«Մասկի շոուի» սպասումով՝ Հ1-ի եթերում… ԱԱԾ-ն հատուկ Նիկոլ Փաշինյանի աջակցի դեպքով նախնական քննության տվյալները չի հրապարակում
Այսօր լրագրող, քաղաքական վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ»։
«Հիշում եք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, ոմն Ռուստամ Ավագյանը ամենակեղտոտ բառերով հայհոյում էր Արցախի բնակիչներին և Արցախն ընդհանրապես։ ՀՀ քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է և նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում»,- գրել էր Նաիրի Հոխիկյանը՝ հավելելով, որ 2022թ. մայիսի 17-ին ինքն այդ հանցանքի մասին տեսանյութ էր հրապարակել և միաժամանակ ԱԱԾ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ ազգային արժանապատվությունը վիրավորելու և ատելության, բռնության քարոզչության համար։
Հընթացս պարզվել էր, որ այդ անձը դեռևս 2020թ. նույնպիսի հանցանք է գործել՝ կրկին հայհոյանք ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ, ինչի համար հարուցվել է քրեական գործ. գործն այժմ, ըստ Նաիրի Հոխիկյանի, գտնվում է դատաքննության փուլում:
Ի դեպ, Ռուստամ Ավագյան անունով անձի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Այստեղ հիշեցնենք, որ երջանկահիշատակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով շուրջ 1.5 ամիս առաջ հանկարծամահ եղավ դատական նիստերի դահլիճում, նույն այդ հոդվածով, որը նախկինում ուներ ՀՀ Քրեական օրենսգրքի 226-ի 2-րդ մաս թվագրումը, իր տված հարցազրույցից հետո՝ շուրջ մեկ տարի անց, նախ ԱԱԾ քննիչների մասնակցությամբ ի ցույց բոլորի՝ բեմադրված «մասկի շոու»-ով ձերբակալվեց, ապա կալանավորվեց քաղաքական գործերով կալանքի դակիչ համարվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից: Վերաքննիչ քրեական դատարանում էլ Արմեն Գրիգորյանին շարունակեց անազատության մեջ պահել դատավոր Լուսինե Հովհաննիսյանը:
Հայի անուն ազգանունով Ռուստամ Ավագյան կոչվող առանձնյակն այս տարվա մայիսին՝ ընդդիմադիր շարժման զանգվածային ցույցերի ու անհնազանդության միջոցառումների սկսման երկրորդ օրը տեսանյութ էր նկարահանել, ուր կոկորդը պատռելով, ամենաայլանդակ հայհոյանքներն ու անեծքներն էր տեղում ինչպես Արցախի ու արցախահայության, այնպես էլ ընդդիմադիր շարժմանն իրենց մասնակցությունը բերած մարդկանց հասցեին:
Այսինքն՝ նույն արարքը սույնը կատարում է առնվազն արդեն երկրորդ անգամ, ինչը ենթադրում է խափանման միջոցի անհապաղ փոփոխություն՝ կալանավորում, ենթադրաբար՝ առնվազն նույն որակի բեմադրությամբ, ինչ Արմեն Գրիգորյանի դեպքում:
Նոր Քրեական օրենսգրքով այս հանցակազմը տեղավորվում է 329-րդ հոդվածի տրամաբանության մեջ:
Հոդված 329.
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը
1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
«Հիշեցնեմ, որ Օշականի բնակիչ Ռուստամ Ավագյանը ՔՊ-ի մտերիմ շրջանակից է, օգտվում է իշխանության հովանավորությունից ու նույնիսկ հրապարակային հպարտանում, թե ինքը կարող է հայհոյել Արցախցիներին, իսկ Աշտարակի ոստիկանությունը ապահովում է իր անվտանգությունը (տեսանյութը կա)»,- նշել էր Նաիրի Հոխիկյանը:
168.am-ը ԱԱԾ-ին հարցրեց՝ ի՞նչ հոդվածով է հարուցված Ռուստամ Ավագյանի վերաբերյալ քրեական վարույթը, և արդյո՞ք ԱԱԾ-ն վերջինիս կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան: ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին՝ «նախնական քննության տվյալները հրապարակման ենթակա չեն»:
Մենք անպայման հետևողական կլինենք այս հարցում, և հուսանք, որ ԱԱԾ-ն նույնքան սկզբունքային կլինի Ռուստամ Ավագյանին կալանավորելու ու ձերբակալության ընթացքը համապատասխան դիտարժան՝ «մասկի շոու» տեսանյութով ներկայացնելու հարցում, որքան եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում: Եվ այն պարտադիր կերպով, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում, կցուցադրվի համապետական սփռում ունեցող, մեր բոլորիս հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերում: