Բանակում բարեփոխումների քաղաքական նպատակների և մանիպուլյացիայի մասին. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների հետքերով
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործուն քայլեր է սկսել բանակի կառավարման մոդելը փոխելու ուղղությամբ:
Մասնավորապես, շրջանառության մեջ է դրվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, լրացումներ են նախատեսված նաև մի շարք այլ օրենքներում:
Առաջարկվող փոփոխություններով, ԳՇ պետը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Նշվում է, որ «Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է», և, որ «ԳՇ-ն հանդիսանում է զինված ուժերի, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ՝ նաև այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի օպերատիվ կառավարման մարմինը»:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով Պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումը լավագույնն էր համարել, ասել է, որ իշխանությունների շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունների այս փաթեթում, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծում խնդրահարույց բաներ է տեսնում:
«Ես 4 անգամ ընթերցել եմ տեքստը, և չեմ ճարել՝ ով է մեր բանակը ղեկավարելու: Չկա ղեկավար, բանակը թողել են անգլուխ: Գրված է՝ ՊՆ-ն ղեկավարում է զինված ուժերը, եթե ղեկավարում է, նշանակում է՝ ամբողջությամբ պատասխանատու է դրա համար: Երբ կարդում ես՝ ինչ գործողություններ պիտի կատարի նախարարը, դրանք ամբողջական չեն: Ինձ կոնկրետ մտահոգում է՝ ով է պատերազմի ժամանակ որոշում կայացնելու, թե մեր զորքը ինչպես պատերազմի: Կարող են հակադարձել, որ ԳՇ պետի համար որոշակի բացվածք կա, երբ այդ բացվածքը կարդում ես, այն թերի է»,- մանրամասնել է Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարի պարտականություններում չկա, որ նախարարն իրավասություն ունի պատերազմի ժամանակ որոշում կայացնելու:
«Մի տողով գրված է, որ պաշտպանության նախարարը ղեկավարում է զինված ուժերը և մյուս կառույցները, որոնք ենթակա են նախարարությանը: Այսինքն, բանակն անմիջապես ղեկավարում է ՊՆ-ն: ԳՇ պարտականությունների մեջ գրված է, որ ԳՇ պետը պատասխանատու է գլխավոր շտաբի համար, բայց մեկ ուրիշ տողով, որ ինքը օպերատիվ կառավարում է իրականացնում: Օպերատիվ կառավարում հասկացողություն չկա, կա կառավարում և ոչ կառավարում ասվածը: Երկրորդ՝ եթե որպես ՊՆ տեղակալ՝ իրենք վերագրում են, որ ԳՇ պետն է զորքը ղեկավարելու, ապա նշեմ, որ որպես պաշտպանության նախարարի տեղակալ՝ չի կարող դա անել, որովհետև օրենքն արգելում է տեղակալին միանձնյա որոշում կայացնել»,- շարունակել է Մովսես Հակոբյանը:
168.am–ը ուսումնասիրել է տարբեր տարիների «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքները՝ փորձելով հասկանալ՝ բանակում մեկնարկած, այսպես ասած, բարեփոխումներով, դեպի ուր է գնում, ինչ խնդիր է փորձում լուծել Փաշինյանի իշխանությունը:
1997 թվականի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է.
«Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը` իրենց լիազորությունների շրջանակներում:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում հանրապետության պաշտպանության ապահովման համար, զինված ուժերի ստեղծման, զարգացման և մարտական պատրաստականության»:
Այնուհետ նույն հոդվածում շարունակվում է. «Զինված ուժերի օպերատիվ կառավարման հիմնական մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբն է»:
2008-ի համապատասխան օրենքի՝ զինված ուժերի կառավարմանը վերաբերող 12-րդ հոդվածում նշվում է.
«Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:
Զինված ուժերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը»:
2017-ին ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որում իշխանությունները փորձում են փոփոխություններ և լրացումներ մտցնել, նշվում է.
«Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը»:
Ի դեպ, ՀՀ Սահմանադրությունը ևս հստակ սահմանում է, որ ԳՇ պետը զինվորական պաշտոն է, և, որ առնվազն գործող Սահմանադրությամբ նա նույն ընթացակարգով չի կարող նշանակվել, ինչպես մյուս փոխնախարարների դեպքում արվում է:
«Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»,- նշվում է Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ կետում:
Այսինքն՝ Փաշինյանի իշխանությունը փորձում է հետ գնալ դեպի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակնե՞ր, 1997 թվակա՞ն՝ միաժամանակ, զինվորականների, մասնագետների կարծիքով, թույլ տալով բազմաթիվ անհստակություններ առաջարկվող փոփոխություններում:
Ավելին, իշխանությունները հերթական անգամ մանիպուլյացիայի են դիմում՝ պնդելով, թե շրջանառության մեջ դրված փոփոխություններով, ԳՇ պետին ազատել են կոմերցիոն գործունեություն իրականացնելուց, այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելուց հենց այս տրամաբանության մեջ:
Ոլորտից քիչ թե շատ տեղյակ մարդիկ, մասնագետները կվկայեն, որ 2008-ից, ըստ էության, ԳՇ-ն նման գործունեությամբ չի զբաղվում:
Օրինակ, 2008-ի «Պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածում նշվում է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրությունն ու գնումները, հսկողություն է իրականացնում ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ»:
2017-ին ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում այս մասով գրեթե նույնն է նշված.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրությունն ու գնումները, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ»:
2022-ի հունիսի 23-ի կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները հաստատելու մասին հարցը:
Ներկայացված նախագծում ռազմական նշանակության գնումների իրականացման պայմաններին վերաբերող հատվածում նշված է.
«ՀՀ ԶՈՒ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից ներկայացված գրավոր առաջարկությամբ, որը պետք է ներառի՝
1) տվյալ գնման կարիքի նկարագրերը, որոնք պետք է սպառիչ և բավարար ճշտությամբ պարզաբանեն, թե կոնկրետ ինչ խնդիր է պլանավորվում լուծել այդ միջոցի ձեռքբերմամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել պլանավորված և փաստացի արդյունքները, զինված ուժերում գնման առարկա հանդիսացող սպառազինության և ռազմական տեխնիկայի առկա քանակները (եթե առկա են), դրանց վիճակը, դրանց ավելացման անհրաժեշտությունը։ Ընդ որում, գնման կարիքը պետք է ուղղակի բխի զինված ուժերի մարտական կիրառման պլաններից.
2) սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցի գնման (աշխատանքի կատարման և/կամ ծառայության մատուցման) նախընտրելի ժամանակացույցը՝ նշելով, թե երբ պետք է գնման առարկան հանձնվի պատվիրատուին, նախնական մոտավոր արժեքը, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր աղբյուրը և վճարման ժամանակացույցը, կամ տեղեկատվություն՝ ֆինանսավորման հնարավոր աղբյուրի բացակայության մասին,
3) համեմատական վերլուծություն և հավաստում առ այն, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավոր այլ միջոցների համեմատ, տվյալ միջոցը հանդիսանում է առավել տնտեսող, արդյունավետ և օգտավետ.
4) այլ տեղեկություններ՝ ԳՇ պետի հայեցողությամբ։
5. Եթե որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է ՌՆԳ հետ կապված առևտրային առաջարկ, ապա այն ենթակա է քննարկման 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ հետևյալ պայմանների առկայության դեպքում….»:
Նշվում է նաև, որ ՌՆԳ գործընթացի մեկնարկը սկսվում է նախարարին ուղղված ԳՇ պետի գրավոր առաջարկությամբ՝ նշելով գնումը կատարելու հիմքը և անհրաժեշտությունը:
Դրական որոշման դեպքում, առաջարկը նախարարի համապատասխան մակագրությամբ հասցեագրվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում պատվիրատուի ղեկավարին՝ որպես առաջին հասցեատեր, և ԳՇ պետին՝ որպես երկրորդ հասցեատեր, ի գիտություն։ Բացասական կամ առաջարկը լրամշակելու, կամ պարզաբանելու կամ այլ որոշման դեպքում՝ առաջարկին ընթացք է տրվում ըստ նախարարի ցուցումի։
Դրական որոշման դեպքում պատվիրատուի ղեկավարը հանձնարարում է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանմանը ընթացք տալ առաջարկությանը:
Այս դեպքում ստացվում է, որ ԳՇ-ն ընդամենը պատվիրատու է, ՊՆ-ին առաջարկ-պատվեր ներկայացնող, իսկ թե ԳՇ-ից բանակում իբր իրականացվող ի՞նչ կոմերցիոն գործունեություն են ուզում վերցնել՝ անհասկանալի է: Այսինքն, գործ ունենք զուտ քաղաքական հետին նպատակների հետ:
Այսինքն՝ բանակում գործող իշխանության նախաձեռնած բարեփոխումները բխում են առաջին հերթին քաղաքական անհրաժեշտությունից, ինչի մասին խոսվում է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և հատկապես, երբ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին, ըստ տարբեր հրապարակումների, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մերժել էր Փաշինյանի առաջարկը՝ բանակը մասնակից դարձնել քաղաքական գործընթացներին, որի մասին վկայում են ռազմական որոշ փորձագետներ:
Մասնավորապես, 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով բանակում կառուցվածքի և կառավարման մոդելի փոփոխություններին, ասել էր.
«Սուրեն Պապիկյանին տալիս են ամբողջ ռազմական ուժը, դա վտանգ է Նիկոլ Փաշինյանի համար, օրինակ, ռազմական կամ պալատական հեղաշրջման: Մի գեղեցիկ օր Սուրեն Պապիկյանը կորոշի, որ ինքն ավելի լավ վարչապետ կարող է լինել: Ով էլ մնա պաշտպանության նախարարի պաշտոնում մի քանի տարի, ունենալով այդպիսի ռեսուրս, միանգամից իր մոտ հայտնվելու են վարչապետական հավակնություններ: Հարցն այն է, որ արդեն ԶՈւ-ն քննարկում ենք՝ զուտ որպես քաղաքական գործիք՝ ներքին հարցերում, այլ ոչ թե՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր»: