«Արցախի ընտրված ներկայացուցիչներից» «ԼՂ-ում բնակվող հայեր» մեկ քայլ էր. Մնացականյան-Փաշինյան շղթայական քայլերի հետևանքները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ օգտագործել է «ԼՂ-ում բնակվող հայեր», «ԼՂ հայեր» ձևակերպումները, որոնք կիրառում է Ադրբեջանի ղեկավարը, և ինչը որոշ մարդկանց գուցե զարմանքն և զայրույթը հարուցի: Բայց սա առաջին անգամը չէ, այս իշխանությունների կողմից սա հետևողական տարվող քաղաքականություն էր, պարզապես 44-օրյա պատերազմից հետո են շատերը նկատել այն, ինչը մինչ այդ չէին նկատել, կամ այդքան էլ վտանգավոր չէին համարել: Իսկ «ԼՂ-ում բնակվող հայեր» ձևակերպումը և այս խայտառակ իրավիճակին տանող բառապաշարը պաշտոնական մակարդակում գործող իշխանությունները կիրառել են նաև նախքան պատերազմը:

Մասնավորապես, 2019-ի դեկտեմբերին ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեցին «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինը:

2019-ի սեպտեմբերին՝ Գյումրու Սև բերդ ամրոցում տեղի ունեցած Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության վերջում, մասնակիցներից մեկը, դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նրան կոչել էր ՀՀ Արցախի մարզպետ։ Պատահականությո՞ւն էր: Իհարկե, ոչ: Դիտավորություն էր՝ հատուկ նպատակով: Ավելի ուշ պարզվեց, որ այդ Բակո Սահակյանին Արցախի մարզպետ անվանող անձը Արտուշ Խաչատրյանն է՝ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր նախագահը և «Համայնքի զարկերակ» ԵՀԿ ղեկավարը: Նրա այդ ելույթը ողջունվել էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Վերադառնալով դիվանագիտական արտաքին քաղաքական մակարդակում «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինոլոգիայի շրջանառությանը, Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած գերատեսչությունը՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի, դրանում ոչ մի վտանգ չտեսնելով, պարզաբանել էր.

Կարդացեք նաև

«Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին՝ սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»:

Մինչդեռ Արցախի հարցերով որոշ փորձագետների կարծիքով, դա ճիշտ էր 1992-ի համար, բայց հիմա արդեն ապրում ենք կամ մինչև պատերազմն ապրում էինք կայացած իփսո ֆակտո (Ipso facto) պետության մեջ:

Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, և, որ այն պետություն է:

Այսինքն՝ «դե ֆակտո»-ն և «դե յուրե»-ն վերաբերում են ճանաչմանը, իսկ «իփսո ֆակտո»-ն՝ պետության գոյությանը և զարգացմանը: Հետևաբար, չէր կարելի 2020-ին օգտագործել 1992-ի տերմինոլոգիան, մի տերմին, որը գործածվել էր այն ժամանակ, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը: Սա նշանակում է՝ սկզբունքային տարբերություններ կան «իշխանություններ» և «ներկայացուցիչներ» տերմինների միջև:

«Հասկանալի է, որ նմանօրինակ փաստաթղթերում մանրակրկիտ է մտածվում, ընտրվում ցանկացած բառ՝ ելնելով դրա կարևորությունից: Ես սրանում վտանգ եմ տեսնում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու լեգիտիմության իջեցման՝ որպես կայացած, թեկուզև չճանաչված պետության, ինչպես նաև՝ Արցախի ներկայացուցիչների՝ «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ հավասարեցման առումով, ինչի մասին վերջին ժամանակները խոսվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Արցախի հարցով փորձագետ, «Գոլոս Արմենիի» թերթի փոխխմբագիր Մարինա Գրիգորյանը:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1993-ին Արցախին որպես կողմ է ընկալել:

«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը՝ որպես բանակցային կողմ, և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- 2019-ին ասել էր Շավարշ Քոչարյանը։

Շարունակելով Փաշինյանի և նրա իշխանության քաղաքական նորամուծությունների թեման՝ նշենք, որ թեզ առաջ քաշվեց, որ բանակը պիտի աջակցի դիվանագիտությանը, մինչդեռ առաջին անելիքը դիվանագիտությանն է՝ թույլ չտալ պատերազմի վերսկսում, ապահովել բանակի հաղթանակների պահպանումը և ոչ թե՝ դրանց մսխումը:

Հավելենք, որ պատերազմից հետո ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե Հայաստանի ձախողումները եղել են ռազմական ոլորտում, ոչ թե դիվանագիտական.

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, իսկ դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»,- ասել էր նա:

Ավելի ուշ Արա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում նախ պարզաբանել էր՝ «Ես ասել եմ, որ մեր բանակը՝ իր դիմաց ունենալով գերակշիռ ուժեր, ձախողվել է», այնուհետ հարցին՝ դիվանագիտությո՞ւնը պիտի աջակցի բանակին, թե՞ հակառակը, այսինքն, եթե բանակը համարձակ քայլերի գնար, դիվանագիտական հարթությունում դա կարո՞ղ էինք, այսպես ասած, մարսել, դիվանագետը պատասխանել էր.

«Պետք է լինի փոխլրացում: Բայց ուժային կառույցները, անվտանգությունը և դիվանագիտությունը, հատկապես մեր նման երկրի դեպքում, պետք է միասնական և համադրված աշխատեն: Այս եռամիասնությունը՝ անվտանգություն-բանակ-արտաքին գործերի նախարարություն, անպայման պիտի լինի: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, յուրաքանչյուր քայլ, որ արվում է, դա պատահական և ինքնաբուխ չի լինում: Դրա համար կա Անվտանգության խորհուրդ, որտեղ քննարկվում են նմանատիպ հարցեր, բայց նաև ամենօրյա ռեժիմով»:

«Արդյո՞ք այս կապը խաթարվել էր մեզ մոտ»՝ հակադարձմանն ի պատասխան՝ արտաքին գործերի նախկին նախարարն ընդգծել էր. «Լավ չէր գործում»:

Կամ գուցե ինչ-որ ժամանակ Նիկոլ Փաշինյան-ԱԳՆ կա՞պն է լավ գործել: Գուցե:

Սրա մասին արդեն պիտի խոսեն Զոհրաբ Մնացականյանը և այլք:

Իսկ հիմա կարող ենք ընդամենն ասել՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներից» «ԼՂ-ում բնակվող հայեր» մեկ քայլ էր, գուցե՝ երկու:

Տեսանյութեր

Լրահոս