Հավատում եմ, Տե՜ր, օգնի՛ր իմ անհավատությանը
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն բանի համար պահանջում ենք փաստեր ու այսօր մեզանից շատերը անգամ հավատքի մեջ են թերահավատություն դրսևորում։ Մենք ցանկանում ենք հավատալ, բայց դրա դիմաց պահանջում ենք հստակություն, անորոշ ոչինչ այլևս մեզ համար հետաքրքիր չէ։
Այդ իսկ պատճառով էլ հավատքի տեղը զբաղեցնում են մեծ չափերի հասնող տարակույսը և անվստահությունը, շատերս սկսել ենք թերահավատորեն վերաբերվել այն ամենին, ինչի հանդեպ երբեմն հավատ ունեինք։ Այդ թերահավատությունը վտանգ է դարձել։ Մենք ավելի շատ ցանկանում ենք հասկանալ, քան հավատալ։ Երբ մարդ հոգևոր հարցերի մեջ դժվար կետերի է հանդիպում ու չի հասկանում դրանք, սկսում է տարակուսել և չհասկացած կետերն անընդունելի համարել։
Անշուշտ, պետք չէ, որ մարդ հավատա միայն այն բանի պատճառով, որ իր ծնողները հավատացյալ ու բարեպաշտ մարդիկ են եղել։ Ասել, որ «հավատում եմ, քանի որ ծնողներիցս այդպես եմ ուսանել, եկեղեցի եմ գնում, որովհետև ծնողներիցս դա եմ սովորել», բավարար չէ հավատք ունենալու համար։ Ամեն մարդ հավատալու ու Աստծուն վստահելու իր պատճառը պետք է ունենա։
Բոլոր նրանք, ովքեր սիրտն ու խիղճը մի կողմ թողած՝ ուզում են միայն մտքով բացատրել հավատքը, և եթե անգամ հաջողում են այդ հարցում, միևնույն է, պետք է համոզված լինեն, որ այդպիսի հավատքը կարող է անպտուղ լինել:
Այսպիսով, երբ ամենքս կյանքի դառնությունների ազդեցության ներքո հակվում ենք տարակուսելու և թերահավատություն ցուցաբերելու Աստծու սիրո և ողորմության վերաբերյալ, սովորենք նաև սթափվել ու դիմել Աստծուն՝ ասելով․ «Հավատում եմ, Տե՜ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկ․ 9։24):