ԱՅԼ ՓՐԿԵԱ՛ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ…
1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայոց Եկեղեցին «բարենորոգելու» և Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» ՔՊԿ-ի քայքայիչ գործունեությունը իրավական և քաղաքական գործիքներով Նվիրապետության ներքին կյանքին միջամտելու և նրա ազատությունը երաշխավորող սահմանադրական դրույթը ոտնահարելու նպատակ ունի։
Երբ ՔՊԿ-ն թիրախավորում է վանականության հիմնարար սկզբունքներից մեկը համարվող կուսակրոնության ուխտը, դրանով փորձում է քաղաքական հարթակից թելադրել, թե ինչպես պետք է վերանայվեն ու կիրառվեն եկեղեցական կանոնները, և երբ ամբիոն է տրամադրում և աջակցում տիրադավ կամ կարգալույծ հոգևորականներին, այդպիսով ինքն է հովանավորում աղքատության և անվերապահ հնազանդության ուխտերը խախտածներին։
Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր այս կամ այն պատճառով (հիմնավոր թե անհիմն) դժգոհ են առանձին եկեղեցականների գործունեությունից և հմայված են Եկեղեցին «բարենորոգելու» ծրագրով, պետք է գիտակցեն, որ դրանով ոչ թե լուծում են իրենց պատկերացրած խնդիրը, այլ թաթախվում են ծանր մեղքի մեջ և դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կազմաքանդելու ՔՊԿ-ական չար գործի մասնակիցը»։

