Ռուլետկան պտտվում է, կառավարությունն ազարտի մեջ է ընկել. Սա՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ տարբերակն է… պետք չէ՛ լապշա կախել մարդկանց ականջներին, պետք է անկեղծ ասել, որ դրությունը ծանր է. տնտեսագետ

750 միլիոն դոլար ծավալով եվրաբոնդերի թեման շարունակում է մնալ մասնագիտական ու հանրային քննարկումների ծիրում․ շարունակում են հնչել տեսակետներ, որ սա իրականում վտանգավոր և անհեռատես գործարք է։

168am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանրային շրջանակների քողազերծումից հետո էր Ֆիննախը, վերջապես, հաստատել պարտատոմսերի թողարկման լուրը։

Քննադատություններին հակադարձել էր իշխանական շրջանակներից հնչող վստահեցումը, թե եվրապարտատոմսերի թողարկման մասին պաշտոնական հրապարակում չանելը ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ տեղաբաշխման գործընթացի կանոնակարգ ու պահանջ, որ եվրապարտատոմսերի թողարկումն ամենևին չի նշանակում արտաքին պարտքի ավելացում, և, որ այն վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։

168am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անդրադառնալով իշխանականների՝ հատկապես վերջին պնդմանը, թե այս թողարկումը ցույց է տալիս նաև միջազգային ներդրողների վստահությունը մեր տնտեսության նկատմամբ, նշեց․ «Այդ վստահության կոմպոնենտը, նախևառաջ, որոշվում է եկամտաբերության կամ տոկոսադրույքի մակարդակով․ եթե դատում ենք 7,1 տոկոս եկամտաբերությամբ, ապա ճիշտ հակառակն է՝ որևէ վստահություն չկա, և դրա համար է կառավարությունը ստիպված եղել այդպիսի բարձր տոկոսադրույքներով տեղաբաշխել նման հսկայական միջոցներ։ Ընդ որում, պետք է մարվեր 500 միլիոնը, բայց ըստ էության նաև կարծեք հետին թվով 250 միլիոն էլ կոմպենսացվել են արդեն վճարված տոկոսները, ինչը ևս աննախադեպ է, որովհետև սովորաբար մարվում է այնքան, որքան տեղաբաշխվել է ժամանակին»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1 տոկոս եկամտաբերությամբ։

Ատոմ Մարգարյանն անդրադարձավ պաշտոնական պարզաբանման այն հատվածին, ըստ որի՝ եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթն օգտագործվելու է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով

«Ես կհասկանայի դեֆիցիտի այսպիսի ահռելի՝ 5․5 տոկոս չափը, եթե իսկապես երկրի ռազմական ծախսերը, պաշտպանության մակարդակը հավասարված լիներ մեր թշնամու ռազմական ծախսերին․ մինչդեռ այս տարվա բյուջեում 1 միլիարդ 700 միլիոն դոլար է Հայաստանի ծախսը, իսկ Ադրբեջանինը՝ ավելի քան 5 միլիարդ դոլար,- հավելեց Ատոմ Մարգարյանը՝ շեշտելով, որ երկրի բյուջեն վեր է ածվել ֆինանսական բուրգի,- Որպեսզի դուք կարողանաք նախորդ պարտքը, ընդ որում, բավականաչափ ավելի ցածր տոկոսադրույքով ներգրավված, այժմ մարել, ստիպված եք ներգրավել ավելի մեծ չափաբաժիններով ու ավելի ծանր պայմաններով միջոցներ։ Իսկ այդ 7,1 տոկոսը շատ ավելի բարձր է, քան ներքին աղբյուրներից, հնարավոր տեղաբաշխումներից այդպիսի միջոցների ձեռքբերումը։

Սակայն, քանի որ այս ռուլետկան պտտվում է, ապա կառավարությունը, ազարտի մեջ ընկած, տեղաբաշխում է միջոցներն այնպիսի տոկոսադրույքներով, ինչը պարզապես տրամաբանությունից դուրս է։

Սա ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ տարբերակն է, և այն իշխանական սազանդարները, որոնք իրենց փորձագետի տեղ դրած՝ սկսում են հիմնավորել սա, խորհուրդ կտամ՝ նման բան չանել․ ամեն բան տեսանելի է։

Այլ հարց է, որ կառավարությունն անելանելի վիճակում է։ Ի դեպ, հարկային հավաքագրումների այն օրակարգերը, որոնց մեջ ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով իրեն դրել է այս կաբինետը, դրա դրսևորումներից է»։

Ատոմ Մարգարյանի համար հասկանալի չէ, թե այն դեպքում, երբ մեր կարգի համադրելի երկրները նման միջոցները ներգրավում են 3,5-4 տոկոսով, ինչո՞ւ է մեր կաբինետը կրկնակի բարձր տոկոսադրույքներով միջոցներ տեղաբաշխում, ապա նաև, թե ինչո՞ւ պաշտոնապես չի հայտարարվում այդ տեղաբաշխման մասին։

«Նման հարցերը պետք է օրենսդրությամբ լուծվեն․ չպետք է թույլ տալ, որպեսզի օրվա իշխանությունն օրենսդրական սողանցքներից օգտվելով՝ չարաշահի այդ լծակը։ Եթե բյուջեի դեֆիցիտի առավելագույն առաստաղը սահմանվի և ամրագրվի օրենքով, որևէ օրվա կառավարություն նման քայլի չի գնա։

Սա վտանգավոր վարքագիծ է․ ամեն իշխանություն կարող է այսպիսի խաղեր խաղալ և հաջորդ իշխանությանն ու նույնիսկ երկրի հեռանկարը դնել ծանրագույն իրավիճակում։

Մենք կենսաթոշակային ֆոնդեր ունենք, ապահովագրական ֆոնդեր ունենք․ ինչո՞ւ այդ կարգի միջոցները չեն տեղաբաշխվում ներքին պարտքի կարգավիճակով, և չգնալ մտնել այսպիսի տոկոսադրույքների բեռի տակ,- մանրամասնեց մասնագետը՝ տեղեկացնելով, որ փողի գինը 2025թ. մարտի դրությամբ՝ միջինում 4,3 տոկոս է,- Այսինքն՝ դա այն հասանելի մակարդակն էր, որ կարող էր այս կաբինետը ներգրավել։ Եթե նայենք մի քանի տարվա կտրվածքով, 2027 թվականի մարտին՝ 3,635 տոկոս է։ Ի՞նչ է, մեր ֆինանսների ոլորտի պատասխանատուները սա չե՞ն տեսնում»։

Ըստ Ատոմ Մարգարյանի՝ մասնագիտական մեկնաբանություն անողները կարող են իրենց նեղություն տալ և նայել լիբորի կողմնորոշիչը միջազգային վարկային շուկայում, տոկոսադրույքների կանխատեսումները։

«Պետք չէ՛ լապշա կախել մարդկանց ականջներին․ պարզապես պետք է անկեղծ լինել ու գոնե ասել, որ դրությունը ծանր է, որ ժամանակ չկա,- ամփոփեց տնտեսագետը՝ վստահեցմամբ, որ նման գործարքները գովող փորձագետներն իրականում մասնագիտական հարթակներում բանավեճի պարագայում կխայտառակվեն՝ փաստարկների բացակայության պատճառով,- Միակ փաստարկը երկրի ծանրագույն վիճակն է։ Սա է իրականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս