Լիլիթ Մանարյանի «Լիլոգրաֆիա» անհատական ցուցահանդեսը կբացահայտի Ֆելո անունով կատվի արկածները
Լիլիթ Մանարյանի «Լիլոգրաֆիա» անհատական ցուցահանդեսում ներկայացված են երգահան, սցենարիստ, գրող Քրիստ Մանարյանի «Ֆելոն ու խելառների գնացքը» մանկապատանեկան գրքի նկարազարդումները, որոնք ծանոթացնում են գրքի գլխավոր հերոսի՝ Ֆելո անունով կատվի արկածներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քսանհինգ աշխատանք ընդգրկող ցուցադրությունը գործում է «Զանգակ» գրատանը:
Լիլիթ Մանարյանը պրոֆեսիոնալ ֆլեյտահար է, սակայն նկարում է հինգ տարեկանից: Նկարչությունն իր տարերքն է համարում և այդ ոլորտում հմտանալու նպատակով մասնակցել է կոմիքսների դասընթացների ու հաջողության հասել անգամ միջազգային հարթակում:
Հոր՝ Քրիստ Մանարյանի հետ վաղուց է աշխատում: Մանարյանի մի շարք գրքերի նկարազարդումների հեղինակն է: Խոսելով «Ֆելոն ու խելառների գնացքը» գրքի շուրջ համագործակցության մասին՝ Լիլիթը պատմում է. «Մեր միջև անհամաձայնությունները շատ են երաժշտության բնագավառում: Հավանաբար, իմ նկարչությունը հայրս այնքան շատ է սիրում, որ չի քննադատում: Համավարակի ժամանակ էինք աշխատում գրքի նկարազարդումների վրա: Հայրս զանգահարում էր, պատմում էր գրքի հերթական գլխի բովանդակությունը, քննարկում էինք, ես հենց այդ պահին նկարում էի կերպարներին, ու մեկ օրվա ընթացքում նկարները պատրաստ էին»:
Գրքի գլխավոր հերոսը Մանարյանների կատուն է՝ Ֆելոն: Լիլիթ Մանարյանը հիշում է, որ կատուն տարիներ առաջ մի նոյեմբերյան ցուրտ երեկո եկել է իրենց տուն: «Ենթադրեցինք, որ կախարդական աշխարհից է. նա եկավ հենց այն պահին, երբ նրա կարիքն էինք զգում: Հայրս այդ ժամանակ մի հեքիաթ գրեց նրա մասին: Սկզբում նա Ֆլեո կատուն էր, հետո՝ ուղղակի Ֆելոն»,-նշում է Լիլիթն ու հավելում, որ ցուցադրված աշխատանքները վաճառվում են:
Քրիստ Մանարյանն էլ խոստովանում է՝ Լիլիթն իրեն շատ նման է. միմյանց հասկանում են կես խոսքից: «Նրա հետ խոսելիս երբեմն ինձ թվում է, թե ինձ հետ եմ շփվում: Նա այնքան ճիշտ է զգացել այն, ինչ ցանկացել եմ տեսնել գրքում: Ես գրել եմ, Լիլիթը նկարազարդել է, պատահել է՝ նա նկարել է, ես շարունակել եմ գրել՝ ոգեշնչված Լիլիթի աշխատանքներից»,-ասում է Քրիստ Մանարյանը:
Նրա խոսքով՝ Լիլիթ Մանարյանը շատ աշխատասեր է եղել դեռ փոքր տարիքից: Նա նկարել է Քրիստ Մանարյանի «Տուն-տունիկ» հաղորդման համար: Ըստ Մանարյանի՝ Լիլիթը զարմանալի նկարչական զգացողություն ունի. կարողանում է տրամադրություններ հաղորդել, լավ գիտի, թե ինչ է դիմախաղը: «Սա նրա աշխարհն է, իսկ ես լրացնում եմ այդ աշխարհը: Այս գրաֆիկական աշխատանքներն ինձ շատ են գրավում, նայելիս բացահայտումներ եմ անում, հասկանում, թե իրականում իմ գիրքն իրենից ինչ է ներկայացնում»,-ասում է գրողը:
Քրիստ Մանարյանն ու Լիլիթ Մանարյանը դեռ շատ գրքեր են նախատեսում լույս ընծայել: Վերջերս հրատարակել են «Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ քեռու հեքիաթները» գիրքը, որը շարունակություն կունենա:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 20-ը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի