Կրկին շահեցին ԵՄ-ն ու Ադրբեջանը, կորցրեց՝ Հայաստանը. ի՞նչ կատարվեց Բրյուսելում և աշխարհաքաղաքական ի՞նչ խնդիր է լուծվում Բրյուսելում

Մի քանի ամսվա դադարից և շաբաթներ առաջ Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած հերթական ռազմական սադրանքներից հետո նախօրեին կրկին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցային 4-րդ ռաունդը, որն առաջիկայում կլինի տարածաշրջանային զարգացումների և փորձագիտական հանրության ուշադրության էպիկենտրոնում:

ԵԽ նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունում նշել է, որ քննարկման առանցքում էին Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և ԵՄ հարաբերությունները երկու երկրների հետ։

«Տեղի ունեցավ բաց և արդյունավետ մտքերի փոխանակում, որի կապակցությամբ շնորհակալ եմ երկու երկրների առաջնորդներին։ Մենք քննարկեցինք օրակարգային հարցերի ամբողջական շրջանակը։ Դրական է, որ բավականաչափ քայլեր են արվել մեր վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների առաջխաղացման ուղղությամբ»,- նշել է Միշելը: Ամփոփիչ հայտարարությունը եվրոպական կողմը բաժանել է 4 բաժինների՝

Խաղաղության պայմանագիր

«Այսօր պայմանավորվածություն ենք ձեռք բերել ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստի նախագծի ուղղությամբ։

Մարդասիրական հարցեր

Մանրամասնորեն քննարկեցինք նաև մարդասիրական հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների և անհայտ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։

Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին ընդգծել է հայ ձերբակալված անձանց հետագա ազատ արձակման կարևորությունը։

ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունն այս հարցերում։

Սահմանային հարցեր

Քննարկեցինք առաջխաղացումը սահմանազատմանն առնչվող բոլոր հարցերի ուղղությամբ, և, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։

Կապ

Քննարկեցինք տրանսպորտային կապերի ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ քննարկումներում ձեռք բերված առաջընթացը:

Այս բոլոր քննարկումների արդյունքում ցանկանում եմ ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի ժողովուրդներին ուղղորդել և նախապատրաստել տևական ու կայուն խաղաղության։

Հանրային ուղերձները շատ կարևոր են այս առումով․ նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք, բնականաբար, լսում են մյուս կողմում և կշռադատում։

ԵՄ-ն պատրաստ է հետագայում ևս ամրապնդել իր աջակցությունը տևական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքերը տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչև նոյեմբերի վերջ կրկին հանդիպել նույն ձևաչափով»,- նշել է Միշելը:

Համեմատելով նախորդ հանդիպումների հետ, արձանագրելի է, որ ԵՄ-ն՝ որպես միջնորդ, ստացավ՝

  • ԵՄ-ն՝ ի դեմս Շառլ Միշելի, հաստատեց իր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան գործընթացում և հետագա բարձրաստիճան հանդիպումները կազմակերպելու հարցում,
  • ԵՄ-ն նաև կարողացավ նաև Սահմանային հարցերով հանձնաժողովների՝ Բրյուսելում հանդիպման պայմանավորվածություն ստանալ, այս գործընթացը ևս փորձելով դուրս բերել Մոսկվայի ազդեցության տիրույթից,
  • ԵՄ-ն իր հայտարարությամբ ամրագրեց նաև երկկողմ հարաբերություններ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, այս դեպքում, թերևս, արձանագրելով Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջընթացը և վերջերս ձեռք բերված էներգետիկ բնույթի պայմանավորվածությունները:

Ինչ ստացավ Ադրբեջանը՝

  • պայմանավորվածություն ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ,
  • ոչ մի անդրադարձ ԼՂ հակամարտությանը, Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև նույնիսկ ԼՂ բնակչության իրավունքների հարցերին,
  • ոչ մի անդրադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման հարցին,
  • հումանիտար հարցերում ադրբեջանական օրակարգի մատնանշում:

Հայ ժողովրդի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, թե ինչ ստացավ Հայաստանն այս բանակցությունների չորրորդ ռաունդի ընթացքում: Միակ հրապարակային արձանագրելի արդյունքը վերաբերում է մարդասիրական հարցերում Շառլ Միշելի դիտարկմանը. «Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին ընդգծել է հայ ձերբակալված անձանց հետագա ազատ արձակման կարևորությունը»: Ի դեպ, նույնիսկ այս հատվածում ադրբեջանական կողմի օրակարգը Միշելի տեքստում նշված է առաջինը, որը ևս դիվանագիտական ձևակերպումներում էական հանգամանք է: Հայաստանի կողմից առաջմղված ու Եվրոպայի խորհրդի նախագահի հայտարարությունում հայտնված որևէ դիրքորոշում, դիվանագիտական որևէ դրական արդյունք այս հանդիպումը հայկական կողմի համար չի արձանագրում:

Մայիսի 22-ի հանդիպումից հետո տարածված Միշելի հայտարարությունում մի նախադասություն էր տեղ գտել, որը Հայաստանում շատ քննադատվեց. «շեշտել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում ամենաթույլ դիրքորոշումները՝ «բնակչության իրավունքներ ու անվտանգություն», տեղ չեն գտել Միշելի հայտարարությունում: Նախօրեի հայտարարությունում նույնիսկ այս թեմայով որևէ անդրադարձ չկա այն դեպքում, երբ օգոստոսի առաջին օրերին Ադրբեջանն Արցախի ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացրեց և այն պաշտոնապես անվանեց «Возмездие»:

Ավելին, այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախօրեի քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց նա նաև արձանագրում է, որ իրենց նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այն, ինչի մասին ինքը հայտարարել է։

«ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ, պարզ չէ, հնարավոր նոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Եվ նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն։ Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- ասել է Փաշինյանը։

Ռուսական դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների պնդմամբ, ներկայումս տարածաշրջանում հետագա զարգացումների ճակատագիրը կախված է Ադրբեջանի նախագահի քաղաքականությունից և հատկապես այն հանգամանքից, թե բրյուսելյան հարթակում նա Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի շուրջ համաձայնության կգա և բնակչության անվտանգության համար ի՞նչ երաշխիքներ կտա, ինչից խոսում է Երևանը:

Սա, ըստ մեր աղբյուրների, նշանակում է, որ Մոսկվան, որպես խաղաղապահ մանդատ ունեցող ուժ և որպես գլխավոր միջնորդ, կարող է կորցնել իր դերի վերջին նշույլները:

«Սա լիովին քննարկվող սցենար է Մոսկվայում այսօր, թեև դա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին բավականին բացասական զարգացում է, սակայն դա դիտարկվում է:

Մոսկվայում, իհարկե, հույս ունեն Թուրքիայի հետ բանակցություններով դիրքերը պահպանելու և Ադրբեջանի հետ մանդատի երկարացման հարցում պայմանավորվելու շուրջ: Բայց այս ամենի հետ մեկտեղ՝ զարգացման սցենարները շատ տարբեր կարող են լինել»,- նշում են լավատեղյակ աղբյուրները՝ մատնանշելով, որ պատահական չեն ԼՂ-ում ռուս խաղաղապահների հասցեին հնչող շարունակական մեղադրանքները:

Նրա խոսքով, դրանք ոչ թե իրավիճակային գնահատականներ են, այլ ռազմավարական, քաղաքական հայտարարություններ՝ հստակ շարունակությամբ ու նպատակներով:

Ըստ մեր զրուցակցի՝ Բրյուսելի միջնորդությամբ ընթացող գործընթացը ոչ այնքան Հայաստանի, Ադրբեջանի, որքան Ռուսաստանի ու Անդրկովկասում ՌԴ-ի դերի, ռազմական ներկայության մասին է:

«Ինչպես տեսնում եք, այս ամենին դիմադրելու ՌԴ-ի ռեսուրսները ներկայումս խիստ սահմանափակ են, ուստի ՌԴ-ն հույս ունի դուրս գալ իրավիճակից դիվանագիտական խաղով և Թուրքիայի հետ բանակցություններով»,- նշեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս