Այդ մարդիկ քաջ գիտեին, որ իրենց ձայնագրում են. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում այսօր անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած 3 հոգու սպանության ելքով միջադեպին՝ ասաց, որ երկիրը հատել է ևս մի գիծ, որը մեզ տանում է ոչ թե դեպի բռնապետություն, որովհետև բռնապետությունն էլ է պետություն, այլ ընդհանրապես պետականության ոչնչացում:

«Իհարկե, մանրամասն տեղյակ չեմ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ ողբերգությունը, այնուամենայնիվ հակված եմ հավատալու, որ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների պատճառով է տեղի ունեցել սպանությունը: Եվ, այլևս ՀՀ-ում ովքեր կարող են քննադատություն հնչեցնել Նիկոլ Փաշինյանի հասցեին, կարող են այդպիսի ոտնձգության զոհ դառնալ, նրանց կարող են գալ և գնդակահարել: Ոստիկանությունն իր անգործությամբ նպաստել է, որ նման դեպք տեղի ունենա»,- նշել է նա:

Փաստաբանն անդրադարձել է նաև երկու օր առաջ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, որը, հիշեցնենք, տեղի էր ունեցել շուրջ մեկ տարի առաջ իր և ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ընթացքում: Երկու իրավաբանների միջև ծավալված խոսակցությունը վերաբերում էր Ռուբեն Վարդազարյանի հետագա պաշտոնավարմանը և նրա հետ կապված քրեական գործերին:

Զարուհի Փոստանջյանի համար զարմանալի բան չկա.

«Զարմանալի չէ, ովքեր ճանաչում են Գագիկ Ջհանգիրյանին, նույն ոճով հանդես է եկել, դա նորություն չէ: Բայց հասարակության մի հատված կա, որը շոկ է ապրում: Այդտեղ խոսող 3 անձինք նախկին իշխանության ներկայացուցիչներն են: 2-ը նախկին դատախազներ են: Ստեփան Միքայելյանը, որն այս պահին Վճռաբեկ դատարանի դատավոր է, իսկ Ռուբեն Վարդազարյանը երկար տարիներ եղել է դատավոր, նույնիսկ Երևանի դատարանի նախագահ: Երկուսը դասախոս են ու խոսում են հանցագործությունների մասին և ասում են, որ այդպես էլ պետք է արվի: Հասարակության մի հատվածը, որը շոկ է ապրում, հասկանո՞ւմ է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Նախկինները՝ բոլորը, իրենց ուժով գործում են, այսինքն, այս պահին էլ արդիական են, պահանջված են: Երբ խոսում են նախկինների, ներկաների մասին, պետք է գիտակցեն, որ կարևորը համակարգային փոփոխությունն էր, այլ ոչ թե՝ անձանց: Առնվազն գաղտնազերծման մասին օրենք պետք է ընդունվի, որ տեսնենք՝ ով ում բարեկամն է: Եթե լյուստրացիայի մասին օրենք չընդունվի՝ չենք էլ մաքրվի այդ կեղտից: Այդ մարդիկ քաջ գիտեին, որ իրենց ձայնագրում են: Նրանց նկատմամբ այնքան ձայնագրություններ կան, եթե այդ ձայնագրությունները չլինեին, Գագիկ Ջհանգիրյանին չէին նշանակի ԲԴԽ նախագահ, Ստեփան Միքայելյանին էլ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր….Միգուցե Ջհանգիրյանի ծառայությունների կարիքն այլևս չկա, դրա համար հրապարակեցին այս ձայնագրությունը»:

Փաստաբանի կարծիքով՝ գուցե և լավ է, որ այս ձայնագրությունը հրապարակվեց, որպեսզի հանրության չտեղեկացված մասն իմանա, թե ովքեր են այսօրվա դատական իշխանությունը ներկայացնողները:

Տեսանյութեր

Լրահոս