Փաշինյանի թվային սիմվոլիկան. Պատերազմի ելքը որոշող հայտնի օպերացիայի որոշման օրերին հանդիպում Ալիևի և Էրդողանի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մեկնում է Պրահա, որտեղ Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ինչպես նաև՝ Էրդողանի հետ, որն արդեն երկկողմ է լինելու:

Հոկտեմբերի 5-ը, 6-ը երկու տարի առաջ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ելքի առումով որոշիչ օրեր են եղել, ընդ որում, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի որոշմամբ:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախի Հանրապետություն, և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել խորհրդակցություն:

«Երեկ Արցախում էի:  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»,- 2020-ի հոկտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնել էր Փաշինյանը:

168.amգրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այս գրառումը մի քանի անգամ խմբագրել է:

Ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ ասվում էր.

«Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:

Բացի այս, 2020-ի հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «խորհրդակցական սենյակից» դուրս գալիս Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը, իսկ նրանց դռների հետևում սպասում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ այս օրերին հայտնի օպերացիայի մասին որոշումն է կայացվել:

Մասնագետների կարծիքով, Ստեփանակերտում ընդունված այս հայտնի որոշումից հետո, ըստ էության, ջարդվեց Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը՝ գլխովին ջախջախվեցին Ջաբրայիլի զորամասի մնացորդները, Ֆիզուլու տանկային զորամասը, Խոջալուի տանկային զորամասը, Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները, ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը, ինչի հետևանքով, բնականաբար, ունեցանք մարդկային լուրջ կորուստներ:

Հավելենք, որ 2020-ի հոկտեմբերի 7-ին ռուսական РБК-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր. «Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Այսինքն, պատերազմող երկրի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև հարցազրույցում նախապես հրապարակայնացնում է դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաները կամ ռազմական պլանները՝ հստակ նշելով դրանց բնույթը, ինչից թշնամին, հնարավոր է՝ օգտվել է և փոխել իր պլանները:

Իսկ հիմա՝ 2 տարի հետո նույն օրերին, Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ալիևի և Էրդողանի հետ՝ ըստ էության չավարտված պատերազմի պայմաններում վերջնագծին հասցնելու խաղաղության օրակարգը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտնել էր, որ պատերազմը սկսելուց ի վեր առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել 2020-ի հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ առաջնորդի ծննդյան օրը:

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ես ավանդաբար շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ ռազմական գործողությունների սկսվելուց արդեն անցել էր 10 օր: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»,- ասել էր Ալիևը՝ հավելելով, որ ունեցել է առաջարկներ, որոնց մասնակի իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՌԴ նախագահը, և, որ այդ առաջարկները պաշտպանել է ռուսական կողմը, սակայն հայկական կողմը մերժել է:

«Առնվազն երկու անգամ պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է այդ պատմական հնարավորությունը»,- շեշտել էր Ալիևը:

2020թ. հոկտեմբերի 7-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, մինչ այդ նա արդեն մի քանի անգամ այս տարբերակով զրուցել էր Փաշինյանի հետ, այդ թվում՝ պատերազմի սկսման առաջին օրը:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իբր նախկինների օրոք է Հայաստանը ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, հիշեցնենք, որ 2021-ի դարձյալ հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զգուշացրել էր․ «ԼՂԻՄ-ի տարածքների և ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ խոսակցությունն ինչ-որ մի պահի բանակցային փուլում պետք է տեղի ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս