Արուսյակ Ալեքսանյանը ոչ մի պատճառ չունի քաղաքական գործերով համարձակ լինելու
Երեկ շատ խոսվեց, որ ցավալիորեն դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը նախկին քննիչ Արուսյակ Ալեքսանյանն է:
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, որն ազգամիջյան թշնամանք հրահրելու հանցակազմն է, ըստ էության ոչ վերաբերելի հոդված Արմեն Գրիգորյանի արարքին:
Մինչդեռ այդ հոդվածով մեղադրվող Սաշիկ Սուլթանյանը, ով իսկապես թշնամանք էր տարածել հայ և եզդի ժողովուրդների միջև, մի օր անգամ կալանավորված չի եղել, որևէ պատասխանատվության չի կանչվել նաև արցախահայության նկատմամբ ատելություն ու թշնամանք տարածող Նիկոլ Փաշինյանի որևէ աջակից:
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատանքային կենսագրության զգալի հատվածում քննիչ է եղել, աշխատել է թե Քննչական կոմիտեում, թե Հատուկ քննչական ծառայությունում: Ինքն իրեն համարել է համարձակ քննիչ:
Դատավոր է դարձել 2021թ. հոկտեմբերի 20-ին՝ նշանակվելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, քննելով մինչդատական վարույթի գործեր: Ինչպես ընդունված է ասել՝ «կալանք տվող» դատավոր է:
Արուսյակ Ալեքսանյանը, ըստ էության, այդպիսին է բառի բուն իմաստով: Պատահական չէ, որ հատկապես քաղաքական հնչեղության գործերով վարույթները քննում են կամ ինքը, կամ Դավիթ Արղամանյանը: Ըստ էության նրանց մոտ բոլորովին վատ չի ստացվում մարդուն կալանավորելը:
Արուսիկ Ալեքսանյանն Արմեն Գրիգորյանին կալանավորել է իր խոսքի համար, այն դեպքում, երբ Արմեն Գրիգորյանն այնպիսի հանցանք չէր կատարել, որ քննության ընթացքը խոչընդոտելու, վկաների վրա ազդելու հնարավորություն ունենար: Արմեն Գրիգորյանին կալանավորել, ապա վերաքննիչ ատյանում կալանքի որոշումն անփոփոխ են թողել խոսելու համար: Արմեն Գրիգորյանը գող չէր, ավազակ չէր, մարդասպան չէր, խարդախ չէր, կաշառք չէր տվել ու չէր վերցրել, որևէ մեկի չէր կողոպտել: Արմեն Գրիգորյանը կալանավորվեց ու «սպանվեց» խոսելու համար, իսկ Արուսյակ Ալեքսանյանն այնքան համարձակություն չունեցավ, որ «ոչ» ասեր քաղաքական պատվերին:
Իսկ գուցե դա իր գինն ունե՞ր… Արուսյակ Ալեքսանյանն իշխանափոխությունից հետո վատ չի տեղավորվել: Ինքը դատավոր է, մայրը՝ Եղվարդի 3-րդ հիմնական դպրոցի տնօրեն: Ի դեպ, տնօրեն դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին: Ճիշտ է, հանուն արդարության, ինչպես Չեխովի անվան թիվ 55 դպրոցի պարագայում, դրսից, դպրոցական կրթության հետ կապ չունեցող անձ չի եղել, այլ մաթեմատիկայի ուսուցիչ, բայց պաշտոնեական առաջխաղացում ունեցել է հենց Փաշինյանի իշխանության տարիներին: Զուգադիպությո՞ւն է… Հաջողակ բիզնեսմեն է նաև եղբայրը՝ Ռուստամ Ալեքսանյանը:
Արուսյակ Ալեքսանյանն ըստ էության ոչ մի պատճառ չունի քաղաքական գործերով համարձակ լինելու: