարավորություններ կտան հանրային ներդրումների համակարգում առավել հստակեցնել պատասխանատու մարմինների շրջանակը և վերջիններիս կողմից իրականացվող գործառույթները։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ բյուջետային ծրագրերի աջակցությանը, Մհեր Գրիգորյանն ընդգծեց՝ ներկայումս ԵՄ-ի հետ իրականացնում են՝ աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը։

«Ներկայումս մենք գտնվում ենք եվրոպական կողմի հետ բանակցությունների փուլում՝ ևս երկու բյուջետային ծրագրերի աջակցության շուրջ՝ Արդարադատության ոլորտի բարեփոխումների փուլ-2, որն ուղղված է արդարադատության և կոռուպցիայի ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան բարեվարքության, թափանցիկության խթանմանը։ Երկրորդը՝ ԵՄ աջակցությունն է կրթության ոլորտին։  Այս աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակում միջազգային վարկանշային որևէ հեղինակավոր կազմակերպության գնահատմամբ ՀՀ սուվերեն վարկանիշը չի իջել»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս