Երևանը հրաժարվո՞ւմ է ռուսական «փաթեթից». ի՞նչ են խոսել Միրզոյանն ու Լավրովը

Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից և օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստից հետո Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց է տեղի ունեցել:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, սեպտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:

Հետաքրքրական է նաև պաշտոնական հաղորդագրությունը, որը տարածել է ռուսական կողմը:

Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է հայկական կողմինը: «Կողմերը հանգամանալից քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները առաջիկայում»,- ասված էր հաղորդագրությունում:

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ների տարածած պաշտոնական հաղորդագրություններից աչքի են զարնում հատկապես դրանց բովանդակային տարբերությունները:

Ի տարբերություն Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների և պաշտոնական հաղորդագրությունների ձևակերպումների միջև արդեն ավանդույթ դարձած բովանդակային տարբերությունների, Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցների ռելիզները սովորաբար ավելի համահունչ են բովանդակային առումով:

Այս անգամ էականը հատկապես այն հանգամանքն է, որ նախարարական հեռախոսազրույցների մասին պաշտոնական տեքստերի միջև տարբերությունն ըստ ամենայնի չի վերաբերում քննարկումների բովանդակությանը, այլ դրանց ներկայացմանն ու փաթեթավորմանը: Ինչպես կարելի է հասկանալ, հայկական կողմի տարածած հաղորդագրությունում որևէ հղում չկա Ռուսաստանի միջնորդությամբ կնքված երեք բարձրաստիճան հայտարարություններին, որոնք հասկանալիորեն տեղ են գտել ու սովորաբար տեղ են գտնում ՌԴ ԱԳՆ, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ հաղորդագրություններում:

Թեև ՀՀ իշխանություններն այս փաստաթղթերի շրջանակում իրենց պարտավորությունների էական մասը և ավելին կատարել են, այս 3 փաստաթղթերը չհիշատակելը հայ-ռուսական դիվանագիտական շփումներից հետո չի կարող պատահական հանգամանք լինել:

Այս քայլով, թերևս, հայկական կողմը վերահաստատում է, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման հարցում ռուսական օրակարգը՝ երեք փաստաթղթերով, Հայաստանի համար այլևս օրակարգ չէ, քանի որ գլխավոր միջնորդն այլևս ԵՄ-ն է և բրյուսելյան հարթակում ամրագրված օրակարգը:

Չէ՞ որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ բարձրաստիճան հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր հայտարարությամբ ընդգծեց, որ թե եռակողմ բարձրաստիճան հաջորդ հանդիպումն է լինելու Բրյուսելում նոյեմբերին, թե Սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումն է լինելու Բրյուսելում:

Բրյուսելում նաև ամրագրվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ, և հանձնարարվել է արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստի նախագծի ուղղությամբ:

Այս գործընթացում ևս ՌԴ-ն ամենայն հավանականությամբ չի կարողանալու որևէ դերակատարություն ստանձնել:

Իրադարձությունների այս հունով զարգացման պարագայում Ռուսաստանը, որպես միջնորդ՝ իր օրակարգով, այդ թվում՝ Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտով, հայտնվում է «ավելորդի» կարգավիճակում, որը աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների շրջանակում լիովին տրամաբանական հանգրվան կարող է դիտարկվել:

Տեսանյութեր

Լրահոս