24-ամյա երիտասարդը բարձրացել էր տան տանիք, լինգով բացել պատուհանն ու փող գողացել
Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա նոյեմբերի 3-ին: Մեղադրանքը` գողություններ, նաև` սուտ մատնություն:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի գործընկերների հետ, հուլիսի 8-ին նրան հայտնաբերեցին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակա անտառում, բերեցին բաժին ու ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին:
2019 թվականի աշնանը, մեկ այլ անձի հետ, նա մուտք էր գործել պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղին պատկանող տնակ ու գողություն արել:
2020 թվականի օգոստոսին, երբ բնակվում էր Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, առանձնատան տանիքից մտել էր կից տուն ու գողություն արել:
Անցած տարվա ամռանն էլ վանաձորցի 24-ամյա երիտասարդը բարձրացել էր Վանաձորի Վարդանանց փողոցի մի տան տանիք, լինգով բացել պատուհանն ու փող գողացել:
Ոստիկաններն իրենց գործն արեցին` կանխեցին նրա հնարավոր հանցարարքները, իսկ նախաքննությամբ դեռ կպարզվեն դեպքերի բոլոր հանգամանքները: