Ադրբեջանցի պատմաբանների դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ազդանշան է ՀՀ տարածքի նկատմամբ հաջորդ հնարավոր ագրեսիայի համար. Պատմաբան

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հունիսի 5-ին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ երևանյան Կոնդ թաղամասի հետ կապված՝ բողոքելով, թե իբր մշակույթի ժառանգությանը վնաս է հասցվում:

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը համոզված է՝ ադրբեջանական կեղծ թեզերին կարելի է պատասխանել իրական փաստերով:

«Բաքվում գտնված երբեմնի Հայկական թաղամասի և Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական տասնյակ եկեղեցիների պահպանության համար մենք ե՞րբ ենք դիմելու միջազգային կառույցներին: Հայկական թաղամասը շատ հայտնի է եղել, սակայն հիմա ոչինչ չի պահպանվել: 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Բաքվում մեծ ազդեցություն ունեցող հայ գործարարների տները նույնպես ավերվել են: Բաքվից հայկական հետքը լրիվ վերացել է: Այլ, ավելի լուրջ խնդիր կա. պատմական Ուտիքի, Գարդմանի, Գանձակի շրջանների հետ կապված: Այստեղ հսկայական նյութական ժառանգություն ունենք, որի մասին չենք բարձրաձայնում, սակայն պետք է քայլեր անենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մելքոնյանը:

Պատմաբանին մեկ այլ բան է մտահոգում. Երևանի հետ կապված վերջին տարիներին Ադրբեջանի պատմական պահանջներն ամեն տարի ավելի են մեծանում, և ակտիվացման առումով վտանգավոր միտում է տեսնում դրանում:

«Այստեղ խնդիրը մշակույթը չէ, ստեղծվում է վտանգ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է հիմքեր գտնել Երևանում «ադրբեջանական պատմական հետքի» համար: Իսկ ինչո՞ւ է ուզում հիմքեր գտնել. նրա համար, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով միշտ պատմական պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ Սևանի, Սյունիքի ու Երևանի շրջանների մասով: Եվ հիմա, ըստ էության, իմ կարծիքով՝ Ադրբեջանի պատմաբանները ստացել են պետական պատվեր՝ ամեն կերպ հիմնավորելու Երևանում «ադրբեջանական հետքը», որպեսզի հետագայում հիմք ունենան Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ագրեսիա իրականացնելու համար: Կարծում եմ՝ Ադրբեջանի՝ Երևանում հետքեր փնտրելն ունի խորը ռազմավարական նպատակներ, որպեսզի հետագայում արդարացնի այն ռազմական ագրեսիան, որը հետագայում կարող է Ադրբեջանն իրականացնել Երևանի, Սյունիքի նկատմամբ, այսինքն, ՀՀ տարածքի նկատմամբ: Եվ, հետևաբար, հիմա ադրբեջանական պատմագրությունը ստեղծում է «պատմական հիմքեր»՝ Հայաստանի վրա հաջորդ ագրեսիան միջազգային հանրության աչքում այսպես հիմնավորելու համար»,- ընդգծեց Գևորգ Մելքոնյանը:

Պատմաբանը ցավով նշեց՝ մենք ոչինչ չենք սովորել ու սովորում թշնամուց:

«Իսկ ադրբեջանցի պատմաբանների դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ազդանշան եմ համարում հաջորդ հնարավոր ագրեսիայի համար ՀՀ տարածքի նկատմամբ, որովհետև փորձելու են միջազգային հանրության ուշադրությունը դարձնել նրա վրա, թե իբր իրենց մշակութային արժեքներ են քանդվում, և այլն: Պարզ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացված կառույց է, չարձագանքեց Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ավերմանը, բոլոր դեպքերում հակաքայլեր պետք է արվեն համանման կառույցներում, որպեսզի ՀՀ տարածքի նկատմամբ հավակնությունները փորձենք կանխել: Պետք է համապատասխան ավելի ակտիվ աշխատանք կատարել: Այնպես չէ, որ Հայաստանը չունի այդ հնարավորությունը: Ընդամենը ցանկություն պետք է ունենալ ու կազմակերպել: Գումարի խնդիր չկա, որ ասեն՝ չկա: Ընդամենը պետք է ճիշտ կազմակերպել»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս