Տրնդեզը՝ սիրո գաղտնագիր
Տրնդեզը միակն է հինգ հնագույն հայկական տոներից, որ նշվում է գրեթե ազգովի, թեև մոռացվել է տոնի բուն հավատքային բնույթը, պահպանվել են խարույկ վառելու և գուշակություններ կատարելու սովորույթները։
Տեառնընդառաջ անվանումը լիովին համապատասխանում է հնագույն տոնի բովանդակային իմաստին և ահա թե ինչու.
– Մոտենում է գարունը, խարույկի կրակը պետք է վաներ ցրտաշունչ ձմեռային սառնամանիքները և մոտեցներ բնության զարթոնքը։
– Բնության զարթոնքի հետ պետք է կրկին հարություն առներ Արա աստվածությունը, սկսվում էր հայկական տոմարի 6-րդ՝ Արաց ամիսը։
Գուշակությունների վերաբերյալ ունենք անհերքելի ապացույց, որը մեզ է ժառանգել Խորենացին. «Անուշավան Սոսանվերը պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը, մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ»։
Արամանյակը՝ Հայկ Նահապետի որդին, գնացել էր դեպի Արևելք, որտեղ «Հարավային Արեգակնասլաց լեռը, սպիտակափառ գագաթով ուղիղ բուսել է երկրից… լեռն իր անվան նմանությամբ կոչվում է Արագած, իսկ կալվածքին՝ ոտն Արագածո»։
Ո՞րն էր այս երկիրը։ Այդ երկիրն ընդգրկում է ՀՀ Արագածոտն, Կոտայք և Գեղարքունիք մարզերի մի մասը, այդ երկիրը պատմական Նգա բերդագավառն է։ Մենք նկատել ենք, որ Արագածից դեպի Արևելք տանող արահետի վրա են գտնվում մի շարք հնագույն բնակավայրեր՝ Լճաշենը, Կեչառիսը (կապված կեչի ծառատեսակի հետ), Քարաշամբը, որտեղ դեռևս 4200 տարի առաջ գոյություն է ունեցել զարգացած մշակույթ։ Թեղենիսը (կապված թեղի ծառատեսակի հետ), Աղապատրուշը, որը ստուգաբանվում է «ձայների քաղաք»։ Նույն արահետի վրա (դեպի Արևմուտք) է գտնվում հինավուրց Անի ամրոցը, որը շենացվել է Բագրատունիների ժամանակաշրջանում։
Թեղենիս, Կեչառոյք, Աղապատրուշ բնակավայրերի անվանումները վկայում են այն մասին, որ Հին հայերի հավատքն ունեցել է բնապաշտական բնույթ, իսկ նշված հոգևոր կենտրոններում կատարվել են բնագիտական ուսումնասիրություններ։ Հատկանշական է, որ Գեղամա լեռներում, Արագածի վրա և Արտանիշի մոտակայքում հայտնաբերվել են քարակոթողներ, որոնց ժողովուրդն անվանել է «վիշապներ»։ Ակադեմիկոս Գ.Ա. Ղափանցյանն ապացուցել է, որ դրանց վրա պատկերված կենդանիները՝ եղջերու, ցուլ, արագիլ, ձուկ և այլն, բեղմնավորության, բազմացման, պտղաբերության, սերունդների ծագումնաբանական տեսակի պահպանման խորհրդանիշներ են և կապված են Հին հայկական պաշտամունքի հետ։
Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում կառուցված Քասաղի (ներկայիս Ապարանի) Բազիլիկ եկեղեցու և Աղցքի արքայական դամբարանի պատերի վրա պատկերված են եղջերուներ, իսկ կենտրոնում՝ խաչ։ Որևիցե նախարարական տոհմի զինանշանի վրա չի եղել նման հերալդիկ դաջվածք։ Ուշագրավ է, որ Քասաղի եկեղեցու մուտքի բարավորի վրա, եղջերուների թիկունքում պատկերված է նաև ինչ-որ ծառատեսակ։ Հնարավոր է, որ եղջերուն և ծառը կարող էին լինել հին հայոց հավատքի խորհրդանիշները՝ մենք համոզված ենք, որ դա իրոք այդպես է, և կփորձենք, բացի վերոգրյալից, նաև այլ ապացույցներ գտնել։
Հայկական տոմարի կառուցվածքը
Հնագույն ժամանակներում մարդը պատկերացում է կազմել ժամանակի մասին՝ հետևելով գիշեր-ցերեկ փոփոխությանը։ Եգիպտացիները սովորել են չափել տարվա տևողությունը՝ ըստ երկնակամարում Սիրիուս աստղի հայտնվելու օրվան, տարին սկզբից չափվել է 360 օրով, իսկ ավելի ուշ՝ 365 օրով։
Բաբելոնում յուրաքանչյուր ամսվա առաջին օրը պետք է համընկներ նորալուսնի հետ, ըստ որոշ արաբական երկրներում գործող օրացույցի՝ տարին ընդգրկում է 354 կամ 355 օր։
Հին հայկական տոմարում տարին բաղկացած էր 13 ամիսներից՝ դրանցից 12-ն ունեին 30 օր, իսկ մեկը՝ 5 (6) օր և կոչվում էր ավելյաց։
Հին կելտերի օրացույց-գուշակարանը
Ըստ անտիկ պատմաբանների՝ կելտերն ընդարձակ տարածքներ են զբաղեցրել միջին Եվրոպայում։ Ք.ա. 8-6-րդ դարերում նրանք հավանաբար նավարկել են Միջերկրական ծովի վրայով և թափանցել Բրիտանական կղզիներ և Ֆրանսիա (բրիտներ և գալլեր)։
Կելտերեն են խոսում իռլանդացիների 42 տոկոսը և ուէլսցիների 21,7 տոկոսը, կելտական լեզուն պահպանվել է Բրետանում (Ֆրանսիա), Շոտլանդիայում, Կորնուոլում, Մեն կղզում (վերջին 3-ը գտնվում են Մեծ Բրիտանիայում)։
Albannaich։ Իռլանդացիները շոտլանդացիներին անվանում են Eirinn։
Հին կելտերի աշխարհաացքը բնապաշտական էր, նրանք աստվածացնում էին որոշ ծառատեսակներ՝ կաղնի և հացենի։
Գերագույն աստվածություն Ցերնունը խորհրդանշում էր բնության շարունակականությունը՝ մահը և զարթոնքը, նրան պատկերում էին թագանման եղջյուրներով կամ ոտքերի տակ կանգնած եղջերուի (կամ ցուլի) հետ։
Երկարամյա, հավանաբար՝ մի քանի դար, ուսումնասիրությունների արդյունքում կելտ իմաստուն-աստվածաբանները՝ դրուիդները, կազմել են օրացույցներ։ Դրանցից մեկն ընդգրկում է 22 ծառատեսակներ, որոնցից հաճարենին համապատասխանում է ձմեռային արևադարձի գիշերին (դեկտեմբերի 21-22), կեչին՝ ամառային արևադարձի օրերին (հունիսի 24), տխլենին և ձիթենին՝ գարնանային և աշնանային գիշերահավասարների օրերին (մարտի 21 և սեպտեմբերի 23)։ Այս օրերի գումարը հավասար է 5-ի։
Մնացած 18 ծառատեսակները բախշված են ըստ տարվա մնացած օրերի՝ օրինակ, խնձորենին համապատասխանում է 23.12.-01.01 և 25.06-04.07 տասնօրյակներին։ Ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր ծառատեսակը (18-ից մեկը), կրկնվում է երկու անգամ՝ առաջին և երկրորդ կիսամյակներում։
Մեր ընթերցողներից շատերը գիտեն, որ դրուիդները տվել են նաև յուրաքանչյուր ծառի նշանի տակ ծնված մարդկանց բնավորության հիմնական գծերի նկարագիրը։ Պետք է խոստովանենք, որ այդ նկարագրերը բավականաչափ հավաստի են։
Դրուիդների օրացույցը լրջորեն ուսումնասիրվում է ժամանակակից գիտնականների կողմից։ Հատկապես կան բժիշկներ, ովքեր գտնում են, որ համապատասխան ծառատեսակից ստացված պատրաստուկները կարող են զգալիորեն թեթևացնել հիվանդի վիճակը։
Արդյո՞ք դրուիդները գտել են մարդու ծագումնաբանական գաղտնագիրը. այս հարցին դեռ որևիցե մեկը չի պատասխանել։ Սակայն ներկայումս արվում է գեների անալիզ, որը թույլ է տալիս կազմել անհատական սննդակարգ։ Այդ գեները մի քանի տասնյակ են (հազարներից), դրանք են կարգավորում մարսողությունը, էնդոկրին համակարգի աշխատանքը, ֆերմենտների ակտիվությունը։ Ներքին գենոմի ուսումնասիրությունը թույլ է տալիս ճիշտ սննդակարգի օգնությամբ կանխարգելել ժառանգական հիվանդությունները։
Այդ գեների «համախումբը» հնարավոր չէ փոխել, սակայն կարելի է ղեկավարել դրանց աշխատանքը բնական միջոցներով։ Խնդրի լուծմամբ զբաղվում են բազմաթիվ անվանի բժիշկներ, կենսաբաններ, անտրոպոլոգներ, ծագումնաբաններ։
Հին խեթական բևեռագիր արձանագրությունը և ժամանակակից ծագումնաբանական հետազոտությունները
Հնագույն Փոքր Ասիայում խեթերի մոտ (Կապադովկիայում) 3500 տարի առաջ գոյություն է ունեցել Ara անունով բուսականության մի աստվածություն։ Նրանց բևեռագիր արձանագրություններում d’kelti, d’aras և d’Aia բառերը գրված են նույն տողի վրա։ «d» մակդիրը կրճատումն է շումերական dingir=աստված բառի, որը հետագայում դրվել է հոմանիշ բևեռագրի փոխարեն։
Հայտնի ասորագետ, գերմանացի Հանս Էհելոլֆը նկատել է, որ ara և kelti բառերը գործածվել են նաև՝ որպես հասարակ անուններ, և այն էլ՝ հոմանիշ բովանդակությամբ (արտ կամ անտառ)։
Aia բառը ունի շումերաաքքադական ծագում և նշանակում է «անտառամայր»։
Արդյո՞ք բևեռագրի արձանագրության kelti բառը կարելի է վերագրել ժամանակակից կելտերին։ Կարծում ենք, որ՝ այո, և ահա թե ինչու։ Մեր հայրենակից, ծագումնաբան Լևոն Եպիսկոպոսյանը («Когда генетика и история сталкиваются »), ով աշխատել է հետազոտողների միջազգային խմբի հետ, գրել է. «Ժամանակակից անգլիացիների 41 տոկոսի, իռլանդացիների 44 տոկոսի, բասկերի 77 տոկոսի, Արցախի բնակչության 14 տոկոսի և սյունիքցիների 24 տոկոսի մոտ կա ծագումնաբանական ընդհանրություն՝ արևելահայերը և կելտերը ունեցել են ընդհանուր նախահայր»։
Հայոց այբուբենի գաղտնագի՞ր, թե՞ պատահական համընկնում
Բազմաթիվ հրապարակումներում նկարագրել ենք կելտական օրացույցում ընդգրկված ծառատեսակների բուժիչ հատկությունները (տե՞ս «168 Ժամ»)։
Մեզ հետաքրքրեց այն հանգամանքը, որ 18 ծառատեսակները կրկնվելով՝ տարվա ընթացքում 2 անգամ, համապատասխանում են տարվա 360 օրերին՝ 360 թիվը հավասար է շրջանի լրիվ անկյունային չափին, ստացվում է, որ յուրաքանչյուր ծառատեսակին կարելի է համապատասխանեցնել 2-ական 10 աստիճան անկյունային չափ ունեցող հատվածներ՝ առաջին և երկրորդ կիսամյակներում։ Նման գծագիրը համահունչ է հայոց տոմարի հետ (12 հիմնական և 1 հավելյաց ամիսներ՝ 360 և 5 լրացուցիչ օրեր)։ Ստացվում է հետաքրքիր պատկեր.
- Տրնդեզի և Նավասարդի (որի տոնակատարությունը տևում է 1 շաբաթ) տոները համընկնում են մայրի ծառատեսակի հետ՝ գտնվում են նույն տրամագծի վրա,
- Նույն օրերին տոնվում են նաև կելտերի կարևորագույն 2 տոները,
- Նախրաթողի տոնը համապատասխանում է շագանակենուն (կասկենի). այս ծառատեսակի սիմետրիկ հատվածը համապատասխանում է մայիսի 15-24-ին։
- Կելտերի մոտ նույնպես կա Նախրաթողի տոն և մի տոն, որ նշվում է մայիսին։
Հնում անտառը կոչվել է Մայրի։ Մայրին խորհրդանշել է անմահություն։ Շագանակենու (այստեղ նկատի ունենք ձիակասկենին) պտուղներով կերակրել և բուժել են ձիերին։
Արդյո՞ք պատահական է մեր և կելտական տոների նման համընկնումը կամ այն, որ տոները համընկնում են մայրի ծառատեսակի (անտառի) հետ։ Կարծում ենք, որ ոչ, քանի որ հին ժամանակներում անտառը կերակրում էր մարդուն, իսկ ավելի ուշ զարգացան հողագործությունը (թեղ, թեղ տալ, թեղուտ) և անասնապահությունը (ձիաբուծություն)։
Գծագրի վրա մենք համատեղել ենք հայոց այբուբենի տառերը և դրանց համապատասխանող թվային արժեքները՝ կելտերի օրացույցի հետ։ Համընկնումը չի կրում մեխանիկական բնույթ, այլ ունի կարևորագույն պատմական և հավատքային իմաստ։ Երբ միացնում ենք մայրի և կասկենի ծառատեսակներին համապատասխանող 6, 60, 600, 6000 կոորդինատները, ապա ստանում ենք մի պատկեր, որը շատ նման է Էրեբունիի որմնանկարներից մեկի վրա պատկերված սրբազան քառակուսուն։ Նման պատկերներ կան 12-րդ դարում կառուցված Առաքելոց եկեղեցու գավիթի առաստաղի (Անի, տե՞ս Հայաստանի հրաշալիքները, Երևան, 2009թ.) և Աղապատրուշի Սբ. Աստվածածին եկեղեցու կիսավեր զանգակատան վրա։ Ի դեպ, Աղապատրուշի եկեղեցին ունի բացառիկ արժեք (տե՞ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։
Սիրելի ընթերցողներ, այսպիսին էր մեր Հին հավատքը, և մեր ազգն ուժեղ է եղել այդ հավատքի շնորհիվ։ Կելտերի օրացույցի իմացությունը կօգնի ավելի ճիշտ կողմնորոշվել կյանքում, գնահատել ձեզ շրջապատող բնությունը։
Հաճարենի
Ներկայացնում ենք դեկտեմբերի 21-22-ը ծնված մարդկանց նկարագիրը՝ ըստ կելտական օրացույցի։
Բարեկազմ է և գեղեցիկ, ապրում է մինչև խորը ծերություն, պահպանելով բոլոր այդ հատկանիշները, որոնք բնորոշ են երիտասարդներին՝ ճկունություն, ճարպկություն, սլացիկ կառուցվածք։ Նա միշտ խնամված տեսք ունի, զուրկ չէ որոշակի կոկետությունից։
Բարենպաստ պայմաններում հաճարենին ցանկացած ասպարեզում կարող է հաջողության հասնել։ Ճարպկություն և հնարամտություն է ցուցաբերում ամենաբարդ իրավիճակներում, կարողանում է ճիշտ կազմակերպել իր առօրյան։ Հաճարենին հաշվենկատ է և խնայող։ Նա երբեք հույսը չի դնում պատահականության վրա, ճիշտ ծանրութեթև է անում բոլոր թեր ու դեմերը։
Սիրո մեջ միասեր է, իդեալական ամուսին, ձգտում է երեխաներ ունենալ, ուշադիր է տան կահավորանքի հանդեպ։