Իրականացնում են բանակի հետ կապված տարիների ցանկությունները՝ չկա առանձին ԳՇ, կլինեն նոր մատակարարներ 

Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ բանակի մոդելը փոխելու հստակ ցանկությունների մասին մամուլը սկսեց խոսել դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և հատկապես, երբ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին, ըստ տարբեր հրապարակումների, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մերժել էր Փաշինյանի առաջարկը՝ բանակը մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին:

Այսօր արդեն փաշինյանական իշխանությունն այս ուղղությամբ գործուն քայլեր է սկսել: Մասնավորապես, շրջանառության մեջ է դրվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, լրացումներ են նախատեսված նաև մի շարք այլ օրենքներում:

Առաջարկվող փոփոխություններով, ԳՇ պետը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ ԳՇ պետը զինվորական պաշտոն է, և, որ առնվազն գործող Սահմանադրությամբ նա նույն ընթացակարգով չի կարող նշանակվել, ինչպես մյուս փոխնախարարների դեպքում արվում է:

Ի դեպ, փոխնախարարների պաշտոնն այսօր հայեցողական պաշտոն է համարվում:

«Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»,- նշվում է Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ կետում:

168.am–ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը նշեց՝ անկախ փոփոխությունների ձևաչափից, օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:

«Իսկ տվյալ փոփոխություններում նույնիսկ բառ անգամ չի հիշատակվում այն մասին, որ համաձայն Սահմանադրության՝ պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է վարչապետին»,- շեշտեց Պետրոսյանցը՝ միաժամանակ հավելելով, որ ռիսկը ոչ այնքան մոդելի, որքան այդ մոդելում ծառայող մարդու մտածողության մեջ է:

Այսինքն, ինչ մոդել էլ ընտրենք, ինչ բարեփոխում էլ անենք, ոչինչ չի փոխվի, քանի դեռ կոնցեպտուալ մտածողության փոփոխություն տեղի չի ունեցել:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով Պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումը լավագույնն էր համարել, ասել է, որ իշխանությունների շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունների այս փաթեթում, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծում խնդրահարույց բաներ է տեսնում:

«Ես 4 անգամ ընթերցել եմ տեքստը, և չեմ ճարել՝ ով է մեր բանակը ղեկավարելու: Չկա ղեկավար, բանակը թողել են անգլուխ: Գրված է՝ ՊՆ-ն ղեկավարում է զինված ուժերը, եթե ղեկավարում է, նշանակում է՝ ամբողջությամբ պատասխանատու է դրա համար: Երբ կարդում ես՝ ինչ գործողություններ պիտի կատարի նախարարը, դրանք ամբողջական չեն: Ինձ կոնկրետ մտահոգում է՝ ով է պատերազմի ժամանակ որոշում կայացնելու, թե մեր զորքը ինչպես պատերազմի: Կարող են հակադարձել, որ ԳՇ պետի համար որոշակի բացվածք կա, երբ այդ բացվածքը կարդում ես, այն թերի է»,- մանրամասնել է Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարի պարտականություններում չկա, որ նախարարն իրավասություն ունի պատերազմի ժամանակ որոշում կայացնելու:

«Մի տողով գրված է, որ պաշտպանության նախարարը ղեկավարում է զինված ուժերը և մյուս կառույցները, որոնք ենթակա են նախարարությանը: Այսինքն, բանակն անմիջապես ղեկավարում է ՊՆ-ն: ԳՇ պարտականությունների մեջ գրված է, որ ԳՇ պետը պատասխանատու է գլխավոր շտաբի համար, բայց մեկ ուրիշ տողով, որ ինքը օպերատիվ կառավարում է իրականացնում: Օպերատիվ կառավարում հասկացողություն չկա, կա կառավարում և ոչ կառավարում ասվածը: Երկրորդ՝ եթե որպես ՊՆ տեղակալ՝ իրենք վերագրում են, որ ԳՇ պետն է զորքը ղեկավարելու, ապա նշեմ, որ որպես պաշտպանության նախարարի տեղակալ՝ չի կարող դա անել, որովհետև օրենքն արգելում է տեղակալին միանձնյա որոշում կայացնել»,- շարունակել է Մովսես Հակոբյանը:

Փոփոխությունների այս փաթեթով գործող իշխանությունները հասնում են մեկ այլ վաղուց «եփվող» ցանկության՝ գնումների գործընթացը հանվում է բանակի զինվորական մասից:

Մասնավորապես, անցած տարի նոյեմբերի 17-ին ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:

«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:

Այլ խոսքերով, Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ ԳՇ-ն չպետք է խառնվի գնումների գործընթացին:

Ի դեպ, Փաշինյանի իշխանության գաղափարական և ոչ գաղափարական «պարտնյոր» պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, ով նախկին իշխանությունների օրոք էլ է պաշտոններ զբաղեցրել, իր լիազորությունների շրջանակում «կոմպետենտ» է գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարման համար:

Հավելենք, որ մոտ երկու տարի առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։

Մասնավորապես, կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ էր ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ էր նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանար կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել էին և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն էր ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։

Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով»:

Ի դեպ, Tert.am-ի տաղավարում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ըստ էության, ողջունելով նաև գնումների հետ կապված բարեփոխումը, միաժամանակ նշել է, որ ամեն ինչ չէ, որ պետք է պատվիրակել քաղաքացիական կազմակերպություններին, այդ թվում՝ ինժեներական աշխատանքներ:

«Որպես զինվորական՝ ասեմ՝ արգելվում է, որ զինվորի խրամատը, բացի իրենից, որևէ մեկը փորի, իմ խրամատը ես պետք է փորեմ իմ ձեռքով՝ ինձ հարմար կռվելու համար։ Ինչ վերաբերում է սննդին, ապա 44-օրյա պատերազմում դա չի աշխատել, և աշխարհի որևէ բանակում չկա նման բան, որ պատերազմի ժամանակ քաղաքացիական կազմակերպությունը կարողանա իրականացնել թիկունքային և տեխնիկական ապահովում»,- շեշտել է գեներալը:

Իհարկե, երբ ԳՇ-ն գնումների գործընթացին մասնակից էր, ամեն ինչ չէ, որ իդեալական էր, պարզապես խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն կոռուպցիոն ռիսկերից չի խուսափելու, այլև պատերազմական իրավիճակի հետ կապված՝ չի հաշվարկել նաև այլ ռիսկեր: Եվ այս դեպքում, ըստ էության, չի լինելու հակակշիռ ուժ, որը կարող է զսպել այս կամ այն գործընթացը:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարություն է տարածել՝ խոստանալով մոտ ժամանակներս անդրադառնալ ԱԺ ուղարկված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին: Նա մնում է այն կարծիքին, որ Պաշտպանության նախարարը, լինելով կառավարության անդամ, պետք է դուրս լինի քաղաքական-կուսակցական թիմի տրամաբանությունից:

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն ասաց՝ այն, որ գնումների գործընթացին մասնակից են դարձվում մասնավոր և քաղաքացիական կազմակերպություններ, ՆԱՏՕ-ական մոտեցում է: Սակայն բանակի կառավարման մոդելը, որը փորձում է որդեգրել Հայաստանը, ռուսական է, մի տարբերությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ՌԴ-ի դեպքում զինվորական պաշտոն է:

Տեսանյութեր

Լրահոս