«Անակնկալ»՝ վարձով տրվող բնակարանների տերերին ու վարձակալներին՝ Մհեր Գրիգորյանի և Գրիգոր Մինասյանի կողմից
Այս տարվա մարտի 29-ից իրավական նախագծերի միասնական քննարկման e-draft.am հարթակում երկու շաբաթ ժամկետով քննարկման դրվեց «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ e-draft.am-ում առկա հիմնավորման՝ նախագծի նպատակը բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելն է։
Բայց, չգիտես ինչու, նախագծի հեղինակները վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանությունը պատկերացնում են վարձատու հանդիսացող անձանց իրավունքների հաշվին:
Նախագծով սահմանվում է, որ բնակարանի վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարի չափը կարող է վերանայվել պայմանագրի կնքման պահից նվազագույնը 1 տարի հետո, իսկ անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար պետք է սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ:
Սրանով Արդարադատության նախարարությունը ցանկանում է ապօրինաբար մխրճվել մասնավոր իրավահարաբերությունների մեջ։
Այսինքն՝ բնակարանի սեփականատերն առնվազն 6 ամիս շուտ վարձակալին պետք է ծանուցի, որ վերջինս բնակարանն ազատի, սակայն հետաքրքիր է՝ այս նախագիծը մշակողները կամ հանձնարարություն տվողները կարո՞ղ են 6 ամիս շուտ կանխատեսել՝ ինչ են անելու, օրինակ, 6 ամիս անց, այն էլ՝ Հայաստանի նման անկայուն երկրում: Բնակարանի սեփականատերը, ով անորոշ ժամկետով վարձակալության է հանձնել իր բնակարանը, ինչպե՞ս պետք է կանխատեսի, որ իր բնակարանն իրեն, ասենք, 6 ամիս հետո է պետք:
Ինչ վերաբերում է վարձավճարների վերանայման 1 տարվա արգելքի պահանջին, կանխատեսե՞լ են արդյոք, կամ կարո՞ղ են նախագծի հեղինակներն ու դրա ջատագովները կանխատեսել, թե ի՞նչ կլինի 1 տարում, հատկապես՝ փոփոխական ու կտրուկ գնաճի պայմաններում:
Ըստ այս լրացման՝ փաստորեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ վարձավճարի չափն անգամ չի կարող նվազել, եթե պայմանագրի կնքման պահից չի անցել 1 տարի։
Նախագծով սահմանվում է, որ այս կարգավորումը տարածվելու է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա։
Սա Արդարադատության նախարարության հերթական հակաիրավական գլուխգործոցն է, որով ոտնահարում են իրավական կանխատեսելիության սկզբունքը՝ հետադարձ ուժ տալով այս անհեթեթ կարգավորմանը։
Բացի դրանից, այս նախագծով ամեն ինչ արվելու է, որ մարդիկ չմտնեն պայմանագրային իրավահարաբերությունների մեջ՝ դրանով մեծացնելով ստվերը: Մարդիկ կգերադասեն չկնքել պայմանագիր, վարձակալի հետ գնալ փոխշահավետ պայմանավորվածության, չմտնել հարկային դաշտ ու այդպես աշխատել, քան գնալ պայմանագիր կնքելու ճանապարհով՝ կորուստների անորոշ հեռանկարով:
Նախագծում կա շատ ավելի ուշագրավ հատված։
Այսպես, նախագծի հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը նշել է, որ նախագիծը մշակվել է փոխվարչապետի հանձնարարությամբ և չի բխում ռազմավարական փաստաթղթերից։ Ըստ նախարարության՝ 168.am–ի աղբյուրների՝ հանձնարարականը տվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Արդարադատության նախարարությունը հերթական անիմաստ, անարդյունավետ, իրավականության հետ խնդիրներ ունեցող և հասարակության դժգոհությունը հարուցող հերթական նախագիծը, ըստ էության, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրպանն է գցում, կամ էլ Մհեր Գրիգորյանն իսկապես շահագրգիռ է այս նախագծի ընդունմամբ:
Երևի Գրիգոր Մինասյանը լավ գիտի իր նախարարության անմխիթար վիճակը, փոխնախարարների կարողությունների մակարդակը և վստահ է, որ նորմալ նախագիծ մշակված լինել չի կարող, հետևաբար՝ որոշել է այս ամենը փաթեթավորել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարականով։
Իսկ Արդարադատության նախարարության աղետալի վիճակի ու փոխնախարարների աշխատանքի արդյունավետությունն առանձին թեմա է, որին անպայման կանդրադառնանք: