«Մարդը պատրաստ է ստորագրել ցանկացած բան․ հայ հանրությանը պետք է սա լրջորեն անհանգստացնի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Փաշինյանը շտապում է, նրա համար կարևոր չէ, թե ինչ է ստորագրելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, կարգավորման գործընթացին, ռուսական, արևմտյան փաթեթներին և ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը:
Նա նշեց, որ Փաշինյանի այսօրվա թվիթերյան գրառումից հասկանալի է դառնում, որ կարևոր չէ, թե ինչ փաստաթուղթ կբերեն, ձգտում է ինչ-որ մի բան ստորագրել և փորձել դրանից հետո ցույց տալ ժողովրդին, որ իբրև թե բացում է խաղաղության դարաշրջան:
Ընդ որում, ըստ Մելիք-Շահնազարյանի՝ հաշվարկներ չկան, թե կոնկրետ փաստաթղթի ստորագրումից հետո ինչ հետևանքներ են լինելու և ինչ նոր մարտահրավերների առջև կարող է կանգնել Հայաստանը:
«Դրա համար Փաշինյանը շտապում է, նրա համար կարևոր չէ, թե ինչ է ստորագրելու, ընդ որում, նույնիսկ կարևոր չէ՝ այդ փաստաթղթում Արցախն Ադրբեջանի կազմում կճանաչվի՞, թե՞ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ կլինի, թե՞ կառանձնացվի այդ հարցն ընդհանրապես ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգից: Այսինքն՝ սա լուրջ խնդիր է, որը պետք է անհանգստացնի հայ հանրությանը, որովհետև մարդը պատրաստ է ստորագրել ցանկացած բան: Ընդ որում՝ առանց ճշտելու դիրքորոշումները:
ՌԴ նախագահը երեկ ասաց, որ հնարավոր է՝ Արցախի համար ինչ-որ առանձնահատուկ բաներ, և նա առանց հասկանալու, թե ինչ հնարավորությունների մասին է խոսքը, առանց փորձելու ճշտել, առանց դիվանագիտական խողովակներով այդ զրույցն անելու՝ նման հայտարարություն է անում, ինչն իմ ընկալման մեջ ուղիղ մարտահրավեր է ՌԴ նախագահին։ Այսինքն՝ հակամարտության դաշտ է տեղափոխում ՀՀ-ՌԴ հարաբերությունների տրամաբանությունը մամուլի միջոցով, այսպես բաց և վերջում ռեպլիկներով, թե հուսով է, որ ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները, այսինքն՝ ակնարկելով, որ ՌԴ-ն չի կարող պաշտպանել իր առաջարկները: Ես կարծում եմ, որ սա խնդիր է, որը հասունանալու է ռուս-հայկական հարաբերություններում և կարող է իր բացասական հետևանքներն ունենալ Հայաստանի անվտանգային համակարգի վրա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում