«Դատախազությունը շատ համառ ձևով մինչև վերջ բողոքարկումներ տարավ, սակայն երեք դատական ատյաններով հաստատվեց, որ պետք է քրեական գործ հարուցվի». Հովհաննես Խուդոյան
2020 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն, բազմաթիվ բնակավայրերում մարդիկ կորցրեցին իրենց տները, քանի որ դրանք հայտնվեցին թշնամու հսկողության տակ։
Շուռնուխ և Որոտան գյուղի տասնյակից ավելի բնակիչներ մնացին առանց տների, նրանցից շատերը չհասցրեցին նույնիսկ իրենց տներից հանել առաջին անհրաժեշտության իրերը։
Օրինակ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Որոտան գյուղ և իրենց հսկողության տակ հայտնված տներից մեկի սեփականատեր Սեյրան Օհանջանյանին հրահանգել էին 1 ժամում ազատել տունը։ Այդ ամենի արդյունքում որոտանցին չէր հասցրել որևէ բան վերցնել սեփական տանից։
Դեռևս 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Շուռնուխի, Որոտանի բնակիչների տներն ադրբեջանցիների կողմից խլելու, ինչպես նաև նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի հիմքով «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Հաղորդումը դատախազությունն ուղարկել էր ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ որոշում էր կայացվել մերժել քրեական գործի հարուցումը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը բողոք էր ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, բողոքը նույնպես մերժվել էր։ Դրանից հետո փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ պահանջելով քրեական գործ հարուցել։
168.am-ը Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է այդ գործընթացը։
«Դատախազությունը շատ համառ ձևով մինչև վերջ բողոքարկումներ տարավ, սակայն երեք դատական ատյաններով հաստատվեց, այսինքն՝ Առաջին ատյանը հաստատեց, Վերաքննիչը բեկանեց և Վճռաբեկը վարույթ չընդունեց, որ պետք է քրեական գործ հարուցվի։ Գիտեմ, որ արդեն հանձնարարություն է տրվել քրեական գործ հարուցելու, գրեթե արդեն մեկ ամիս անցել է, պետք է լրացուցիչ հետաքրքրվեմ, թե այս ընթացքում ինչ գործողություններ են կատարվել։ Այսինքն՝ ամեն դեպքում այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա, եթե փորձեն ինչ-որ ձևերով գործողություններ անել և կրկին կարճել՝ բնականաբար, կրկին կգնանք բողոքարկումների ճանապարհով։ Այն ժամանակ մենք տուժող չենք ներկայացրել՝ ընդհանուր հաղորդում ենք տվել, այժմ փորձում ենք հասկանալ՝ ովքեր են տուժել, ովքեր են դժգոհ, և ում շահերը ներկայացնելու կարիք կլինի։ Այսիքն՝ եթե կգտնվեն այդպիսի մարդիկ, ապա մենք պատրաստ ենք իրենց օգնել»,- նշեց Հ. Խուդոյանը։
Ըստ փաստաբանի, գործընթացին հետևում են։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց կորցրած սեփականությանը, ապա այստեղ, նրա խոսքով՝ կոկրետ պաշտոնատար անձի կամ կոնկրետ պետական մարմնի, որպես հասցեատեր, փնտրել պետք չէ, քանի որ ընդհանուր առմամբ պատասխանատու է Հայաստանը։
«Նա այդ գույքը ճանաչել է իր սեփականություն, բնակիչներին տվել է կադաստրի վկայական և չի ապահովել այդ գույքի անվտանգությունը, եթե նույնիսկ այլընտրանք չկար և պետք է հանձնվեր թշնամուն ռազմական ճանապարհով։ Այդ տարածքների բնակիչները պետք է համարժեք փոխհատուցում ստանային, այլ հարց է, որ գործի քննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է դա հանձնվել։ Իսկ ինչպես գիտենք, դա չի հանձնվել ռազմական գործողությունների արդյունքում ու նույնիսկ չի հանձնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, այլ հետագայում ինչ-որ պայմանավորվածությունների կամ ինչ-որ հրամանների կատարման արդյունքում»,- հավելեց փաստաբանը։
Հովհաննես Խուդոյանը նաև ընդգծեց, որ, գոնե այս պահին ՀՀ դատական իշխանությունը արձանագրել է, որ իրավապահների նման կարծիքը թյուր է, և այդ գործը պետք է քննվի։