2018-ից հետո հարմարվողական դատավորները ոչ միայն մնացին, այլև նրանց տեսակը հաղթեց սկզբունքային դատավորների տեսակին․ Արթուր Ղամբարյան
Իրավապահ և քննչական մարմիններն ու դատախազությունն օրենքի ֆորմալ կարգավորումների տեսանկյունից գործադիր իշխանությունից անկախ և ինքնուրույն մարմիններ են, ու թեև ինստիտուցիոնալ առումով դրանք դուրս են գործադիր իշխանության համակարգից, ֆունկցիոնալ տեսանկյունից ըստ էության գործադիր իշխանության համակարգի մաս են։ Ինստիտուցիոնալ առումով տարանջատված այս մարմինների, իրավապահ համակարգի և գործադիր իշխանության միջև ֆունկցիոնալ կապ չի կարող չլինել, այլ բան, թե այն որքանո՞վ է դրսևորվում կոնկրետ քրեական գործերով։ Արդյոք իրավունք ունի՞ գործադիր իշխանության որևէ մարմին կամ ղեկավար կոնկրետ քրեական գործերով ոչ պաշտոնապես հանձնարարություններ կամ ուղղություն տալու վարույթն իրականացնող մարմնին։ Օրենքը կարգավորում է, որ կոնկրետ քրգործերով գործադիր իշխանության որևէ մարմին նման իրավունք չունի, սա պարզ ճշմարտություն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանը։
«Պետական մարմինները ֆունկցիոնալ առումով իրար հետ փոխկապակցված են, մենք չենք կարող դրանք իրարից ամբողջությամբ տարանջատել, բայց եթե իրավիճակն այնպիսին է, որ գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հայտարարում է, թե ինքն ուղղություն կամ հանձնարարություն է տալիս, ստանում է քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններ, դա կոնկրետ քրեական գործերով միջամտություն է, և նման հայտարարությունն արդեն բավարար հիմք է այդ եզրահանգումն անելու համար։ Գործադիր և դատական իշխանությունների մարմինների հրապարակային հանդիպումները մտահոգիչ են։ Դեռևս տարիներ առաջ խոսել եմ հանրապետության նախագահի հետ դատական իշխանության ներկայացուցիչների հանդիպումների անթույլատրելիության մասին։ Արդարադատությունը կամ դատավորների և դատարանների անկախությունը պետք է հասարակության համար տեսանելի լինի»,- ասաց ՀՀ վաստակավոր իրավաբանը։
«Դեռևս մինչև պատերազմը վարչապետը կառավարության շենք էր հրավիրել դատավորների և ԲԴԽ անդամների, թեև ոչ բոլորն էին գնացել։ Դա զարմանալի քայլ էր, նույնիսկ գնացողները հասկանում էին, որ մասնագիտական տեսանկյունից այդտեղ չպետք է լինեին։ Ինչ պատճառաբանություն էլ բերեն, որքան էլ փորձեն արդարացնել այդ հանդիպմանն իրենց մասնակցությունը, նրանք մասնագիտությանը տիրապետում են, լավ գիտակցում են, որ անընդունելի է նման հրապարակային ձևաչափով կոնկրետ գործերի վերաբերյալ քննարկում կազմակերպել։ Պետք է խուսափել նման հանդիպումներ կազմակերպելուց, որոնցում թեկուզև անուղղակիորեն կքննարկվեն կոնկրետ քրեական գործեր։ Դատական իշխանությունը պետք է նախևառաջ հարգի ինքն իրեն և չընդունի նման հրավերները, որքան էլ դա վախ առաջացնի։ Եթե մասնագիտությունդ հարգում ես, պետք է նման հրավերներից ձեռնպահ մնաս։ Դա մասնագիտական քննարկում չէր, դրա իրական առիթը կոնկրետ քրեական գործերով հրապարակայնորեն ուղղորդումներ տարածելն էր»,- նշեց Արթուր Ղամբարյանը։
Պրոֆեսորի կարծիքով՝ կան բոլորին հայտնի դատավորներ, որոնք և՛ նախկինում, և՛ այս իշխանության օրոք քննում են քաղաքականապես զգայուն գործեր և կայացնում այնպիսի որոշումներ, որոնք ակնկալվում են քաղաքական իշխանության կողմից, և դա նորություն չէ մեր դատական համակարգի համար․
«Նման դատավորները տարբեր շրջանակներում ընդունում են, որ եթե քաղաքական իշխանության տեսանկյունից այդ գործերն ավելի զգայուն են, իրենք էլ պետական մեխանիզմի մի մաս են, և հակադրվելը ճիշտ չի լինի։ Նրանք փորձառու են այդ հարցերում և շատ լավ հասկանում են, թե քաղաքականապես զգայուն գործերով ինչ որոշումներ պիտի կայացնեն, և կայացնում են։ Նրանք դա համարում են օրինաչափ, չեն կարծում, թե անում են մի բան, որն օրենքի, արդարության և իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է։ Այդ դատավորները ոչ միայն 2018-ից հետո մնացին, այլև նրանց տեսակը հաղթեց սկզբունքային դատավորների տեսակին»:
«Այսօր դատական համակարգում ունենք երիտասարդ դատավորներ, որոնք «նեոմացոյականության» գաղափարախոսության կրող են։ Նրանք կրկնում են այն դատավորների վարքագիծը, որը ենթակա չէ կրկնության։ Իրավական համակարգի առաջընթացի ու զարգացման պայմաններում այդ տեսակի դատավորները մի քանի տարի առաջ արդեն պարսավանքի առարկա էին դառնում, նրանք փորձում էին նմանվել նոր սերնդի անկախ, գրագետ դատավորներին։ Հիմա նորից վերադարձել ենք այն կետին, երբ այդ տեսակի դատավորների մոտեցումն ու աշխատաոճը կրկնօրինակման ենթակա է դառնում նոր սերնդի դատավորների համար։ Տեսեք, թե ովքեր են այսօր նշանակվող դատավորները, քննեք նրանց անցած ճանապարհը։ Հատկապես կալանք տվող դատավորներին մինչև նրանց նշանակումը պետք է տանել ՔԿՀ և մի ամբողջ օր այնտեղ դասընթաց անցկացնել, որ հենց այդ շենքի պայմաններում հասկանան իրենց գրչի մեկ հարվածի ծանրությունը»,- ամփոփեց Արթուր Ղամբարյանը: