«Մենք քաղաքում կրակոցների ձայներ չենք լսել, այս պահին իրավիճակը հանգիստ է». Ջերմուկի փոխհամայնքապետ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:

168.am հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղում ընդհանուր իրավիճակը նորմալ է։

Կարդացեք նաև

«Կրակոցները մեր ուղղությամբ չեն եղել»,- ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Ջերմուկ քաղաքի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է եղել։

«Մենք քաղաքում կրակոցների ձայներ չենք լսել։ Հիմա, թե ո՞ր դիրքերում են կրակել, ինչպե՞ս, արդեն պետք է ՊՆ-ն մեկնաբանի։ Այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է»,- եզրափակեց Վարդան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս