Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպումից հետո մեկնաբանություններ է արել ՌԴ- Ուկրաինա հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելուն և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը բանակցությունների միջոցով բխում է ողջ միջազգային հանրության շահերից։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր բանակցային գործընթացի վերսկսման համար (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև.-խմբ) ավելի դրական մթնոլորտ է ձևավորվել, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի մատակարարումների հարցին՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան իրատեսական է համարում Սեւ ծովում «հացահատիկային միջանցքի» ստեղծման ծրագիրը։

Չավուշօղլուի խոսքով՝ պատերազմը (Ուկրաինայում.-խմբ) ոչ միայն սպառնալիք է նավատորմի և առևտրի համար Սևծովյան տարածաշրջանում, այլ նաև հղի է ավելի լայն խնդիրներով։

«Միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ տարբեր գաղափարներ են առաջ քաշվել։ Վերջիններիս թվում ՄԱԿ-ի ծրագիրը: Սա ծրագիր է, որը նախատեսում է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ հատուկ քառակողմ համագործակցության մեխանիզմի ստեղծում, որը ենթադրում է նաև նավերի ստուգում։ Թուրքիան այս ծրագիրը համարում է իրագործելի ու կենսունակ։ Սակայն դա, առաջին հերթին, պահանջում է Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությունը»,- ասել է Չավուշօղլուն։

«Մենք մեր հերթին հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանդիպում կազմակերպել Ստամբուլում՝ քննարկելու ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի մանրամասները։ Թուրքիան նաև միանգամայն օրինական և արդարացված է համարում ռուսական կողմի պահանջները՝ վերացնել Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների արտահանման խոչընդոտները՝ Ուկրաինայից հացահատիկի, արևածաղկի և արևածաղկի ձեթի փոխադրումն ապահովելու դիմաց»,- շարունակել է նա։

«Փաստն այն է, որ այս գործընթացն ի վերջո ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ նավերի ապահովագրությունը, նյութատեխնիկական ապահովումը, տրանսպորտային ծառայությունները և բանկային գործառնությունները: Այսինքն, եթե աշխարհին պետք է ապրանքներ Ուկրաինայից և Ռուսաստանից, մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ճանապարհ բացենք մատակարարումների համար։ Կարեւոր է ստեղծել մեխանիզմ, որը կապահովի բոլոր կողմերի շահերը»,- պարզաբանել է նա։

Տեսանյութեր

Լրահոս