«6-7 հոգով 600-700 թուրքի դեմ են կռվել․ Մաքսիմս իրեն տրաքացրել է, որ գերի չընկնի»․ Ջերմուկի դիրքերում զոհված զինծառայողի հայր
«Տղես շատ էր սիրում պոստ պահել, ծառայության մեծ մասը պոստերում էր՝ պայմանագրայինների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Մաքսիմ Գևորգյանի հայրը՝ Արթուր Գևորգյանը։
Մաքսիմն Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր 1 եղբայր ունի։ Մուղնիի դպրոցում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Աշտարակի արհեստագործական ուսումնարան, 2021 թվականի ամռանն էլ մեկնել էր ծառայության։
«Տղես նախ Վայքի զորամասում է ծառայել, այնուհետև տեղափոխվել էր Ջերմուկ։ Երբ զանգում էինք, միշտ պոստերում էր։ Շատ գոհ էր ծառայությունից, որ արձակուրդ էր եկել, ծառայության մասին միայն լավն էր ասում։ Ինքը զորամասում այդքան շատ չի եղել, ավելի շատ պոստում է եղել։ Տղես տեսողության խնդիր ուներ, ակնոց էր կրում, իրեն չէր էլ թույլատրվում բանակ գնալ, բայց ասաց՝ ամոթ ա, ընկերներս գնան, ես չգնա՞մ․ այդպես էլ գնաց բանակ:
Մաքսիմս խելոք, շնորհքով տղա էր, բոլորին հասնող, բարի անձնավորություն։ Ճիշտ է, քոլեջ էր ընդունվել, բայց դրան զուգահեռ՝ նաև աշխատում էր։ Մինչև զորակոչվելը շինարարությամբ էլ է զբաղվել, շատ էր սիրում ավտոմեքենայի գործ՝ դզել-փչել, ընկերներիս մոտ գնում աշխատում, օգնում էր․․․»։
Զոհված զինծառայողի հայրը պատմեց, որ սեպտեմբերի 12-ի երեկոյան Մաքսիմը մի քանի անգամ զանգահարել է, երկար խոսել, այնուհետև Ջերմուկի դիրքերից լուսանկար ուղարկել, որը եղավ նրա վերջին լուսանկարը․
«Ես տանը չէի, գործով Արմավիր էի գնացել, մի քանի անգամ զանգեց, խոսեցինք, հետո զանգեց հարցրեց՝ պա, դեռ տուն չե՞ս հասել, երևի զգացել էր, որ մի բան սպասվում է, անընդհատ ուզում էր խոսել մեզ հետ, բայց ոչ մի բան չասեց, որ ինչ-որ բան է կատարվելու, ավելի շատ տպավորություն է, որ զանգել էր հաջող աներ։ Ասեց՝ նկար եմ ուղարկել, կնայես, նկարը նայեցի՝ պայմանագրային ծառայողի հետ կարտոշկա էին դրել կրակին․․․ Առավոտ իմացա, որ էդպիսի բան ա եղել»։
Հարազատները 20 օրից ավելի փնտրել են Մաքսիմին՝ ինչպես վիրավորների, այնպես էլ՝ զոհվածների մեջ։ Այդ ընթացքում զինծառայողի ծնողները նաև ԴՆԹ փորձանմուշ էին հանձնել․․․
«Երկար ժամանակ տղայիս փնտրելուց հետո, դատաբժիշկը զանգեց ու ասեց՝ սենց-սենց․․․ Մինչև այդ, որ գնացել էինք Ջերմուկ, հրամանատարներն ասացին՝ տղերքը մինչև վերջին փամփուշտը կռվել են, 6-7 հոգով 600-700 թուրքի դեմ են կռվել։ Հետո էլ իմացանք, որ 2-3 ընկեր, որոնցից մեկն էլ՝ իմ Մաքսիմը, իրենց տրաքացրել են, որ գերի չընկնեն։ Հերթով բերեցին տղերքին․․․»։
Մաքսիմ Գևորգյանը հուղարկավորվել է Մուղնիի գերեզմանատանը։