Մենք մեր ընտրողներին ենք տնտեսական աճ խոստացել, ոչ թե ձեզ. Թունյանը՝ ՔՊ-ի պարտավորությունների մասին

«Ինչպես և ենթադրվում էր, մեր ընդդիմությունը կենտրոնացավ հիմնականում պետական պարտքի վրա։ Ինձ մոտ մի քիչ տարօրինակ զգացողություն է  առաջանում, երբ, օրինակ, խոսք է գնում այլ գիտությունների մասին՝ քիմիայի, բժշկության, որևէ մեկն իրենք իրավունք չի վերապահում վստահ տոնով դատողություններ անել։ Բայց երբ խոսք է գնում ֆինանսների ու տնտեսության մասին, բոլորը սկսում են այդ մասին խոսել»,- ԱԺ-ում Բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

Հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությանը, թե արտաքին պարտքը ձգտում է 13 մլրդ դոլարի, Թունյանն ասաց.

«13 միլիարդի ձգտում է պետական պարտքը, որի կեսն է կազմում արտաքին պարտքը։

Ասում եք, որ ամեն քաղաքացու բաժին է հասնում 25 հազար դրամ ամսական, այս թվային մանիպուլյացիաներն այնքան գայթակղիչ են, որ կարելի է այնքան նման մանիպուլյացիաներ անել։ Օրինակ, հիմա ես կարող եմ մի թիվ հնչեցնել, որը բացարձակ ճշմարտություն է, օրինակ, կարող եմ ասել, որ 2021 թվականի օգոստոսից սկսած «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները միասին մինչ օրս ստացել են 550 մլն դրամ աշխատավարձ։ Բա պետք է ստանայիք այդ աշխատավարձը։

Կարդացեք նաև

Կամ՝ ասում եք՝ ամեն մեկի վրա այսքան պարտքի բեռ եք բերել։ Ուրեմն՝ պետական պարտքը կուտակային ցուցանիշ է, պաշար։ Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքը, այդ 12 մլրդ դոլարը, որ ասում եք՝ դա մենք չենք եկել ու զրոյից սարքել պետական պարտք։ 2018 թվականին արդեն պետական պարտքն այդ գումարի կեսն էր»։

Այնուհետև Բաբկեն Թունյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորները շատ լավ գիտեն, որ արտաքին պարտքը մեծացել է 2020 թվականին, երբ եղավ պատերազմ, կորոնավիրուս։

Նա նաև ընդգծեց, որ եթե, օրինակ, ժամանակին պատշաճ ուշադրություն դարձվեր կրթությանն ու գիտությանը, ապա այսօր բոլորովին այլ երկիր ու տնտեսություն կլիներ։

«Ասում եք՝ ինչի վրա է ծախսվել այդ գումարը, ինչի վրա որ ծախսվել է՝ կարող եք տեսնել ճանապարհների որակի, երթակառուցվածքների և մնացածի մեջ։ Թե ինչի վրա են ծախսվել մինչև 2018 թվականը ներգրավված վարկային միջոցները, եթե ուզում եք, բացեք ապօրինի գույքի վերաբերյալ քննվող գործերը, այնտեղ կտեսնեք։ Այստեղ խոսք գնաց նաև ԱՆԻՖ-ի մասին, գիտե՞ք՝ որն է տարբերությունն այսօրվա և նախկինի, որ ԱՆԻՖ-ի մասին այդ հարցերը մենք ենք բարձրացնում և ԱՆԻՖ-ի հետ կապված այդ գործողությունները մեզ համար են անընդունելի»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Կրկին խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին, նա ասաց՝ երբ նրանք քննադատում են բյուջեի նախագիծը, պետք է պատրաստ լինեն նաև հակառակ կարծիք լսելու, այլ ոչ թե՝ երբ նրանց հիշեցնեն, որ այս կամ այն լավ նախագծին կողմ չեն քվեարկել, նրանց շարքերն ալեկոծվեն։

«Դրանից հետո էլ պարոն Վարդանյանը փեշերը քշտած կոչ անի, թե՝ չափի մեջ մնացեք։ Ափսոս, պարոն Վարդանյանն այստեղ չէ, որ հենց չափերից դուրս գամ՝ նշան անի, որ տեսնեմ՝ երբ եմ դուրս գալիս։

Ինչ մենք խոսք տվել ենք, դրա պատասխանը տալու ենք 2026 թվականին, իսկ դուք ի՞նչ եք խոստացել։ Օրինակ, 2021 թվականից մինչ օրս դուք ինչո՞վ եք զբաղվել, ես հիշում եմ, որ դուք եկել եք ձեր սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր։ Քանի՞ անգամ եք ձեզ դիմած տնտեսվարողների հարցով քննարկում կազմակերպել, անգամ խուսափում եք լինել հարակից զեկուցող։ Ուզում եմ ասել, որ կողքից քննադատելը հեշտ է, բայց որևէ բան անելը դժվար է։

Դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ ԱԺ-ում։ Դուք մնացել եք մեջտեղում, ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված՝ մտածելով, որ այստեղ կարող է մի քիչ կառուցողական ոճի մեջ մտնեք, փողոցում ձեզ կարող են չընդունել։ Բայց ձեզ այսօր փաստացի ո՛չ ԱԺ-ում են ընդունում, ո՛չ փողոցում, որտե՞ղ եք ձեզ ավելի հարմարավետ զգում, խնդրում եմ, որ մինչև 2026 թվականի ընտրություները կողմնորոշվեք»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս