«Չպետք է լուրջ մեկնաբանություն տամ մի քանի հիմարների հիմար մտքերին». Մհեր Մկրտչյան

Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է, թե ինչպես են փողոց դուրս եկած մարդիկ պայքարում իշխանափոխություն իրականացնելու համար և, ի վերջո, հասնում հաջողության։

Ֆիլմում Մհեր Մկրտչյանն օգտագործել էր նաև իրական կադրեր այս տարվա ապրիլ-հունիս ժամանակահատվածում տեղի ունեցած բողոքի ակցիաներից, երբ բազմաթիվ քաղաքացիներ փակում էին այս կամ այն փողոցը։

Ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի աջակիցները համացանցում սկսեցին հայտարարել, որ պետք է բողոքեն, որպեսզի այդ ֆիլմը չցուցադրվի։ Ավելին՝ նրանք նաև իրենց էջերում գրառումներ էին կատարել, որ հավաքվելու են Հանրապետության հրապարակում, որպեսզի նախ հեռացնեն ֆիլմի բոլոր ցուցապաստառները, այնուհետև «անցնեն ռեժիսորին ու պրոդյուսերին»։

Կարդացեք նաև

Դիանա Մարտիրոսյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը գրել է․ «Նոյեմբերի 10-ին, ժամը 18։00 հրապարակում հավաքվում ենք՝ ֆիլմի ցուցադրությունը արգելելու նպատակով, վաղը մեզանից յուրաքանչյուրը ցույց կտա, թե ինչքանով է մեր Վարչապետի կողքին (ասածս չի վերաբերվում դրսում ապրող մեր ընկերներին), բայց դուք էլ բոլորդ ձեր էջերում տեղադրեք, մենք պիտի էնպես անենք, որ նման սուտ տարածող ֆիլմը մեր Վարչապետի մասին ոչ միայն չցուցադրվի, այլև տուգանվի»։

168.amը ռեժիսոր Մհեր Մկրտչյանից հետաքրքրվեց նախապատրաստվող այս ակցիայի մասին։ Վերջինս տարակուսեց, թե, օրինակ, ի՞նչ արձագանք պետք է տա այդ «հիմարություններին»։

«Ինչ ասեմ, թող անեն, կտեսնենք։ Լուրջ պատասխանել անլուրջ բաների՝ հիմա իսկապես ո՛չ դրա ցանկությունը կա, ո՛չ տրամադրությունը։ Ես չեմ ուզում մեկնաբանել անհեթեթությունները»,- նշեց Մհեր Մկրտչյանը։

Հարցին՝ այս ամեն Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ինքնաբո՞ւխ են արել, թե՞ ակցիա իրականացնելու հրահանգն այլ տեղից է եղել, Մհեր Մկրտչյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև այս ամենի մասին մեկ ժամ առաջ եմ իմացել, համացանցից։ Ուղղակի ինձ ցույց են տվել, ժպտացել, իսկապես ուրախացել եմ։ Այնպես չէ, որ այդ ամենը ես պետք է լուրջ ընդունեմ, չպետք է լուրջ մեկնաբանություն տամ մի քանի հիմարների հիմար մտքերին»։

Տեսանյութեր

Լրահոս