Որքանո՞վ են բանակի կառավարման մոդելի փաշինյանական փոփոխությունները հակասում կամ նույնական սահմանադրության հետ

Բանակի կառավարման մոդելը փոխելու փաշինյանական իշխանության ձգտումներին և օրենսդրական համապատասխան փաթեթի բովանդակությանը 168.am-ը մի քանի անգամ անդրադարձել է տարբեր տեսանկյուններից:

Որքան էլ գործող իշխանությունը համոզի, որ առաջարկվող փոփոխությունները պատերազմից հետո ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ է, և, որ սրանով փորձում են վերացնել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-Գլխավոր շտաբ (ԳՇ) հրամանատարական ուղղահայացում առկա անհստակությունը, ըստ էության, բանակի կառավարման մոդելի փոփոխությունը առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական ինչ-ինչ նպատակների և օրակարգի տրամաբանության մեջ է, այնպես, ինչպես մի քանի ամիս պատերազմի մեջ գտնվող երկրին առանց ԳՇ պետ թողնելը:

2017-ին, երբ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն էր, այն ժամանակ պաշտպանության նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, քանի որ կիսանախագահական կառավարման համակարգից անցում էինք կատարել խորհրդարանականի:

Նույն թվականին, երբ խորհրդարանում այդ ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, նշում էր, որ իրավական հիմքեր են ձևավորվում պաշտպանության ոլորտի նոր քաղաքականությունների մշակման և ներդրման համար:

«Սա առանցքային օրենք է` պաշտպանության ոլորտի քաղաքականության տեսակետից: Այն ամրագրում է պետություն-հասարակություն-քաղաքացի հարթություններում երկրի ռազմական անվտանգության հիմնական հասկացությունները, ապահովում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների լիարժեք փոխգործակցությունը երկրի պաշտպանության կազմակերպման և պաշտպանության գործում»,- պնդում էր Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ նորովի են սահմանվել պաշտպանություն, պաշտպանության ոլորտ, պաշտպանության ոլորտի քաղաքականություն, պաշտպանության ռազմավարության վերանայում, պաշտպանության ռազմական անվտանգության համակարգ, զորահավաք, զորահավաքային նախապատրաստություն պաշտպանության նպատակով, տրանսպորտային միջոցների օգտագործում հասկացությունները:

«Հստակեցվել է խաղաղ ժամանակ և պատերազմի պայմաններում պաշտպանության կազմակերպման և զորահավաքային նախապատրաստության գործընթացը: Օրենքի նախագծով, ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխան, սահմանվել են պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԺ, կառավարության, անվտանգության խորհրդի, վարչապետի, պաշտպանության նախարարության, պաշտպանության նախարարի, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները և, անկախ կազմակերպական իրավական ձևից, կազմակերպությունների և քաղաքացիների պատասխանատվությունները, զինված ուժերի ու այլ զորքերի գործունեությունը, որոնք ներառում են խաղաղ և ռազմական գործողության պայմաններում ՀՀ պաշտպանության ապահովության գործունեությունների զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման համալիրը»,- 2017-ին խորհրդարանում հայտարարել էր Վ. Սարգսյանը:

Պաշտպանության այդ ժամանակվա նախարարը հավելել էր, որ մասնավորեցվել են Սահմանադրությամբ նշված լիազորությունները: Մասնավորապես, տարբերակվել են ՀՀ վարչապետի լիազորությունները խաղաղ ժամանակ, ՀՀ անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի ու զինված հարձակման դեպքում և պատերազմի դեպքում` արդեն որպես գերագույն գլխավոր հրամանատար:

«Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զինված ուժերի անմիջական ղեկավարը զինված ուժերի շտաբի պետն է, ով զինված ուժերի զինվորական ամենաբարձր անձն է: Ոչ պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի շտաբի պետը ենթակա է գերագույն գլխավոր հրամանատարին: Օրենքով հստակ անջատվել են գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի լիազորությունները»»,- ներկայացրել էր Վ. Սարգսյանը:

Ի դեպ, 2017-ին վերը նշված օրենքի նախագիծն անցել էր լայն հանրային քննարկումներով, իսկ համապատասխան հանձնաժողովում քննարկելու ժամանակ ընդունվել էին մի շարք առաջարկություններ:

Ավելին, նախկինները օրենքի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո էլ բաց էին քննարկումների համար:

Իհարկե, 2017-ին ընդունված և այսօր գործող օրենքում որոշ հստակությունների կարիք կա, օրինակ, 168.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը ասել էր, որ պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ ՊՆ-ին. ինչ է նշանակում՝ «որոշ հարցերով»: Այսինքն, ըստ նրա, օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ՝ նման հարաբերություններում:

Գործող իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե գործող օրենքով պարզ չէ՝ ով է պատերազմի պարտության պատասխանատուն, մինչդեռ իրականում պարզ է, իսկ նման պնդում անող իշխանությունները ոչ միայն չեն վերացնում առկա որոշակի անհստակությունները, այլ ինչ-որ առումով խորացնում են:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր հոդված-անդրադարձում, մասնավորապես, նշում է.

«Անհստակությունը պահպանվում է

Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակվում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:

Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։

Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում «համակարգում է» և արդյո՞ք նշված լիազորությունը իրականացվելու է և՛ պատերազմի չհայտարարման, և՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ:

Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը

Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը: Արդյո՞ք վերոհիշյալ իրավիճակը նույնական է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ և արդյո՞ք փաստացի կարելի է գտնվել պատերազմի մեջ առանց դրա հայտարարման:

Հաջորդ խնդիրն այն է, որ անհասկանալի է՝ գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով՝ ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ»,- գրում է Տոնոյանը:

Այնուհետ Դավիթ Տոնոյանը շարունակում է.

«Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը: Օրինակ՝ նախարարության պաշտպանական քաղաքականության, իրավաբանական, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կամ ֆինանսական վարչության համար, որն առնվազն կգնահատվեր քաղաքացիական վերահսկողության իրականացման կոպիտ խախտում, որը արդարացիորեն նկատվել է Արդարադատության նախարարության կողմից և շտկվել է՝ բացառություններ սահմանելով մի շարք օրենքներում, ինչով որ վերոհիշյալ փոփոխությունը դարձել է զուտ ԳՇ պետին՝ որպես անմիջական հրամանատար, նոր «տիտղոսի» շնորհում, որը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈՒ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փաստորեն, ունենալու ենք պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ առանց ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորությունների:

Նախագծով առաջարկվող կարգավորումը՝ գլխավոր շտաբի պետի՝ ի պաշտոնե պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին, որը ներկայացվում է որպես ղեկավարման ուղղահայացի բարելավում կամ ԶՈՒ ղեկավարման արդյունավետության բարձրացում, առնվազն պետք է իր արտահայտությունն ունենար նույն օրենքի 16-րդ հոդվածում (Զինված ուժերի ղեկավարումը), որը փոփոխության չի ենթարկվում: Դրանով իսկ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում, քանի որ այն հանդիսանում է վերադարձ մինչ 2008թ. գործող ժամանակաշրջանի համակարգին…»:

Այս համատեքստում հավելենք, որ ՀՀ պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ԳՇ պետը լինելու է նախարարի առաջին տեղակալ՝ առանց նախարարին փոխարինելու հնարավորության: Նման հնարավորություն է ունենալու քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի առաջարկությամբ:

Քանի որ զուտ ռազմական տեսանկյունից խնդրին, ինչպես նշեցինք վերևում, մի քանի անգամ անդրադարձել ենք, այս անգամ փորձեցինք այն դիտարկել Սահմանադրությանը հակասել-չհակասելու համատեքստում: Կան մասնագետներ, որոնք հակասություն չեն տեսնում և գտնում են, որ ԳՇ պետը շարունակելու է մնալ ամենաբարձր զինվորական պաշտոնյան:

Մասնագիտական կարծիք հայտնելու մեր խնդրանքին ի պատասխան՝ իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը շեշտեց, որ հարցը և թեման տարողունակ են, և մեկ-երկու բառով հնարավոր չէ կարծիք հայտնել, այնուամենայնիվ, նա մի քանի փաստարկներ ներկայացրեց:

«Հիմնականում խախտվում է Սահմանադրության 155-րդ հոդվածը: Հեղինակները անհարկի շփոթում են «Նախարարին ենթակա լինելը» կառուցվածքային վարչական ենթակայության հետ: Սահմանադրական ենթակայությունը բնավ չի նշանակում բարձրագույն զինվորական պաշտոնյային քաղաքական պաշտոնյայի անմիջական ենթակա դարձնելը: Իսկ վերապահումները ոչ թե լուծում են խնդիրը, այլ հանգեցնում են ներքին հակասությունների խորացմանը: ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ևս վարչապետին ենթակա մարմիններ են, սակայն այդ ենթակայությունը բնավ չի ենթադրում կառուցվածքային անմիջական ենթակայություն»:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանն իր արձագանքում նշել է.

«Եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա, կարծում եմ, այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի և պետության գլխին կարգել որպես գերագույն հրամանատար և չսահմանափակվել այդ լիազորությամբ միայն պատերազմի ժամանակաշրջանով, այլև խաղաղ ժամանակաշրջանով՝ հեռացնելով Սահմանադրությունից պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ենթարկեցումը գերագույն հրամանատարին»:

Ստացվում է՝ առկա խնդիրների վերացման անվան տակ նոր խնդիրների կարող ենք բախվել, իսկ պատերազմը չի ավարտվել: Այսինքն, գործող իշխանությունը իր հաշվարկներն արել է զուտ քաղաքական կոնտեքստում:

Տեսանյութեր

Լրահոս