Բաժիններ՝

Հայկական կրթական հավելվածը՝ ժամանակակից մասնագիտություններին ծանոթանալու նոր հարթակ

Ո՞վ է կրկնօրինակողը, PR մասնագետը, ինչո՞վ են զբաղվում հնագետն ու արշավապետը. 21-րդ դարում կան շատ մասնագիտություններ, որոնց մասին դպրոցականները պատկերացում կազմել չեն կարողանում: Գուցե, կարիք կա դպրոցական ծրագրում նոր առարկանե՞ր ներառել: «Զլինկ» հարթակի հիմնադիրները գտել են լուծումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, հարթակի հիմնադիրները պատմեցին՝ սովորելով արտերկրում մտածել են, թե ինչպես կարող են Հայաստանից դուրս ստացած իրենց գիտելիքները հայ երեխաների ու պատանիների համար էլ հասանելի դարձնել։

«Զլինկ»-ը 13-ից 18 տարեկան հայ դպրոցականների համար կրթական հավելված է, որը հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և ժամանակակից գիտելիք իրենց հետաքրքրող թեմաների շուրջ, որոնք դպրոցական ծրագրերում ներառված չեն: Հավելվածում թե՛ եռակցմամբ, և թե՛ ծրագրավորմամբ հետաքրքրված դպրոցականը կարող է իր համար կրթական նյութ գտնել։

«Դպրոցականը գրանցվելիս ընտրում է իր հետաքրքրությունները, այնուհետև այդ հետաքրքրություններին համապատասխան մենք առաջարկում ենք կրթական նյութեր։ Հավելվածը առաջին հերթին դպրոցականի համար բացահայտում է մի շարք մասնագիտություններ, օգնում և ուղղորդում սեփականը ընտրելու և ինքնաբացահայտվելու գործում, այնուհետև տալիս գիտելիք, մոտիվացիա, ժամանակակից աշխարհում կարևորվող փափուկ հմտություններ սեփական ուղին սկսելու համար»,- նշեց հավելվածի համահիմնադիր Կիմա Առաքելյանը։

Հարթակի համահիմնադիր և տեխնիկական մասով տնօրեն Լևոն Ավետիսյանը վստահեցրեց՝ 13-18 տարեկանների համար ամենահարմար տարբերակը հավելվածն է։ Կարծում են՝ Z սերնդին (օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են մոտավորապես 1995 թվականից հետո), ոչ մի այլ միջավայրում «բռնացնել» հնարավոր չէ։ Հարթակի անունն էլ հենց Z սերնդի պատվին են կոչել։

«Հավելվածում մինչ այս կար 3 բաժին` դասընթացներ, հանդիպումներ, մրցույթներ։ Այժմ գործարկել ենք նաև նոր բաժին՝ ֆորումները։ Ֆորումները կապում են նույն հետաքրքրություններով դպրոցականերին ու հնարավորություն տալիս գիտելիք կիսել և ընկերանալ իրար հետ»,- ասաց Ավետիսյանը։

Դասընթացների տեսադարանը կազմված է երկու մասից։ Առաջինն ուղղված է մասնագիտական կողմնորոշմանը։ Մասնագետներ ներկայացնում են իրենց մասնագիտության էությունը, կարևորությունը, հեռանկարները, ցույց տալիս իրենց առօրյան, տալիս խորհուրդներ։ Այստեղ հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան ծանոթանալ այնպիսի մասնագիտությունների, որոնք դպրոցներում չեն դասավանդվում։

Տեսադարանի երկրորդ բաժինը հնարավորություն է տալիս դիտել կուրսեր և զարգացնել հմտությունները տարբեր թեմաների շուրջ։ Այս բաժնում դպրոցականը կարող է դիտել դասեր բիզնեսի, ֆլորիստիկայի, լրագրության, բլոկչեյնի, ծրագրավորման և շատ այլ թեմաների շուրջ։

Միանալով լայվ ֆորմատով հանդիպումներին՝ դպրոցականները գիտելիք են ստանում իրենց ոլորտի լավագույն մասնագետներից ու նրանց ուղղում իրենց հետաքրքրող հարցերը:

«Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ կազմակերպում ենք մրցույթներ, բացահայտում և պարգևատրում տաղանդավոր դպրոցականների։ Օրինակ GG, ARloopa ընկերությունները հետաքրքիր առաջադրանքներ են տալիս օգտատերերին։ Դրանք հաջողությամբ հաղթահարելուց հետո օգտատերերը խրախուսական նվերներ են ստանում»,- ասաց հարթակի համահիմնադիր Դիանա Ղաբուզյանը։

Հուլիսի 4-ից գործարկված հարթակն ունի ավելի քան 800 օգտատեր։ Այն անվճար է, որը հնարավորություն է տալիս ինտեգրել բոլոր այն երեխաներին ու պատանիներին, ովքեր ցանկություն ունեն նոր ու ժամանակակից գիտելիքներ ստանալ։ Ընթացիկ ծախսերը հոգալու համար ստարտափը «ռեԱրմենիա» հարթակում դրամահավաք է կազմակերպել։ Դրա շրջանակներում ստեղծելու են հոգեբանական դասեր՝ ուղղված դեռահասության ամենատարածված խնդիրներին. ստեղծվել են նաև ծրագրավորման, AR/VR տեխնոլոգիաների, 3D մոդելավորումման, անիմացիաների ստեղծման, Adobe գործիքների, գիտության, բիզնեսի, SMM-ի, արհեստական բանականության, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ դասընթացներ։

«Մեր աշխատանքները սկսել ենք դրամաշնորհներից։ Դրամաշնորհ ենք ստացել նույնիսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարարության ֆինանսավորումն ուղղել ենք հավելվածը ստեղծելուն։ Կնքել ենք շատ համագործակցություններ տարբեր ընկերությունների հետ։ Կարևորում ենք, որ դասավանդողներն, ովքեր աշխատում են երեխաների հետ, լինեն լավագույնը»,- նշեց Ղաբուզյանը։

Հարթակում բացառում են քարոզչությունը։ Կարևորում են բազմակարծությունը՝ վստահ լինելով, որ զարգացման բանալին ստեղծագործ լինելու մեջ է։

«Դպրոցականները խոցելի խումբ են։ Հավելվածի բովանդակության համար պատասխանատու ենք ծնողների առաջ»,- եզրափակեց Առաքելյանը։

Հավելվածն ավելի զարգացնելու պլաններ կան։ Այս պահին թիմը համալրման կարիք ունի։ Նպատակ ունեն ներգրավել նաև սփյուռքի ռեսուրսը։ Հետագայում պլաններ կան հավելվածը բազմալեզու դարձնել և դրա վեբ տարբերակը ստեղծել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս