«Ոչ մեկը 40 տոննայից շատ չի բարձում, որ մեքենան չվնասվի, թող ուշադրություն դարձնեն ասֆալտի որակին». բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ
ԱԺ-ում սեպտեմբերի 2-ին աշխատանքային քննարկում էր անցկացվել՝ ներքին բեռնափոխադրումներ իրականացնողների, պատգամավորների, ՊԵԿ-ի, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկում էին Կառավարության 2019 թ. N 1158 որոշման մեջ կատարված փոփոխություններն ու դրանց հետևանքով բեռնափոխադրող ընկերություններին հասցվող վնասների հարցը:
Պարզվում է՝ վարչարարության վերջին փոփոխությունները դժգոհությունների մեծ ալիք են բարձրացրել ներքին բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների շրջանում:
Քննարկման մասին ՀՀ ԱԺ կայքում տեղադրված համառոտ հաղորդագրության մեջ մեջբերված է ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տեսակետը.
«Կա արձանագրում, որ ծանրաքարշ բեռների փոխադրման ընթացքում ճանապարհածածկը շատ արագ քայքայվում և փչանում է, այդ իսկ պատճառով հսկողությունն ուժեղացվել է ծանրաքարշ բեռների տեղափոխման կանոնների պահպանման նկատմամբ: Սրանով փորձ է արվում պահպանել ճանապարհածածկի վիճակը և նվազագույնի հասցնել այն վնասները, որոնք պատճառվում են ծանր բեռներ տեղափոխելու արդյունքում»:
Քննարկման ժամանակ անդրադարձել են հատկապես բեռների կշռի սահմանափակման հարցին, և Արմեն Խաչատրյանն էլ ասել է, որ խնդրահարույց է համարվում նաև բեռների կշռման գործընթացը: Ներքին բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն էլ բարձրացրել են այն ճանապարհների հատվածների հարցը, որտեղ ծածկը համապատասխան ամրություն չունի, հաշվի առնված չէ նաև աշխարհագրական դիրքը, ինչը շատ հաճախ բեռների քաշը ոչ ճիշտ ցույց տալու պատճառ է դառնում: Խնդիրն այն է, որ բեռնափոխադրողները տարիներ շարունակ ավտոմեքենաներ են ներկրել, ավտոպարկ են ձևավորել, իսկ հիմա բեռների կշռման նոր գործընթացով, փաստորեն, փոխում են խաղի կանոնները:
168.am-ը կապ հաստատեց բեռնափոխադրում իրականացնող մի քանի ընկերությունների հետ՝ պարզելու խնդրի մանրամասները: Ներկայացուցիչները որպես խնդիր՝ առաջին հերթին կարևորեցին ճանապարհահատվածի որակը:
«Բի Էֆ Տրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերությունից ասացին, որ խոսքը հիմնականում վերաբերում է Իրանից բերվող բեռներին, իսկ, օրինակ, Ռուսաստանի դեպքում այնտեղից սկսած խստացված հսկողություն է:
Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ՝ ի տարբերություն Մեղրիի ճանապարհի, համեմատաբար բարվոք է Ոսկեպար, Նոյեմբերյան, Ստեփանավան, Գյումրի հատվածը, սակայն դեպի Մեղրի մեկ ճանապարհ է, ու կոնկերտ հատվածներ կան, որոնց վիճակն այնքան էլ լավ չէ:
Սեփական մեքենայով բեռնափոխադրում իրականացնող Գրիգորն էլ հայտնեց, որ ներքին բեռնափոխադրում է իրականացնում, և դեռ դեպք չի եղել, որ կշռեն բեռը, չնայած լսել եմ, որ Մեղրի-Երևան ճանապարհահատվածում կշեռքներ են դրվել:
«Ֆասթ վեյ» բեռնափոխադրող ընկերությունից հայտնեցին. «ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը ?? տոննան է, և եթե մեքենան էլ հետը 40 տոննան չի գերազանցում, ապա ճանապարհները չեն վնասվի: Ամբողջ աշխարհում դա ընդունված քաշ է, սակայն, եթե 40 տոննայից ավելի լինի, ապա կապ ունի ասֆալտի որակը: Որակը եթե լավը չլինի՝ բնականաբար, կվնասվի, իսկ եթե լավը լինի՝ չի վնասվի: Միանշանակ, ճանապարհի որակը շատ կարևոր է: Տեղ կա՝ ասֆալտը շատ որակով է, տեղ կա՝ փորձում են որակյալ դարձնել: Օրինակ, մեր մեքենաները 22-23 տոննան չեն գերազանցում, որ մեքենային էլ վնաս չլինի, որովհետև հիմա ամեն մեքենայի մաս թանկացել է, ներառյալ՝ դիզելային վառելիքը: Ընկերություններն այնպես են անում, որ գերածախս չունենան»:
Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ հիմնականում Մեղրիից են բարձում բեռները:
«Մեզ համար հիմա խնդիր է վառելիքի գինը, որը թանկ է, ճանապարհի ծախսը, որը դժվարացնում է վարորդին աշխատավարձ տալը: Ինչ վերաբերում է բեռներին, ապա ոչ մեկը 40 տոննայից շատ չի բարձում, որ մեքենան չվնասվի, բայց թող ուշադրություն դարձնեն ասֆալտի որակին, դրանից շատ բան է կախված»,- հավելեցին մեր զրուցակիցները:
Նշենք, որ հուլիսի 14-ին, կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ՝ ճանապարհների որակական խնդիրները չեն լուծվել։ Ճանապարհների որակի վրա, նրա խոսքով, շատ հաճախ ազդում է նաև սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը։ Ըստ Փաշինյանի` խնդիրն առավել ակնհայտ է հանքարդյունաբերական օբյեկտների հետ կապող ճանապարհներին, որտեղ բեռնատարները հիմնականում գերբեռնված են լինում։
«Մեր քաղաքական որոշումն այն է, որ պետք է պարտադիր ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք»,- ասել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը վկայում է, որ այդուամենայնիվ խնդիր կա: Քննարկումը վարող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձանագրել էր, որ «թե՛ տնտեսվարողները, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչները միակարծիք էին, որ Կառավարության 2019 թ. N 1158 որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Բայց կա նաև լրացուցիչ ուսումնասիրությունների և համակողմանի ու համապարփակ վերլուծությունների կարիք: Այդուհանդերձ, հաշվի առնելով հնչեցրած տեսակետները, առաջարկներն ու դիտողությունները, որոշվել է օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել: