Բաժիններ՝

Մի շարք գործարքներ կանխիկ եղանակով կատարելու դեպքում դրանք կարող են առոչինչ համարվել

Հայաստանում հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կատարվեն կանխիկով, ապա այդ գործարքները կարող են ճանաչվել առոչինչ, անվավեր: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

2022-ի հունվարին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Սա վերաբերում է օրինակ գույքի օտարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ 500 հազար դրամը:

«Այդ կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքները կատարվեն անկանխիկ եղանակով: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, ապա դա կհանգեցնի գործարքի առոչնչ լինելուն: Սա նշանակում է, որ այդ գործարքը կլինի ի սկզբանե անվավեր, կհամարվի չկնքված և չի հանգեցնի այն իրավական հետևանքներին, որոնց նպատակ են ունեցել կողմերը հասնել գործարքը կնքելիս»,-ասաց փոխնախարարը:

Այս պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները: Սա նշանակում է, որ, եթե դատարանը գտնի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ, եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացածի արժեքը դրամով: «Այդ կարգավորումը գործելու է նաև այն դեպքերում, երբ գործարքը մասնատվում է և մաս-մաս է վճարվում՝ օրենքի պահանջներից խուսափելու համար: Այդ դեպքում նույնպես գործարքը կհամարվի առոչինչ»,-ընդգծեց Թումանյանցը:

Բացի այդ նախագծով հստակեցվել է, որ տնտեսավարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում՝ բացառությամբ կրպակների: Իսկ ինչ վերաբերում է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների՝ օրինակ էլեկտրոնային դրամապանակների միջոցով անկանխիկ վճարման ընդունմանը, ապա տնտեսավարող սուբյեկտները դրանով կարող են վճարումներ ընդունել՝ իրենց ցանկությամբ:

ՔՊ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը փոխանցեց քաղաքացիների մտահոգությունը, բողոքները. գյուղական բնակավայրերում չկան սարքավորումներ, որ օրինակ թոշակառուները կարողանան քարտերով վճարել և սահմանված չափով գումարի հետվերադարձի հնարավորություն ստանալ: Փոխնախարարն ասաց, որ նախագիծը և ընդհանուր օրենքը որոշակի չափով այդ հարցը լուծում է, եթե խոսքը 300 հազարից ավել գումարով գործարքի մասին է: Եթե այդպիսի գործարք է իրականացվում, ապա POS տերմինալ ունենալը պարտադիր պայման է, հակառակ դեպքում ՊԵԿ-ը կտուգանի տնտեսավարողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս