ՔՊ-ն չի միանալու Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին. Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի բնորոշմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կանայք ագրեսիվ չէին։

Ըստ նրա, մարդիկ պարզապես լարված էին այն ամենից, ինչը հնչում էր երեկ՝ ԱԺ-ի շենքի մոտից։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությանը, Բաբկեն Թունյանը նկատեց.

«Լրագրողներ եք, բոլորիդ էլ ճանաչում եմ, եթե հայերենի հետ մի քիչ իմացություն ունեք, իմ կարծիքով՝  կարելի էր այդ հայտարարությունը շատ նորմալ հասկանալ։ Գոնե ինքներդ՝ լրագրողներդ, խնդրում եմ, մարդկանց խոսքերը մի աղավաղեք, ներկայացրեք այնպես, որ հասարակությունը ճիշտ հասկանա ասելիքի իմաստը։ Երբ նախադասության կամ տեքստի միջից կոնտեքստից կտրում ես ինչ-որ նախադասություն, դա կարող է ամբողջ միտքը հակառակ ուղղությամբ ներկայացնի, դուք ինձանից լավ գիտեք դա ու այդ հնարքը շատ լավ օգտագործում եք»։

Կարդացեք նաև

Սրբագրելով Նիկոլ Փաշինյանի ասածները, իշխանական պատգամավորն ասաց, թե նա հայտարարել է. «եթե իմանա, որ կա տարբերակ, որը Հայաստանի շահերից է բխում ու այդ տարբերակը Հայաստանի շահերին չի հակասում, եթե անգամ այդ տարբերակն ընդունելու դեպքում մեզ իշխանությունից հանեն, բայց եթե դա բխում է  ժողովրդի շահերից՝ դա կստորագրեմ։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, թե Հայստանի համար կան «կարմիր գծեր»։

«Եթե սրանից հետո մարդիկ լավ չեն հասկանում, մի լավ խոսք կա՝ եթե մարդը վարձատրվում է  չհասկանալու համար, ուրեմն իրեն ոչինչ հնարավոր չէ հասկացնել։ Հարգելի լրագրողներ, ես ձեզ խնդրում եմ, փորձեք իրականությունը ներկայացնել ժողովրդին»,- շեշտեց նա։

Հիշեցնենք ու բառացի մեջբերենք, թե երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին՝ ինչ էր ասել.

«ՀՀ իշխանությունները չեն ասել, թե Հայաստանը չունի պրոբլեմներ, այլ հակառակը՝ ասում են՝ ՀՀ-ն  ունի անվտանգային, գոյաբանական խնդիրներ, բայց նաև՝ պետք է գնան հարցերի կարգավորման: Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝  29.800 քկմ  տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն: Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ.  ինձ չի հետաքրքրում՝  ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»:

Ի դեպ, նույն հարցի ու տրված պատասխանի տեսագրությունը Նիկոլ Փաշինյանը տեղադրել է նաև ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:

Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ այսօր խորհրդարանում լրագրողների տված հարցին, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ ՔՊ-ն չի միանալու Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։

 

Տեսանյութեր

Լրահոս