«Մեր երկրի բնակչությունն իր իսկ փողերով պահելու է ադրբեջանցիների անվտանգությունը». Փաշինյանի հանձնարարականի անվտանգային ռիսկերը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանձնարարել էր ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։
Ի դեպ, փորձագիտական տարբեր շրջանակներ այս հանձնարարականի նախերգանքն էին համարում դեռ հուլիսի 1-ին, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ՝ երկու հարևան երկրների սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու ձեռք բերված պայմանավորվածությունը:
Այսպիսով, շրջանառվող նախագծով նոր անցակետեր են նախատեսվում Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
Ուշագրավ է, որ այսկերպ ադրբեջանցիները հնարավորություն են ստանում անցնել այն բոլոր հատվածներով, որոնց նկատմամբ նկրտումներ ունեն:
Փաշինյանի հանձնարարականի՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին վերաբերող մասն ապահովել է Պետական եկամուտների կոմիտեն՝ շրջանառության մեջ դնելով նախագծեր, որոնցով նշված անցակետերում կսահմանվեն մաքսային հսկողության գոտիներ և կստեղծվեն մաքսակետեր։
Միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ նման որոշումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի ինչ-որ համաձայնություն:
«Որովհետև եթե ինչ-որ երկրի քաղաքացիների թողնում ես քո երկիր, ապա նմանատիպ հնարավորություններ նաև քո երկրի քաղաքացիների համար պետք է բացվեն: Այդ կետերը ծառայելո՞ւ են արդյոք Հայաստանից Ադրբեջան (տեսականորեն) գնալ ցանկացողների համար, թե՞ սա հայկական կողմի հերթական միակողմանի զիջումն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը:
Արմեն Մանվելյանը, այդուհանդերձ, հակված է այն տարբերակին, որ սա իրականում ՀՀ իշխանությունների հերթական զիջումն է՝ «կարճ խելքով՝ բարի կամքի դրսևորումը», որը լրջագույն հետևանքներ է ունենալու:
«Բացի այն, որ ինչ-որ սահման պետք է բացվի, նաև պետք է այդտեղով ապահովի մեր հարևան թշնամի երկրների քաղաքացիների անցումը: Ինչպե՞ս է ճանապարհի ողջ գծով ապահովվելու Ադրբեջանի տվյալ քաղաքացու մեքենայի անցի անվտանգությունը: Ամեն մեքենային ուղեկցելու է ԱԱԾ-ի մի աշխատակի՞ց: Սրա մեջ շատ լուրջ պրովոկացիա կա. օրինակ, Ադրբեջանի քաղաքացին հատում է սահմանը, ճանապարհին ինչ-որ հարձակում է լինում (ենթադրենք՝ դա արվում է կազմակերպված, կամ չկազմակերպված), հետո՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ինչ-որ պայմանավորվածությունների խախտման, իր քաղաքացիներին վնասելու մեջ: Այս սցենարը հնարավոր սցենարներից մեկն է»,- նկատեց նա:
Միջազգային անվտանգության և էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետը շեշտեց՝ տրամաբանական չէ նման քայլի իրականացումը:
«Մենք հայտնվում ենք մի տարօրինակ իրավիճակում, երբ երկրի բնակչությունն իր իսկ փողերով պահելու է ադրբեջանցիների անվտանգությունը, երբ գործող իշխանությունների՝ Հայաստանը սպասարկող պետության վերածելու երազանքը վերջնականապես իրականացվում է, և որպես սպասարկման առաջին քայլ՝ այդ գործին լծվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որոնք դառնում են ադրբեջանցիների տարանցմանն աջակցելու ինչ-որ մարմին»,– եզրափակեց Արմեն Մանվելյանը:
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն այս որոշումների նախագծերը Նիկոլ Փաշինյանի հայտնի հանձնարարականի տրամաբանական շարունակությունն է համարում, սակայն դրանց հնարավոր իրագործման դեպքում՝ սպասվող տնտեսական հետևանքներին անդրադառնալը վաղ է համարում:
«Եթե խոսվում է «խաղաղության դարաշրջանի» մասին, հետևաբար, ակնկալվում է, որ մենք նաև պետք է ունենանք տնտեսական հարբերություններ, ինչին խիստ կասկածում եմ: Համեմատության համար հիշեցնեմ, որ նույն Գյումրու մաքսատունը, որի համար անիմաստ ձևով պետական բյուջեից ծախսեցին 20 միլիոն դոլար, այժմ չի ծառայում իր բուն նպատակին: Թեև ունեցել եմ ենթադրություն, որ դրա հեռահար նպատակը Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուց հետո որպես արտաքին տնտեսական գործունեությունը սպասարկող մարմին ծառայելը պետք է լիներ»:
Հայկ Ֆարմանյանը նկատեց՝ տնտեսական համատեքստը քննարկելու համար չկան ելակետային տվյալներ՝ ինչ ապրանքների ներմուծում ու արտահանում է նախատեսվում, Հայաստանում կա՞ ադրբեջանական ապրանքների պահանջարկ, կամ Ադրբեջանում՝ հայկական ապրանքների պահանջարկ:
«Կա՞ որևէ հայ, որ ցանկանում է ադրբեջանական ապրանք գնել, Ադրբեջանը պատրա՞ստ է ընդունել ՀՀ քաղաքացիներին, հայկական ապրանքներ ձեռք բերել. այս ինֆորմացիայի վերաբերյալ չկա որևէ պաշտոնական տեղեկություն: Կամ՝ գուցե իրենք գիտեն ինչ-որ բան, որ մենք չգիտենք:
«Խաղաղության դարաշրջանի» բացման հետ մեկտեղ՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որով կհամարենք՝ կարող ենք ապրանքներ արտահանել կամ ներմուծել այդ ուղղությամբ: Այս համատեքստում էլ ուզում եմ հիշել Գորիս-Կապան ճանապարհի մասին, որի մի հատվածն անցավ ադրբեջանական հսկողության տակ, իսկ հայկական կողմը հայտարարեց, թե հայելային կերպով տեղադրելու է մաքսակետեր, ինչը ծիծաղ էր առաջացնում. այսինքն՝ այդ մաքսակետը տեղադրում եք, որ ի՞նչ անեք, ո՞վ է օգտվելու այդ ճանապարհից»,- հավելեց նա: