Մեքենա էի վարում, դրա տակ էին ընկնում, սկսեցի ոտքով քայլել՝ իմ վրայով են անցնում. ինքնագլորների գործունեությունը վերահսկող մարմին չկա՞
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն օրերս խիստ մտահոգիչ վիճակագրություն էր ներկայացրել՝ հայտնելով, որ միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։
«Վերջերս Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:
Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի:
Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի, կարծում եմ, պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով:
Վիճակագրական պատկերը փաստում է, որ լուրջ վտանգված են թե՛ անցորդները, թե՛ վարորդները, և թե՛ անձինք, ովքեր օգտվում են այս տեղաշարժման միջոցից»,- նշել էր Արմեն Մուրադյանը:
Վարորդները մեզ հետ զրույցում նշեցին, որ Քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է իր տնօրինման ներքո գտնվող ճանապարհներն այնպես կահավորել, որ խնդիրներ չառաջացնեն քաղաքացիների համար: Պետք է համապատասխան մայթեր կամ հետիոտնի համար նախատեսված անցումներ լինեն:
«Ամբողջ աշխարհում երթևեկելի գոտիներում արգելված է դրանք վարել: Վարում են մայթերում կամ հեծանիվների համար հատկացված հատվածներում: Սակայն ՀՀ-ում մայթերը նույնիսկ հետիոտնին հարմար չեն: Մեքենա էի վարում, դրա տակ էին ընկնում, սկսեցի ոտքով քայլել՝ իմ վրայով են անցնում»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը՝ ընդգծելով, որ Երևանը հարմարեցված չէ դրանց համար. մայթերը նեղ են, փողոցներում ավտոմեքենաներ են կայանած:
Սակայն Երևանի քաղաքապետարանից նշում են, որ իրենք լիազորություն և լծակ չունեն, Ոստիկանությունից էլ հորդորում են դիմել Կառավարություն:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի փոխանցմամբ՝ այլ երկրներում ինքնագլորները խնդիր չեն, քանի որ հստակ կարգավորման մեխանիզմներ կան:
«Հիմնականում առանձին գծեր կան այլ երկրներում: Որոշ դեպքերում մայթերն են օգտագործել, որոշ դեպքերում՝ փողոցները: Ինքնագլորներից օգտվողները չեն համարվում վարորդ: Հայաստանում լուծման մեխանիզմները պետք է փորձեն միասին գտնել Քաղաքապետարանն ու Ճանապարհային ոստիկանությունը»,- նշեց Դավիթ Պեդանյանը:
Նկատենք, որ էլեկտրական ինքնագլորներ շատերն են վարում, այն կարելի է հանդիպել փողոցի տարբեր վայրերում: Վարձակալության նվազագույն արժեքը 1 րոպեի համար արժե 30 դրամ:
Այն տրանսպորտային միջոց չի համարվում և կարգավիճակով հավասարեցված է հետիոտնին: Ոչ մի երթևեկության կանոնի չեն ենթարկվում՝ ո՛չ հետիոտնային, ո՛չ հեծանվորդային, ո՛չ էլ վարորդական:
Այն նախատեսված է 16-ից բարձր անձանց համար: Սակայն չկա վերահսկողություն՝ կանխելու մինչև 16 տարեկանների օգտագործումը։
Իսկ թե պետական ո՞ր մարմինը պետք է իրականացնի ինքնագլորների վարման կարգավորման հարցերը, պարզվում է՝ հայտնի չէ։ Առայժմ հայտնի է միայն դրանցից տուժողների վիճակագրական աճը։