Փաշինյանը տվել է իշխանափոխության վերջին շանսը․ բորենիներին պատժելու ժամանակը
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, երեկ կալանավորվեց 2 ամսով։ 18 տարեկանը նոր լրացած դպրոցական տղան դատարանում միայն մի բան է հարցրել՝ կկարողանա՞ դպրոցն ավարտել… Դավիթին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի՝ Մացոյի նախագահությամբ։ Եվ հաշվի չի առնվել ոչինչ՝ ո՛չ տղայի առողջական վիճակը, շուրջօրյա խնամքի կարիք ունենալը, ո՛չ Սահմանադրությամբ ու միջազգային կոնվենցիաներով երաշխավորված կրթության իրավունքի խախտման հանգամանքը, ո՛չ դատարանում հետազոտված տեսանյութերը, որով փաստվել է՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիկնապահը հարվածում տղային, ո՛չ թիկնապահի ցուցմունքն առ այն, որ Դավիթը Փաշինյանին չի հարվածել, և ոչ էլ այն հանգամանքը, որ քննիչները 12-րդ դասարանցի պատանուն կալանավորելու միջնորդություն են տարել դատարան՝ առանց գործի նյութերին ողջ ծավալով ծանոթանալու:
Քննարկել տեղի ունեցածը իրավական որևէ հարթությունում, իհարկե, անհեթեթություն է․ խուժանի գործողություններն իրավական հարթությունում չեն քննարկում։ Խուժանին դատապարտում են ու պատժում։ Բայց երբ խուժանի դերում հանդես է գալիս երկրի բարձրագույն ղեկավարությունը, իրավապահներն էլ դառնում են խուժանին սպասարկող լածիրակ, դպրոցահասակ երեխան հայտնվում է ճաղերի հետևում։
Խուժանապետությունից լածիրակապետության վերածվող Հայաստանն արդեն անցնում է անդառնալիության սահմանագիծը։ Կամ արդեն իսկ անցել է և սպասում է հունիսի 7-ին՝ դեպի անդունդ գլորվելու միակողմանի տոմսի պաշտոնապես հրապարակմանը։ Եթե խուժանը մնա ու լածիրակները շարունակեն ծառայել։
Արդյոք իշխանությունն ու իրավապահ կոչվող մարմինները գործում են պլանավորված այլանդակությա՞մբ, թե՞ հրահանգներ տվողի՝ այլ էություն չունենալու բերումով, երբևէ կբացահայտվի։ Այս պահին խնդիրն այն է, որ սրբությունների պղծման վրա հիմնված այդ այլանդակությունը կոնկրետ քաղաքական շահի է ծառայում։ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանելու համար անցնում է բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքները, թքում է սրբությունների վրա։
Նրա թիկնապահը բորենու նման հարվածում է երեխային (դա պարզ երևում է տեսագրությունում), որից հետո բութ գործիքի վերածված իրավապահներն առևանգում են նրան։ Ցանկացած ողջամիտ մարդու մոտ, անկախ քաղաքական հայացքներից, սա նողկանք է առաջացնում։ Բայց այդ նողկանքը թուլացնում է իշխանության դեմ պայքարողների դիրքերը։ Փաշինյանը խաղում է առանց կանոնների ու դրդում է, որ իր դեմ պայքարողները ևս թքեն սրբությունների վրա։
Բարեբախտաբար, պայքարողների գերակշիռ մեծամասնությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, ունի արգելակներ, կարմիր գծեր, ավելի կամ պակաս չափով սրբություններ։ Բայց ընթացիկ քաղաքական հարթությունում, մասնավորապես՝ ընտրապայքարում, իշխանության լկտիությունը դառնում է մրցակցային առավելություն, որովհետև սրբություններ չունեցող Փաշինյանն ունի ամբողջ պետական ու ուժային կառույցների տիրապետությունը, որոնց նման նողկալի արարքների դրդելով՝ ավելի է սոսնձում իր իշխանության պահպանման համար անմնացորդ ծառայելու գործին․ այսօր բորենու պես իրենց պահող իրավապահները եթե ուղեղի բացակայության պատճառով չեն գիտակցում, ապա իրենց բնորոշ կենդանական բնազդով զգում են, որ Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու պարագայում իրենց հետ վարվելու են, ինչպես վարվում են շակալների հետ։
Ընդդիմության անելիքը տվյալ դեպքում Փաշինյանի օրինակով սրբություններ կորցնելն ու այլանդակվելը չէ։
Ընդդիմությունը կարող է և պետք է դուրս գա ստանդարտ նախընտրական ձևաչափերից ու սոցիալական ցանցերի անիմաստ ճակատամարտերից՝ իշխանության այլանդակությունը դարձնելով փողոցում հանրային զզվանքը քաղաքական արդյունքի վերածելու միջոց։
Բազմաթիվ երկրներում՝ արաբական աշխարհից մինչև արևմտյան պետություններ, հսկայական ցնցումներ են սկսվել ու իշխանություններ են մաքրվել հենց մեկ մարդու նկատմամբ կատարված այլանդակությունից հետո։
Այսօրվա ընդդիմությունը կարող է և պարտավոր է Դավիթ Մինասյանի պաշտպանությունը դարձնել քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը՝ դրան ստորադասելով ընտրական ցանկացած նպատակ։ Դավիթի պաշտպանությունը կարող է ապահովել ոչ միայն նրա վերադարձը մանկություն, այլև Նիկոլ Փաշինյանի վերադարձն այնտեղ, որտեղից եկել է։
Հակառակ դեպքում նրա այլանդակության հանդեպ զզվանքը, նողկանքն ու հայհոյանքը միայն ավելի է ուժեղացնելու նրան։ Այլանդակությունը սնվում է հայհոյանքից, այլանդակությունն ուզում է վերարտադրվել՝ բոլորին Դավիթ Մինասյանի ճակատագրին արժանացնելու համար։
Հարություն Ավետիսյան



