ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

ՀՀ կառավարության 2011 թվականի N 703-Ն որոշման լրացումներ կատարելու մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Նախագիծը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ներգրավվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ նոր անցման կետերի շինարարական և կահավորման աշխատանքների իրականացման համար:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը սահմանելու մասին» N 703-Ն որոշման հավելվածը լրացնել նոր տողերով՝ հետևյալ բովանդակությամբ․

Հայ-ադրբեջանական պետական սահմանում

«Սոթք» («Քելբաջար»)
Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային
(Քելբաջարի շրջան)

«Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային
(Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)

«Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային
(Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված պետական սահմանի անցման կետերը գործում են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Տեսանյութեր

Լրահոս