Սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ու չլսել Սերժ Սրապիոնյանի դասախոսությունները, կնշանակի հայագիտությանը նայել ապակու հետևից․ ԵՊՀ շրջանավարտներ

Մենք՝ 1993-98 թթ. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներս, հանդես ենք գալիս՝ ի պաշտպանություն մայր բուհի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի։

ԵՊՀ-ն մայր բուհի անուն է վաստակել գիտակրթական բարձր որակի, դասախոսական ծանրակշիռ ներուժի շնորհիվ։ 24 տարի առաջ բուհն ավարտելով՝ մենք վստահ ենք եղել, որ քանի դեռ այնտեղ դասավանդում են Սերժ Սրապիոնյանի նման գիտակ, շիտակ, սրտացավ ու նվիրյալ հայագետ-մտավորականներ, ուրեմն հայ բանասիրությունը, հայագիտությունը պաշտպանված են ու սերունդներին են ավանդվելու բարեղճորեն ու պատվով։

Ով մեկ անգամ լսել է Սերժ Սրապիոնյանի դասախոսությունը, ոչ միայն մայրենի լեզուն ու գարականությունը, մեր պատմությունն ու հոգևոր արժեքները, այլև հայրենիքը ճշմարիտ ճանաչելու սիրով է վարակվել։

Մենք այսօր հայագիտության ու մանկավարժության ոլորտներում շարունակում ենք սերունդներ կրթել, գիտական գործունեություն ծավալել ու ամեն տեղ հպարտությամբ ասել, որ Սերժ Սրապիոնյանի ուսանողն ենք եղել։ Հավատացեք, որ այդ խոսքերը բոլորն ընդունել են որպես համալսարանականի բարձր տիտղոս։ Սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ու չլսել Սերժ Սրապիոնյանի դասախոսությունները, կնշանակի հայագիտությանը նայել ապակու հետևից։

Սերժ Սրապիոնյանը միայն գրականություն չի դասավանդում, նա ամեն թեմային զուգընթաց՝ ուսանողի մեջ ներարկում է ազգային ինքնությունը ճանաչելու, ազգային ինքնությամբ հպարտանալու, ազգային ինքնությանը հավատարիմ մնալու բարձր գիտակցում։

Հանդես գալով ի պաշտպանություն Սերժ Սրապիոնյանի՝ մենք պաշտպանում ենք նաև ազատ խոսքի ու կամարտահայտման իրավունքը։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 1993-98 թթ. ուսանողներ

Տեսանյութեր

Լրահոս