Կառավարություն-Քրիստիննե Գրիգորյան տանդեմը գործի է անցել. ՄԻՊ-ին քաղծառայության միջոցով կախվածության մեջ կգցեն քաղաքական իշխանությունից

Ինչպես խոստացել էինք հուլիսի 9-ին 168.am-ում ի պատասխան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի՝ մեր կայքի հասցեին ՄԻՊ պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված զրպարտության ու վիրավորանքների՝ տեղ գտած հոդվածի մեջ, մենք շարունակելու ենք բարձրաձայնել ՀՀ պետական ապարատում շարունակվող «տոտալ բարդակի» մասին, երբ պետական գերատեսչությունների ղեկավարներն օրենքը ծառայեցնում են սեփական քաղաքական շահերի առաջմղմանը:

Նախ ՄԻՊ-ում տրվող պարգևավճարների բաշխման վերաբերյալ սկանդալներին զուգահեռ՝ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ-ում շարունակում է իր քաղաքական թիմի լավագույն ավանդույթները: Նա մեկուսացնում է ՄԻՊ երկար տարիների գիշեր-ցերեկ աշխատողներին՝ անշեղորեն առաջ տանելով իրենց այնքան սիրելի սև-սպիտակ բաժանարար գիծը:

Այս սկանդալին զուգահեռ՝ հասունանում է նորը. ՄԻՊ կառույցը քաղծառայության միջոցով կախվածության մեջ է դրվում քաղաքական իշխանությունից` Քրիստիննե Գրիգորյան-Կառավարություն տանդեմի համաձայնեցված գործողությունների շնորհիվ:

Եթե կարճ ասենք, սա նշանակում է Կառավարության կազմում գտնվող քաղծառայության համակարգից կախվածություն ՄԻՊ անձնակազմի, պաշտոնների առաջխաղացումների ու խրախուսման, կառուցվածքային փոփոխությունների և տարբեր այլ հարցերում: Այն նաև ենթադրում է տարբեր աշխատողների աշխատավարձերի բնականոն աճի կանգ:

Համաձայնեք` բացառիկ նպաստավոր պայմաններն են, երբ Կառավարությունն ու ՄԻՊ-ն այս հարցերում շարժվում են նույն ուղղությամբ:

Այն, որ իշխանություններն ուզում են ՄԻՊ աշխատակազմին դարձնել քաղծառայողներ, նոր պատմություն չէ: Դա մի քանի տարի է, ինչ ամրագրված է օրենքի մակարդակով` 2018թ. իշխանափոխությունից տառացիորեն օրեր առաջ: Արդեն ՔՊ-ական Կառավարությունն ամեն ինչ անում էր՝ իրենց ուզած մոտեցումներով ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հարցն այն է, որ Քաղծառայության խորհուրդը համակարգում է փոխվարչապետերից մեկի գրասենյակը, և Արման Թաթոյանը, ինչպես հայտնի է, կտրականապես դեմ է եղել ՄԻՊ-ն այս իշխանությունների նախընտրած ձևով քաղծառայության համակարգում ներառելուն, քանի որ տեղի էր ունենալու աշխատակիցների պաշտոնների իջեցում, կանգնելու էր շատ աշխատակիցների աշխատավարձերի բնականոն աճը, ՄԻՊ աշխատակազմը պարզապես հավասարեցվելու էր սովորական կառավարական գերատեսչության:

Մինչդեռ, ՄԻՊ-ը սահմանադրական ինստիտուտ է, և հետևաբար՝ աշխատակիցներն էլ պետք է ունենան համապատասխան կարգավիճակ` անկախ լինելով Կառավարությունից:

Եվս մեկ անգամ նկատենք՝ ՄԻՊ-ը քաղծառայության խորհուրդ մտցնելու օրենքները մի քանի տարի է, ինչ ընդունված են, հիմա խոսքը վերաբերում է պրակտիկ կիրառության եղանակներին ու սկզբունքներին:

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պարբերաբար հայտարարում էր, որ ՄԻՊ աշխատակիցների աշխատավարձերը, կարգավիճակը չի կարող պակաս լինել որևէ մեկի, այդ թվում՝ Ազգային ժողովի, Վարչապետի ու Հանրապետության նախագահի աշխատակազմերի համապատասխան աշխատակիցներից, և սա նաև միջազգային պահանջ է:

Կառավարության նախատեսածով ՄԻՊ-ը Քաղծառայության համակարգի մեջ ներառելու դեպքում, ենթադրենք, չէր տրվում այն հարցի պատասխանը, թե օրինակ, ինչո՞ւ ՄԻՊ վարչության պետը, լինելով սահմանադրական մարմնի աշխատակից, ավելի քիչ աշխատավարձ պետք է ստանա, քան վարչապետի աշխատակազմի վարչության պետը: Այս հարցի լուծումը միայն քաղաքական է. որևէ չափանիշ գոյություն չունի:

Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Կառավարությունում չկա պատկերացում նաև ՄԻՊ-ի գործառույթների վերաբերյալ, ինչն ավելի էր նպաստել նրան, որ առաջ տարվի այս ծրագիրը:

Այս պարագայում Պաշտպանը նաև չէր կարողանալու ինքնուրույն որոշումներ կայացնել առաջխաղացումների, պաշտոնների բարձրացման ու ներքին կառուցվածքային լուծումների այլ հարցերի վերաբերյալ. ամեն բան պետք է համաձայնեցվեր Կառավարության հետ, ինչը նախկին ՄԻՊ-ի օրոք ընդունելի չի եղել: Ամեն ինչ պետք է տեղի ունենար Կառավարության բաեհաճությամբ:

Պետք է շեշտել՝ խոսքը վերաբերում է ոչ թե ՄԻՊ-ին առհասարակ քաղծառայության համակարգի մեջ ներառելուն, այլ այդ համակարգի մեջ այնպիսի պայմաններ նախատեսելուն, որոնք բոլոր նշված հարցերում ՄԻՊ-ին զրկում են ինքնուրույնությունից և ամբողջությամբ  կախվածության մեջ դնում Կառավարության կազմում գտնվող Քաղաքացիական ծառայության խորհրդից ու, իհարկե, քաղաքական իշխանությունից:

Այս ամենի դեմ նախկին ՄԻՊ-ի պայքարն արդյունք էր տվել, սառեցվել էին Կառավարության քայլերը և կասեցվել էին ինչպես ՄԻՊ աշխատակիցների կարգավիճակների իջեցումները, այնպես էլ աշխատավարձերի աճի կանգը, որոնք, անհասկանալի է, թե ինչ գործակիցներով պետք է հաշվվեին:

Այս մասին էր վկայում նաև ՍԴ-ին ուղղված Արման Թաթոյանի դիմումը:

Մեր տեղեկություններով՝ դեռևս երկու տարի առաջ՝ 2020թ., գործընթացը կանգ է առել Արման Թաթոյանի համառ ջանքերի ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցության շնորհիվ: Եվ եթե կառավարությանը հաջողվեր հաջողության հասնել, ՄԻՊ կառույցն ամբողջությամբ կախվածության մեջ էր ընկելու կառավարությունից:

Առանց այդ էլ դեռևս նախորդ իշխանությունների պաշտոնավարման վերջին շրջանում ընդունվել է օրենք, համաձայն որի՝ ՄԻՊ աշխատակազմի հաստիքների առավելագույն քանակը հաստատվում է վարչապետի հրամանով:

Ի դեպ, ՄԻՊ կառույցը քաղծառայության տակ իրենց հարմար տարբերակով տանելու նախաձեռնությունն առաջ տանողները նախկին փոխվարչապետ, մինչև այժմ դիվանագիտական անձնագրով արտասահման թռչող Տիգրան Ավինյանն ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն են: Տիգրան Ավինյանին փոխարինած Համբարձում Մաթևոսյանի օրոք այս հարցը սառեցված մնացել էր:

Հատկանշական է, որ գործընթացը նախաձեռնվել է պատերազմից առաջ, կասեցվել, ապա պատերազմի ավարտից հետո, թողած երկրի պաշտպանունակության հետ կապված կարևորագույն հարցերը, հետպատերազմյան այդ բարդ շրջանում կրկին մեծ թափով ձեռնամուխ են եղել իրենց այդ ծրագրի իրականացմանը՝ ՄԻՊ կառույցը քաղաքական կախվածության մեջ գցելու համար, ինչի մասին փաստել են նաև միջազգային կառույցները:

Այս առնչությամբ անգամ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր պաշտոնավարման ավարտին դիմել է միջազգային կառույցներին, և օրինակ, Վենետիկի հանձնաժողովը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանին այս լուծումների համար: Այն, ի դեպ, հրապարակված է:

Այն, որ կառավարության նախաձեռնությունը խնդրահարույց է, փաստել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, և այս պայմաններում կառավարությունը ստիպված է եղել  կանգնեցնել գործընթացը:

Ըստ ամենայնի, Քրիստիննե Գրիգորյանի՝ ՄԻՊ պաշտոնը ստանձնելուն պես կառավարությունը կրկին առաջ է տարել իր այդ նախաձեռնությունը, և վերջինս, բնականաբար, սիրով համաձայնել է:

Ի դեպ, վստահ ենք, որ Քրիստիննե Գրիգորյանի առնվազն թողտվությամբ՝ Սահմանադրական դատարանն արգելափակել է այս հարցով Արման Թաթոյանի դիմումը:

Ու հիմա ՄԻՊ-ում աշխատակիցները տագնապած են՝ ի՞նչ է լինելու իրենց հետ:

Հ.Գ. Ի դեպ, Քրիստիննե Գրիգորյանի՝ 168.am-ի հասցեին կեղծիքով, վիրավորանքներով ու զրպարտությամբ լեցուն տեքստը դեռ «զարդարում է» ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Սա այն է, ինչ իրենց սրտի Մարդու իրավունքների պաշտպանի մասին պետք է իմանան Եվրամիության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և միջազգային կառույցները:

Տեսանյութեր

Լրահոս