Արտարժույթի արժեզրկումը հարվածում է նաև ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններին. մասնագետները իրենց մտահոգությունն են հայտնում
Արտարժույթի արժեզրկմամբ պայմանավորված խնդիրներն ու դժվարությունները հասել են նաև Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերություններին: Նոյեմբերի 7-ին Երևանում կայացած համատեղ ասուլիսում ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունները հայտնեցին և լուծումներն առաջարկեցին ստեղծված իրավիճակի առնչությամբ:
«Մինչ արտարժույթի արժեզրկումը և դրանից բխող խնդիրների առաջացումը, ընկերությունը մեծացնելու, Հայաստանի տարբեր քաղաքներում նոր մասնաճյուղեր բացելու, աշխատանքներում սկսնակ մասնագետների ներգրավելու հնարավորություն կար։ Այսօր արդեն ընկերությունները ստիպված են պաշտպանողական վիճակի անցնել։ Խնդրի պատճառով սկսում ենք այլ շուկաներ դիտարկել, որպեսզի հասկանանք, թե որտեղ կարելի է գործունեությունը ծավալել, որտեղ են ավելի լավ պայմաններ։ Վստահ եմ` այս ամենը թուլացնում է մեր տնտեսությունը։ Այսօր կան ընկերություններ, որոնք կանգնած են փակման եզրին, մի մասն էլ պահուստների շնորհիվ է առաջ շարժվում։ Եթե այս ամենը երկար տևի, տնտեսությանը նույնպես կարող է մեծ վնասներ կրել, խնդիրներ կլինեն նաև նոր մասնագետներ պատրաստելու հարցում»,- նշեց «Էսթերոքս» ընկերության Տնօրեն Արմեն Ադամյանը:
«ՍմարթՔլիք» ընկերության հիմնադիր Ռեմ Դարբինյանի համոզմամբ՝ Հայաստանի ապագա տնտեսական աճը կապված է ստարտափների հետ: Ստարտափ էկոհամակարգ կառուցելու համար պետք է անընդհատ գումարներ ներգրավել, ինչը դրանց արագ աճի գրավականն է: Արտարժույթի արժեզրկման հետևանքով ստարտափների զարգացումը կանգ է առնում:
«Ստարտափների ղեկավարները վենչուրային ներդրողներից գումարներ են ներգրավում, որպեսզի աճ ցույց տան և իրենց հերիքի 1-2 տարի առաջ գնալու համար։ Ստացվում է, որ ստարտափները հաշվարկել էին, որ այդ ընթացքում կարող են առաջ շարժվել։ Խնդիրն այն է, որ դոլարի 25 տոկոս անկման պատճառով այդ ընկերությունների աշխատավարձերի ֆոնդը կրճատվում է։ Այս ամենի պատճառով այդ ստարտափները կա՛մ կփակվեն, կա՛մ նրանց գինը շուկայում կընկնի»,- նշեց Դարբինյանը:
Ոլորտի ներկայացուցիչներն ընդգծում են, եթե խնդիրը շատ մոտ ապագայում չլուծվի, ապա հետագայում դրանց քանակն ու լրջությունը ավելանալու է: Նշում են՝ եթե Հայաստանը չլիներ բրենդավորված որպես ՏՏ երկիր, ապա չէր ունենա Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից տեղափոխված ընկերություններ, որոնց շնորհիվ էկոնոմիկան աճ է գրանցում:
«Համավարակի ժամանակ կար պետական աջակցություն: Այդ ժամանակաշրջանում պետությունը շատ հետաքրքիր ծրագրերով կարողացավ ինչ-որ կերպ աջակցել տարբեր ոլորտների: Կան ոլորտներ, որոնք այդ աջակցության շնորհիվ կարողացան մնալ ջրի երեսին, չփակվել և իրենց գործունեությունը շարունակել: Հիմա նույնն ենք խնդրում, արդեն չենք խնդրում՝ պահանջում ենք»,- նշեց «ԴատաԱրտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը։
ՏՏ ոլորտում գործող ընկերությունների ղեկավարները վստահեցնում են` հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և մարտահրավերները՝ խիստ անհրաժեշտ է արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած ռիսկերը մեղմելուն ուղղված նախագիծը հնարավորինս շուտ ընդունել, ինչը կարող է կազմակերպություններին թույլ տալ վերանայել իրենց համագործակցությունները ներդրողների հետ:
Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. խմբ.), որով նախատեսվում է ՏՏ ոլորտի աշխատակիցների՝ սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ, սակայն նախագիծը դեռևս չի ընդունվել։
Արտարժույթը սկսեց արժեզրկվել փետրվարի 24-ից` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` դոլարի փոխարժեքն այդ ժամանակ առավելագույնը 483 դրամ էր, հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին դոլարի փոխարժեքը հասավ 395 դրամի։
Կարինե Տերտերյան